Ակացիաների մեղրաբույրի մեջ
աստղերի պես
շարժվում են բառերը։
Եվ ծառերը ցավի միջով ընձյուղվում են
դեպի խորքը երկնքի,
որի կապույտը՝ լուրջ-անվիճելի,
հեռու է, անշուշտ, համեստ լինելուց։
Ես հաշիշով, բալասանով
օծում եմ ինձ տրված օրը,
շրջում եմ դեմքս օրվա համբույրից՝
թե որ չի բերում
նա շունչը տաք ու անանձնական ուրախության։
Ակացիաների շուքի տակ ժողովում եմ
ըղձանքներ երանական,
երկիքների տակ ժողովում եմ լեռները հայոց,
երկիրս դարձնում խորհրդարան լեռների,
նրանցից փերթ առ փերթ պոկում եմ
զանգվածներ սիրո,
որոնցով պիտի ես կարգավորեմ շնչառությունս,
ընթացքը իմ արյան։
Եթե աշխարհը ելումուտ ունի այն դռներով,
որ ես եմ բացել եւ, հետեւապես, նման են ինձ շատ,
նշանակում է՝ տերն ինձ լսել է
եւ տվել է ուզածներս ձեզ համար։
Ինձ ոչինչ պետք չէ։
Ամեն մի երգի
դուք մի վստահեք։ Բառերը կյանքում
դրոշ չեն, քանի
չեն ներկված նրանք պոետի արյամբ։
Ես գնում եմ դեպի լույսը հավերժության
Եվ իմ թեւերից
բարձրանում են ակացիաները սիրո։