Մեզ առաջնորդում են մեր տառերը
ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԱՌԵՐԸ
Մեր առաջին երկրապահները, դրանք մեր տառերն են։ Եվ կարծում եմ, արցախյան հերոսական գոյամարտում մեր ժողովրդի տարած հաղթանակը հին է այնքան, որքան Ամարասի պատերի վրա դաջված մեսրոպյան գրերը, նոր է այնքան մեր հաղթանակը, որքան մեր նահատակված տղաների սուրբ հուշաքարերին գրված մեսրոպյան գրերը, միշտ ժամանակակից է, որքան տողերը Չարենցի.
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միեւնույն պահին
Պայծառ է նա որպես մշտաբորբոք փարոս՝
Վառված հրով անշեջ դարերում հին։
Մաշտոցը մեր գրերը ստեղծել է այնպես, որ ամեն մի տառ ոչ միայն իր հնչյունն ունի, այլ նաեւ իր ձայնը, ձայն, որը մեզ անվերջ կանչում է Ծովից ծով Հայաստանի բոլոր ծագերից, մեր պարիսպների ու վանքերի, հուշարձանների սրբագիր վեմերից ու քանդակներից։ Եվ տառը մեզ փոխարինում է կորսված երկրում, զինվորյալ է այնտեղ, որ մեր անխաթար վերադարձն ապահովի։ Եվ մենք պարտավոր ենք գնալ այդ ձայնի վրա, ճանապարհը բացված է, ճանապարհն Արցախն է։
Իհարկե, 1600 տարին քիչ ժամանակ չէ, բայց տարին պատմության համար ակնթարթ է, եւ կարծես թե երեկ էր, որ մեր մասնակցությամբ Մաշտոցը դպրոց բացեց Ամարասում։ Եվ ամեն տառ գրելիս, մենք մշտապես մասնակցում ենք Մաշտոցի հետ հայոց գրերի ստեղծմանը։
Մենք 1600 տարի է՝ գնում ենք Մաշտոցի հետքերով եւ մեր ուղին անկասելի է, որովհետեւ հայոց լեզուն «տունն է հայու»։ Մաշտոցը ոչ միայն հանդիսացավ մեր թարգմանական գրականության («Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»), այլ նաեւ հանդիսացավ ինքուրույն գրականության հիմնադիրը՝ իր իսկ ստեղծած տառերով.
Մեղա քեզ, Քրիստոս, Աստծո որդի,
Թողություն տուր իմ բազում մեղքերին։
Աչքալուսանք՝ բոլորին, մեր ժողովրդին՝ Մաշտոցյան գրերի եւ Ամարասում դպրոց հիմնադրելու 1600-ամյակի կապակցությամբ։ Մայր Հայաստանի գրողների միության հետ միասին մշակել ենք պլան՝ ամեն տարի Ամարասում անցկացնել թարգմանչաց տոն, պոեզիայի տոն՝ դրանով իսկ խունկ վառելով Մաշտոցի սուրբ հետքերի վրա։
Մեր ճանապարհը մեր գիրն է, մենք մեր այբուբենի ճամփորդներն ենք եւ մեր ճանապարհը հավերժական է, որովհետեւ այն կատարյալ խոսքը, որի համար Մաշտոցը ստեղծել է մեր տառերը, մեզ միշտ սպասում է առջեւում, այդ խոսքին դեռ չենք հասել։