ՄԵՂՈՒՆ ՈՒ ՀԱՎԸ

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս։

— Իսկ դու, հավիկ-մարիկ, ի՞նչ ես շինում,— հարցրեց մեղուն։

— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ-սարապ չեմ տզտզում։ Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է։

— Գիտեմ, գիտեմ, հասկացա։ Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում։

— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու։

— Ապա եթե քո ասածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա՜յ, հարա՜յ, լսեցեք, որ ես ձու եմ ածել։ Իմ կարծիքով՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է։ Այնպես չէ՞, իմաստուն հավիկ-մարիկ։

— Բայց դու ի՞նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում։

— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին։ Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում։ Գիտե՞ս ինչ է մեղրը։ Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ-մարիկ։

1902