Մե՜ղքը, մե՜ղքը
«Գիր տարւոյն»-ը արդեն շատ աղեկը ցույց չէր ի տար։ Հովերը փլեր էին։ Տեր Պողոսին աչքը ընկած տեղը կպաղեր։ Խորանին վրայեն օրը-օրին մարող ճրագները ալ երկրորդ անգամ լուսող չէին ունենար։ Գեղը փրոտն էր եկեր։
Ծերունի ավագերեցը դեռ կկասկածեր, որ աշխարհի վերջը հասած ըլլա արդեն, այդ պատճառով հավանականություն մը կորոճար, թե մյուս տարին ալ Գոգն ու Մարգոգը ըլլան եկողը։
Տեր Պողոսեն զատ ուրիշներ ալ կային, մեկ եկեղեցիին մեջ. տասը, տասնմեկ քահանա, որոնք օրվան ան ժամավեր համաճարակեն իրենց ծխատուները կարելիորեն ազատ պահելու կանխազգուշությունով, առտու իրկուն քիչ մը ավելի կանուխ կերթային եկեղեցին, ցերեկային այցելություններով ալ քիչ մը ավելի երկար մնալ ու մտմտալ կստիպվեին ան իրենցիններուն մոտը։ Բայց սամույրը մտած էր հավբունը ու հոն տեղավորված ալ։
Ժողովարանը այնտեղ հայ ժամեն քիչ մը անդին օրըստօրեաբար շեննալու հաջողության մեջ, դեպի ուր ամեն օր նոր ճամփորդ կար, քահանա հայրերուն դեմքը աշնանային մթություններու արցունքոտ թախիծովը կծածկեր կամ ծածկեր էր արդեն։
— Ի՛նչ պիտի ըլլի վերջը, տեր Ղազա՛ր, վարդապետը ձեռք մը չպիտի՞ երկնցնե, սրվոնց առաջքը չպիտի՞ առնե, բաներն ասանկ երթան նը, վաղը կերվա, որ մենք ալ Տեբոյենց բակերը պիտի երթանք, աղոթենք։
Ավագերեցին հուսահատ հարցումը քահանաներեն մեկուն, որը ինչքան ալ խորունկ հասկցողի համբավ վայելեր գեղին երդիքներուն տակ, բայց կվարաներ, կամ արդեն չէր կրնար տալ վճռական պատասխան մը, քանի որ չերևակայված զուգադիպություններով նույն միջոցներուն ինքն ալ օրվան առաջնորդ վարդապետին հետ խոսքը մեկ ըրած՝ գաղտնի բանակցություններ կկատարեր Պապական Գերապայծառին մոտը: Վարդապետը Պատրիարքարանեն քեն ըրած էր, քահանան ալ իրեններեն ցաված՝ ծառաստանի վեճերու հետևանքով մը, երկուքն ալ պապականություն ընդունելու որոշումին հանգած էին։
Ավագերեցը հետևաբար, շատ ավելի ինքն էր, որ մինակ կմնար այն երևույթներուն հանդեպ, մինչև իր երիկամունքներեն խշխշացողը։ Իսկ մյուս իր պաշտոնակիցները,― որոնք հասարակ գեղջուկե մը զատվելու համար ոչինչ ունեին իրենց ներսովն ու դրսերևույթովը,― անոնք ալ ահա իրենց խոստովանաորդիներուն տեր մնալու գորովանքով, դեռ եթե վերջին միջոց մըն ալ կրնային խորհիլ, ան էր, որ շաբթվան մեջ մեկ-երկու անգամ ծխատուներեն առաջավոր ճանչցված դեմքերը տուն հրավիրելով, անոնց ի պատիվ ճոխ-ճոխ սեղաններ կսարքեին, որ ատեն, խնծղոտ վարձկաններ, գինին երեցկինին ձեռքով խմողը իր զվարթ կափկափներուն մեջ, հյուրընկալ տերտրուն կռնակը կծեծեր, անոր երեսին անգամ մըն ալ ըսելու կամ իր տաներեցը անգամ մըն ալ վստահացնելու, թե բոլոր գեղն ալ եթե հավատքն ուրանա, ինք վերջինը պիտի մնա։ Երդում սուրբ բաժկիին վրա, երդում մանավանդ այն լոս հացին վրա, որ ինք վերջինը պիտի մնա։
Ու հաճախ գինիով ողողուն այդ սեղաններուն վրա, փրոտի մը ներքին ու արտաքին տարօրինակությունները զարմանքի ու հեգնության առարկա եղած՝ խոսքին հետ մինչև լույս առավոտ, բղողին ալ տակը կբերեին։ Անոնց համար տարօրինակ որ՝ Աստուրին Այրոնը՝ երեկվան հավգողը, սուրբերուն բարեխոսություն կուրանա, տարօրինակ, որ մրուր ծծող Թ.–ենց Թումիկը գինին օձ ըլլիլը կքարոզե։ Պահքն ի՛նչ է, պատարագն ի՛նչ է, մեռոն, մկրտությունն ի՛նչ է, ասոնց վրա խոսող տնօրենն ալ այն Մելխասը, որ վեց ամիս առաջ, աղբորը որբը, մորմե մերկիկ՝ տունեն դարս քշելու անգթությունը կընե։
Դեռ ինչե՜ր, ի՛նչ տարօրինակություններ, որ ան Տեբոյենց բակերը աղոթելու վազող փրոտի մը հոգիով նորոգվածի մը հատկանշությունը կոսկեզօծեին։
Անգամ մը, ակնարկված այն տարօրինակ նորույթներու կարգին, գլուխգործոց մը ցուցադրելու համար, եկեղեցիեն հեռացողներն ի՞նչ կրնային ընել ուրիշ, որուն ան ատեն մենք ալ մեր պզտիկի թարթիչներուն տակեն հանդիպաբար ականատես կըլլայինք: Չեմ մոռցեր։
Գինին օձ ըլլալը հավատացողներուն կարգին մասնավորապես եթե եղան անանկներ, որ իրենց խաղողաբեր այգիները քակեցին ու մշակելի արտերու վերածեցին, ոմանց նույնիսկ խաղող չուտելու անգամ թունդ ուխտը ըրած, բայց դեռ կհամրվեին անանկներն ալ, շատ ավելի սկսնակ հավատափոխները, որ այն տարին, ինչպես կպատահեր, առատ ալ գինի դրած էին ու սակայն ձեռվնին վրա չէր երթար, որ վերջապես ջուր մը դնեին կարասներուն գլխուն, որոնց հատակեն մինչև պռկունքը կարմիր օձն է, կեռա, կսպառնա. ի՛նչ ընեն, ի՛նչ կրնային ընել, քանի որ մյուս կողմեն շատ առիթներով իրենց հասցեին մեղադրանքներ ալ կըլլային եկեղեցիի անդամ ավագ եղբայրակիցներուն կողմեն։ Կիրակե առտու մը հայ ժամվորը եկեղեցիեն դուրս ելած՝ ճամփու վրա, տեսաբանին ու տարօրինակության բոլորովին խելահեղիչը կունենա առջևը: Այն կողմե, ժամուն ալ մոտիկ նեղ փողոց մը, որուն երկայնքին ու երկու կողմերուն վրա ամրողջությունովը նորահավատներու տուները բռներ են, դուռներուն առաջքը լեցուն հակերու դիրքով կայնեցված մեծ-մեծ կարասներ կտեսնվին։ Կարասներ, ես ըսեմ տասը, դուն հասկցիր քսան ու ավելի թիվով, փեթակի չափ խոշոր, խոշորափոր բաներ։ Ասոնց ամեն մեկուն կուշտին ալ, սոթթված թևերով մեյ-մեկ հոգի կեցած՝ խազը խորհրդավորության մեջ վերջացնելու համար իրար հասկցող աճպարարներու սպասանքը ունին կկարծես, և որոնք հետզհետե ժամեն ելլող ու ստվարացող բազմության կողմը լայն աչքեր մը կբանան։ Թափեցե՜ք… ճաթռտած կոկորդով ձայն մըն է կերկննա: Նշանը տրված է, ու մեկեն մեկանգամով այն փեթակի պես բաները փորերնուն վրա կշրջվին, գետին նետված ահագին գոմեշներ, որոնց կտրված շլլինքներուն աղբերացող արյունը իր վերջին կաթիլովը դուրս խուժել ուզե, այո երևույթը ճիշտ ու դուռներուն առաջքը վայրկենապես կարմիր ծով մը կկոհականա. աչքդ անգամ մըն ալ կբանաս, որ այս ծովը այն ինչ ուղղությամբ կարմիր գետի մը ընթացքը առած վազելու ասպարեզ կփնտռե, գալարքի ցավով մը կվազե, ու այդ վազքին մեջ վիրավորված վիշապի մը զայրույթովը կֆշշա: Մեծ օձը, կարմիր մեծ վիշապն էր այն թողվածը, այո՛, որը հոն կերթա ու հողին ու աղբին մեջ իր անէանալու տեղը գտնե։ Այդ գործին հեղինակները հաղթանակը տանողի հպարտ ոռնումով մը կպոռան անոր ետևեն, մե՛ղքը, մե՛ղքը, մե՛ղքը…
Տեր Պողոս խենթերու այդ արարքին ի տես, կեցած տեղը կաթվածահար ըլլալու նոպա մը կանցնե։ Խենթեր, որ մայրերե չեն ծնված, հիմարներ, որոնց մեկ հատը դժոխք մը կլեցնե։ Ամեն բան, ամեն սրբություն, ոտքի տակ առնելու անօրենության հետ, հիմա ալ չլսված, չտեսնված ամպարշտություն, սուրբ բաժկին է, որ հողին ու աղբին հետ կխառնեն։ Շուտ ըրե՛ք, կըսե, տղա՛ք, քովիններուն, շուտ անցնէինք սա տեղերեն, որ գլխընուս վրա կրակ չթափեր։
Այն օրեն ի վեր, քանի տարի անցեր է, չեմ գիտեր. իմ գիտցածս ան է միայն, որ այն հայ գեղին մեջ հեշտ պիտի ըլլար հիմա հաշվելը, թե մեղքերու քանի տեսակները կգործեին գեղացիք` ընդունված գրության մը սովորականությունով, զոր լվալ ստըկցնելու համար Եփրատի ջուրն ալ չպիտի օգտեր կարելի է։ Իմացված քրիստոնյա կյանքը ոչ ժամուն ժողովուրդը կապրեր հոն արդեն, ոչ ալ, ավա՜ղ ժամեն հեռացող դասալիք այն հատվածը գիտցավ բան մը ըներ: Հոն աս վերջինները մանավանդ այնչափ տարիներ աչքերնին բեմին ոսկեզօծ ավետարանին վրա սևեռած պահելով մեկտեղ, մեղքի տեսակներու ու անոնց հետևանքին վրա միշտ նույն բեմեն ամեն օր բաներ մը լսելով մեկտեղ, հիմա իրենց ու մյուսներու բարոյականի աստիճանաչափը որ տեղեն կամ որ դիրքով պետք պիտի ըլլար դիտել, որ զգալի տարբերությունը ձեռվնիս իրենց համար նպաստավոր խեցեվճիռ մը փորձեինք։ Տարիներ առաջ ջնջած այգիներուն վրա այսօր իրենք են, որ կուլան։
Ու մեղքերը… քանի՛ աեսակ ա ի՛նչ եղանակավորված ձևերու մեջ։
Ցավելով կգրեի աս տողերը կամ բնական էր, որ խորունկ հոգոցով մը սկսեի այն ատեն, ուր կարասները կոտրվելով, անոնց մեջեն օձ-մեղքը եղավ դուրս նետածնին, որը հետո իր ձագտիքներովը պիտի վերադառնար ու սողոսկեր իրենց դեմքերեն ներս, ան ատեն ճիշտ, կամ անկե վերջը հետզհետե, ավելի աղեկ չպիտի՞ ըլլար, որ բաներ մըն ալ իրենց միսեն ու ոսկորներեն փրցնեին նետեին: Այդ միսերը, այդ մորթերը, անոնց տակ ծածկված կնճռոտ բնազդն ու ոսկրացած բարոյական խեղությունները, նախ ասոնց վրա կատարեին հիմնական փոփոխությունը քարոզված ավետարանին մաքուր ազդեցության ներքև։
Տարիներ անցնելե վերջ կըսեմ, կարգ մըն ալ մեզի չէ՞ր արվեր, որ մենք ալ հիմա պոռայինք, մե՛ղքը, մե՛ղքը, դեռ նույն մարդը, դեռ նույն տգեղությունը, նույն մութ նկարագիրները, աջ աչքերու, աջ ձեռքերու նույն մեղքը տակավին, որ կա ու կմնա գեղին բոլոր հայ համայնքին մեջ հավասարապես։
Շիտակ չէր ուրեմն, որ ըսեինք թե՝ հոն իրավ որ ո՛չ հայ քահանան կրցեր է բան մը ընել, ոչ ալ պատվելի քարոզիչը կարող եղեր է քրիստոնեական շինիչ բարոյական մը մշակել, գոնե ինչպես հասարակ կորեկ մը կմշակեին։
Եվ ինչո՞ւ…
1904