Մեռելոց (Եղիշե Չարենց)
Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ[1]:
Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:
Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:
Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...
- ↑ տամուկ — խոնավ. գոլորշիներով հագեցած, թաց, թրջված, ջրակալած