Անատոմիական լաբորատորիայում կողք-կողքի
քանի-քանի գիշերներ են
լուսացրել տղամարդու եւ կնոջ կմաղքները՝
ժամանակի քմծիծաղի մեջ։
Երբ տղամարդու ձեռքը դրի կնոջ ուսին,
կնոջ ձեռքն ակամայից
գնաց դեպի տղամարդը, նրա ծնկներից վեր։
Ուսուցչուհին, որ ինձնից մեծ էր ընդամենը 1 տարի
3 ամսով (երկտարեցիության փայլուն համբավ ունեի),
դասարան մտնելուն պես
ինձ մի տաք ապտակ հասցրեց։
Բայց ես չեմ զղջում արարքիս համար, որովհետեւ երբ
վերջում գնացի ուսուցչուհուց ներողություն խնդրելու, որը
փակվել էր սենյակում եւ, չգիտեմ ինչու, լալիս էր,
նա բռնեց ձեռքս ու անօգնական սեղմվեց ինձ՝
ժամանակի քմծիծաղի մեջ։
Մթնշաղ էր, գեղեցկուհի լույսը կամաց-կամաց
իր վրա փորձում էր ամռան թափանցիկ գիշերաշորը։