Մեղեդին իջավ ծաղկունքի վրա,
օրս հովի հետ ալիքվեց ձորում,
մեր կարոտները չգտան իրար,
այս ի՞նչ վարդեր են միտքս օրորում։
Որ ծաղկի ձեռք եմ մեկնում - կրակ է,
ով է աշխարհը մատնել հրդեհի,
կանաչը ասես փափուկ կատակ է,
տագնապ կա մի ցուրտ, բա՞ն չպատահի։
Թե իմ արցունքը ծաղկունքին ընկնի,
կզգա՞ն ծաղկունքը, իմ խինդ ու սերը.
իմ բախտը իմն է, ոչ ոք չփնտրի,
դժվար է լինել իմ ցավի տերը։
Մեղեդին իջավ ծաղկունքի վրա,
սերս հովի հետ մոլորվեց ձորում.
մեր ձեռքերն արդեն գտել են իրար,
բայց, մենք իրարից այնքա՜ն ենք հեռու։