ԶԱՐՄԱՆԱԼԻ


Եվ զարմանալի կապույտ է ծառը,
        դա երկնքից է,
              դա առվակից է,
        դա եւ երգից է։
Եվ սակայն սեւ է, եւ սեւ է ցավը,
եւ ես չգիտեմ, թե դա ինչից է։

Եվ զարմանալի կապույտ է ժամը.
        դա կարոտից է,
        դա երազից է,
        դա անհունից է։
Եվ սակայն սեւ է, եւ սեւ է ցավը,
եւ ես չգիտեմ, թե դա ինչից է։

Եվ զարմանալի կապուտ է տունը,
        ուր ես չեմ հասել,
        ուր դու չես հասել,
        ոչ ոք չի հասել։
Եվ սակայն սեւ է, եւ սեւ է ցավը,
եւ մենք չգիտենք, թե դա ինչից է։

Իսկ ինչ գիտենք մենք՝ ոչ ոք չգիտե,
        գիտե ծառը լոկ,
        գուցե թե՝ ժամը,
        եւ մեկ էլ տունը։
Եվ ցավն, ասում են, սրտի պես չէ սեւ,
աչքի պես է սեւ, եւ լույսո՜վ է լի։