Մեծ խնդիր
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 202
ծ. ― էջ 603
ՄԵԾ ԽՆԴԻՐ

Եվ ահա Քրիստոսի 1910 թվականին մենք կանգնած էինք երկու մեծ փորձանքի առաջ։

Մինը, որ մեր փոքրիկ երկրագունդը պետք է անցներ Հալլեի գիսավորի ահռելի պոչի միջից, ինչպես մոծակը ամպի միջից, և եթե հաջող չանցներ, ընդհարումից կարող էր աշխարհքը քանդվել. մյուսը, որ էս փոքրիկ երկրագնդի վրա գտնվող Համբարձում Առաքելյանը պետք է անցներ Մողնու ծխականների ժողովում պատվիրակ, եթե սա էլ հաջող չանցներ, դարձյալ պետք է աշխարհքը քանդվեր, եթե ոչ ամբողջ աշխարհքը, գոնե հայոց պստլիկ աշխարհքը, եթե հայոց աշխարհքն էլ չքանդվեր, Մողնու ժողովը որ պետք է քանդվեր, եթե ժողովն էլ ճար չեղավ քանդելու և կայացավ ու ընտրություն եղավ, ընտրությունը պետք է անպատճառ քանդվի, իսկ եթե էդ էլ չհաջողեց, հայ դժբախտ ընթերցողների ջղերը հո կան ու կան, թող քանդվեն ու քայքայվեն, արյունները պղտորվի, մաղձները խառնվի Կովկասից Ամերիկա, Եվրոպայից Հնդկաստան. ինչո՞ւ. որովհետև Հ. Առաքելյանը չի ընտրվել...

Էսպես է. հայոց մամուլի մեջ էլ արդեն դարձել է տրադիցիա, կարգ ու օրենք։ Ընթերցողներն էլ էս գիտեն։ Հ. Առաքելյանը շարունակ իր մասնավոր, անձնական խնդրի շուրջը փոթորիկներ պիտի հարուցանի, սրան-նրան հայհոյի, տպի, ուղարկի բաժանորդների տները, որ վայելեն։ Նրանք էլ գիտեն, որ էսպես է կարգը, պարտավոր են և մինչև անգամ դրա համար փող պետք է վճարեն։

«Մշակի» բաժանորդը լինելու չափ մի դժբախտություն է Թիֆլիսի Մողնու եկեղեցու ծխական լինելը, որովհետև Հ. Առաքելյան Մողնու ծուխն է։ Եվ ահա դա ամենաաղմկալի եկեղեցիներից մինն է, եթե ոչ առաջինը։ Ամեն անգամ, երբ էդ եկեղեցու ծխականները ժողով կունենան, թե Հ. Առաքելյանին ընտրեցին—շատ լավ, թե չէ հո—պրծանք։ Դե վազեցեք առաջնորդարան, առաջնորդարանից սինոդ, սինոդից կաթուղիկոս, գրագրություն, մամուլ, դատարան... Բայց մեծ դժբախտությունը ո՞րն է, որ թեկուզ ընտրեք էլ, նա առանց մի անհամություն ու աղմուկ սարքելու տուն չի գնալ։ Եվ ավելի զարմանալին էն է, որ չեն հոգնում ոչ նա ինքը, ոչ նրա հետ աղմկողները, ոչ էլ նրա աղմուկները կարդացողները։

Ահա այժմ էլ Մողնու եկեղեցին, Հ. Առաքելյանը և հայոց աշխարհքը պետք է զբաղվի էդ մեծ խնդրով։ Նա կռվեց, բողոքեց, հայհոյեց, դուրս գնաց, նրա ետևից գնացին ժողովականների մի մասը, «Մշակի» № 116-ում տպվեց էդ ժողովի մասին, «Հորիզոնում» տպվեց, «Սուրհանդակում» տպեց, նորից «Մշակի» № 118-ում գրվում է, հայհոյանք, «թայֆայականներ», Տեր-Վարդանը Հ. Առաքելյանին է դատի կանչում, Ա. Առաքելյանը նրան, և արդեն ծխականների «առողջամիտ ու բարեկիրթ» մասը, ինչպես ասում է «Մշակը» բողոք է ներկայացրել առաջնորդին ու խնդրում է «անգո համարել» էն ժողովը, երկրորդ ժողովը, որ կայացել է իրենց հեռանալուց հետո, 63 ծխականի մասնակցությամբ։

Ինչո՞ւ. պատճառը—Հ. Առաքելյանը։ Թայֆամայֆա, ինչ որ ասում են, բոլոր սուտ բաներ են, եթե կուսակցության մտքով հասկանանք ու լուրջ իմաստ դնենք էդ բառի մեջ։

Ճիշտ է, բազմություն կար միացած էդ մարդկանց դեմ, բայց դա միանգամայն այլատարր մի բազմություն էր, բաղկացած համոզմունքով նույնիսկ իրար խորթ մարդկանցից, որոնց միացնում էր գլխավորապես մի զգացմունք, էն խորին ատելությունը, որ էդ մարդիկ հարուցել են իրենց դեմ անվերջ հայհոյանքներով ու զրպարտություններով։ Ճիշտ է, շատ թամաշավորներ էին հավաքվել, բայց դրա պատճառն էն էր, որ գիտեին՝ Հ. Առաքելյանը Մողնի է և թամաշա պետք է սարքի։ Ճիշտ է, նախագահող քահանան վերջապես համբերությունն սպառելուց հետո երբ զայրացավ Հ. Առաքելյանի վրա, ծխականների մի մասը ծափահարեց, բայց դրա մասին—ներքևում։

Արդ, ինչպե՞ս է ձևակերպում Հ. Առաքելյանը դեպքն ու բողոքը և ի՞նչ են ասում «առողջամիտ ու բարեկիրթ» ծխականները, ինչո՞ւ պիտի «անգո համարվի» իրենց հեռանալուց հետո կատարված ընտրությունը։ Ասում են ծխական ժողովը նախագահի գաղտնի քվեարկություն չընդունեց։ Այո՛, ծխականների մի մասը կարծիք հայտնեց, թե ավելորդ է նախագահի ընտրությունը կատարել գաղտնի քվեարկությամբ, որովհետև երկար կտևի և առանց էն էլ շատ գործ ունենք կատարելու, բայց երբ ինքը Հ. Ա. պահանջեց, թե եթե մի ծխական էլ պահանջում է, որ կատարվի գաղտնի, պետք է գաղտնի կատարվի, ընդունվեց գաղտնի կատարել։ Եվ արդեն նախագահող քահանան թերթիկներ էր առաջարկում գաղտնի քվեարկություն կատարելու, երբ ինքը Հ. Ա., որ միշտ մեջտեղն էր, պահանջեց, թե պետք է դեռ ծխականների ցուցակը ստուգել, հետո թերթիկները բաժանել։ Ասում են, ո՛չ ծխականներ կային, խռնվել էին ծխականների շուրջը և նստել նրանց հետ խառն։ Խառը խոսքն էլ թեկուզ մինչև անգամ թողնենք իր տեղը։ Բայց հենց դրա համար էլ խնդրեցին, որ ո՛չ ծխականները հեռանան եկեղեցու մյուս բաժինը և նրանք էլ, թամաշավորները, խմբով հեռացան մյուս կողմը։ Եվ բոլոր «առողջամիտ-բարեկիրթները» դարձյալ իրենց տեղը նստեցին ու սկսվեց ծխականների ստուգությունը, որ ստուգելուց հետո թերթեր բաժանեն նախագահի գաղտնի քվեարկություն անելու։ Հենց էս ծխականների ցուցակն ստուգելու ժամանակն էլ, Հ․ Առաքելյանը, որին ո՛չ նախագահող քահանան էր խնդրել և ո՛չ էլ ժողովն էր լիազորել, էնքան կրքոտ մեջ խաղաց ու կարգադրություններ արավ, որ նախագահող քահանան ստիպված եղավ վրեն բարկանալու։ Եվ ինչպես ասի, էս բարկությունը էնքան տեղին ու արդարացի եկավ ժողովականներին, որ մի ստվար մասը ծափահարեց։ Մինչև էստեղ, առայժմ, ամեն ինչ հանգիստ էր, բացի Հ. Առաքելյանը, և ամենքը էլ նստած էին իրենց տեղերը։ Էստեղ սկսեց Հ. Առաքելյանը «դուրս գնա՜նք, դո՜ւրս, եկեղեցին դարձրել են բազար, պոռնկանոց» և այլն. և դուրս գնացին։ Ժողովականների կիսից ավելին մնաց, թեև քիչն էլ մնար միևնույնն էր և կատարեց ընտրությունները, ամեն մի ծխականի անձնավորությունը ստուգելով ու հաստատելով կրկին ստորագրություններով։ Տեղն է նկատելու, որ էն էլ չի ճշմարիտ, իբր թե 70 հոգի «ջախջախիչ մեծամասնությունն» է դուրս գնացել։ Ժողովականների ամբողջ թիվը ստորագրություններով 118 էր. 66-ը մնացին, բողոքողների ասելով 12 հոգի էլ ապօրինի են եղել, որ 63-ի մեջ չկան, եթե նրանց էլ հանենք—կմնա բացարձակ «ջախջախվող» փոքրամասնություն։ Եթե ընդունենք, որ սրանց մի մասն էլ Հ. Առաքելյանի մարդիկը չեն, ինչպես ինքն է ասում, հաշվեցեք տակն ինչ կմնա և կհասկանաք, որ Հ. Ա. էնքան էլ կարճատես մարդ չի եղել, եթե փախել է ժողովից։

Արդ, գաղտնի քվեով նախագահ ընտրելու համար ցուցակ են ստուգում, դեռ ցուցակը չստուգած, դեռ նախագահ չընտրած, եթե մի բողոք ունեին—նախագահին չհայտնած, նախագահող քահանային համբերությունից հանում է դարձյալ Հ. Առաքելյանը, «դուրս գնանք, դո՜ւրս» ճչում է դարձյալ Հ. Առաքելյանը և դարձյալ մարդիկ պարտավոր են վազել առաջնորդարան, սինոդ, կաթուղիկոս, մամուլ, դատարան...

Անշուշտ, էս բոլորի մեջ եթե կար մի ապօրինի բան, շատ հեշտ կարող էր Մողնու ծխական ժողովի նման մի ժողով բռնել, հրապարակ հանել, չեզոքացնել կամ պատժել տալ։ Բայց էս մարդը էնքան է ընդունակ նեղսրտություն, կիրք ու թշնամական տրամադրություն մտցնելու, շփոթելու, տակն ու վրա անելու, որ անկարելի է դարձնում հանգիստ վերաբերվելը գործին, և զարմանալի արագությամբ բանը տանում հասցնում է սկանդալի և հաճախ, ճիշտ որ «առողջամիտ, բարեկիրթ» մարդկանց էլ գցում է աղմուկի մեջ, ստի ու կեղծիքի մեջ, և շատ քչերն են գլխի ընկնում, որ էս ամենը նրանից է ծնում ու նրա անձի, նրա նախագահության շուրջն է պտտում, ուրիշ ոչինչ, միանգամայն ոչինչ։

Միակ ճշմարտությունը, որ կա՝ նրա ձևակերպած բողոքի երրորդ կետի մեջ է («Մշակ» № 116)։ Ասում եմ էդ կետի մեջն է, ոչ թե ամբողջ կետն է ճշմարիտ, որովհետև էդ կետում էլ, որ բաղկացած է նրանից, թե ծափահարեցին ու շվացրին, էս երկու խոսքից մինը սուտ է։ Ոչ ոք չի շվացրել, և ահա իր հետ հեռացած մարդիկ էլ «շվոցը» հանել են իրենց բողոքից, թողել են միայն ծափահարությունը։ Եվ ես հավատում եմ, որ նրանք անկեղծորեն վրդովվեցին ծափահարությունից, մինչև էդ ժամանակ հանգիստ հետևում էին գործին և չէին հեռանալ, եթե չլիներ ծափահարությունը, որ հետևեց քահանայի զայրույթին։ Այո՛, նրանք իրավունք ունեին ծափահարությունից և՛ նեղանալու, և՛ բողոքելու, իսկ Հ․ Առաքելյանը—երբեք։

Եվ որպեսզի նա իր բողոքի միջից էդ միակ ճշմարիտ խոսքն էլ ջնջի և իրավունք չունենա դրանով ընտրությունների բեկում պահանջելու, դրա համար նրան առաջարկում ենք կարդալու հետևյալ տողերը.

«Երբ տեղապահ սրբազանը հայտարարում է, որ արքեպիսկոպոսն Մատթեոս Իզմիրլյան և եպիսկոպոսն Եղիշե Դուրյան համարին արժանավորագույն կանդիդատք հաթոռ հայրապետության ամենայն հայոց, տաճարի կամարները թնդում են «կեցցե՛ Իզմիրլյան» աղաղակներով և ծափահարություններով» («Մշակ», 1908, № 244)։

Եվ գիտեք էս տողերը ո՞վ է գրում Էջմիածնից.— Համբարձում Առաքելյանը։ Եվ գիտեք ո՞վ է ծափահարողը.—նույն Համբարձում Առաքելյանը։ Ինքը էջմիածնի Մայր Տաճարում ծափահարում է, և ավելացնում է, թե կառավարության ներկայացուցիչ կոմս Տիզենհաուզենն էլ շնորհակալություն արավ, որ ամենայն օրինավորությամբ և կարգապահությամբ եղավ ժողովն ու ընտրությունը, իսկ էստեղ եկել է Մողնու եկեղեցու ծափահարությունով ուզում է ընտրությունը քանդել տա։

Էս տեսակ հոդվածների վերջում Հ. Առաքելյանը սովորաբար բացականչում է. «Բավական է, ժողովուրդն այժմ լավ է հասկանում, նա ձեզ ցույց կտա ձեր տեղը...», իսկ ես ասում եմ. ժողովուրդը երբեք լավ չի հասկացել, այժմ էլ լավ չի հասկանում և միշտ էլ լավ չի հասկանալու։ Նա միշտ նայել է իր մեջ զանազան միջոցներով անուն հանած գործիչների երեսին ու գնացել է նրանց ետևից, և վայ էն ժողովրդի մեղքը, որի գործիչները էնքան խղճմտանք չեն ունենալ, որ իրենց փոքրիկ անձերն ու կրքերը կդարձնեն հասարակության զբաղմունքի առարկա և իրենց չնչին անձնական