Մերժած օրենք
Մերժած օրենք
Բարձրադիր լանջում բարձր սարերի
Աղոթք է անում լուռ կանգնած մենակ
Հին հիշատակը հին–հին դարերի―
Քրիստոնեից միանձանց մի վանք։
Նրա սըրածայր գմբեթը քարյա
Բարձրանում է վեր― դեպի երկինքը,
Խաչակնքելով աշխարքի վերա
Օրհնում է մշակի արդար քրտինքը։
Այնտեղ խստակյաց միաբանություն
10
Ճգնում է միտքը աղոթքի տված,
Անհաղորդ երկրի վայելքին ունայն,
Մինչև որ յուր մոտ կըկանչե աստված։
Չեն լսվում երբեք սուրբ հայրերի մոտ
Մարդոց խնջույքի ուրախ երգերը,
Եվ ոչ կանացի հայացքը խանդոտ
Հուզում է մեղքով խաղաղ սրտերը։
Երեք օր առաջ վաղ առավոտյան
Համընթաց մի սայլ մոտեցավ վանքին․―
Հեռու կողմերից ուխտավորք եկան
20
Երկրպագելու սրբոց մասունքին։
Եվ դղըրդալով բարեպաշտ մարդկանց
Առջև բացվեցան դռներն աստծո տան,
Եվ մի ահավոր երկյուղով լցված,
Խաչակնքելով նրանք ներս մտան։
Սուրբ կամարները, սևացած արդեն,
Մի անգամ դարձյալ ծածկվեցան ծխով.
Ծխի մեջ վառվող մոմերի առջև
Ծունկ չոքած աղոթք արին երկյուղով։
Զոհը զենեցին և բաժանեցին,
30
Ապա սրբազան նըվերներ տարան
Այն աղոթարար միաբաններին.―
Մեղքի թողություն, օրհնություն առան
Բայց կատարվեցավ այլ մեծախորհուրդ
Ուխտ և ողջակեզ կյանքի հաշտության,
Փրկեց ակներև մահից մի հոգի,
Որ պիտի անմեղ կորչեր հավիտյան։
Ոչ արյուն թափվեց, ոչ հուր բարձրացավ,
Ոչ տեսանելի կանգնեցավ սեղան,
Հոգիները միայն անձայն խոսեցան―
40
Վերածնվեցավ մատաղ աբեղան.
Եվ մաշված կրծքում կրքերը մարած
Ավելի սաստիկ եռացին նորից,
Իսկ այն ընտանիքն, ուխտը կատարած,
Դուրս գնաց արդեն վանքի դռներից։
Մարդոց մեղքով լի շեներից հեռու,
Սուրբ անապատը գիշերվա մթնում,
Ինչպես մի հսկա, ահռելի ուրու,
Ահա կանգնած է ահավոր, տրտում։
Նրա խցերից մեկում միայնակ
50
Մի երիտասարդ, դժգույն, դալկահար,
Ձիթի ճրագի աղոտ լույսի տակ,
Անկողնում անքուն տանջվում էր երկար։
Հազիվ հեռացան հախուռն մտքերը,
Որ քունն աչքերին մոտ չէին թողնում,
Հազիվ ծանրացան արտևանունքները―
Քնեց աբեղան յուր կոշտ անկողնում,
Եվ հանկարծ կանգնեց նրա գլխի մոտ
Լուսեղեն մարմնով մի կույս երկնածին,
Կարեկցությամբ լի, բայց սաստիկ կրքոտ,
60
Աշխույժ հայացքով նայեց քնածին։
Նայում էր առ ժամ և կամաց-կամաց
Հասուն, լի կուրծքը ուռչում-իջնում էր,
Կարծես՝ երեսին մեղմածուփ այլաց
Ճերմակ փրփուրը խաղալիս լիներ։
Ապա շնորհալի և խիստ հեզանազ
Շարժվածքով ճկուն մեջքը խոնարհեց,
Եվ տաք համբույրով վարդերանգ շրթանց
Քնածի տխուր ճակատը այրեց։
Զարթնեց աբեղան և զգաց հոգում
70
Մի ցավ, որ սաստիկ տանջում էր իրան.
Այնինչ այցելու ոգին երկնքում
Փայլատակում էր մի աստղի նման։
Դուրս նայեց տեսավ նորեկ արևը
Երկնքի ծայրը հրդեհ էր ձգել,
Նայեց աշխարհքին, նայեց վերևը,
Եվ ուզեց իսկույն բոլորը գրկել...
Փոխվեցավ այսպես վանականն անմեղ,―
Յուր խուցը դարձավ առավել նեղլիկ,
Եվ մեղմ աղոթքի անդորրության տեղ
80
Հայտնվեց հոգում անծանոթ մրրիկ։
Ո՜վ զարմանք, արդեն սիրալի սրտով
Մի գիշերվա մեջ կարոտել էր նա,
Եվ ափսոսում էր, թե ինչու շուտով
Գնացին վանքի հյուրերն երեկվա։
Կարոտել էր նա․ և նրա աչքին,
Քավության ճերմակ շապիկը հագին
Միշտ երևում էր այն գերդաստանի
Վայելչահասակ դուստրը գեղանի։―
Երևում էր նա գլխակոր չոքած
90
Լուռ աղոթելիս սեղանի առաջ,
Կամ այստեղ նստած, կամ այնտեղ կանգնած՝
Թախծալի, քնքուշ դեմքով սիրատանջ։
Ամենայն անգամ նրա տեղերին
Մոտիկ գնալիս, կամ թե կանգնելիս
Ծնկներն ու սիրտը դողդողում էին,
Եվ մարմնին ախորժ թմբիր էր գալիս։
Երկար ժամերով քարացած-անշարժ
Մի տեղ մնում էր նստած, գլխաքարշ―
Ապրում էր մտքում երազած օրով,
100
Եվ ցնորմունքից ուշաբերվելով
Հաճախ անհանգիստ նա չարչարվում էր,
Լալիս էր ծածուկ, վանքից կորչում էր,
Եվ կատաղում էր, որ մի մարդ չըկար՝
Յուր ցավն սփոփեր, կամ գեթ հասկանար...
Արդեն հրեղեն գունդն արեգակի
Ուժասպառ, հոգնած դեպի մայր թեքվեց.
Փուլ եկավ դարձյալ սիրտն աբեղայի―
Գիշեր է հասնում. նա տրտում երգեց.―
«Արևը թռավ
110
Թռցըրեց, տարավ
Փայլուն շողերը․
Խավար գիշերը
Ծանրացավ ահա
Դաշտերի վերա։
Գերին արևի
Գլուխը դեպի
Արևմուտ ծռած
Մնաց սալարած։
Սպասում է նա,
120
Թե երբ կերևա
Երկնակամարից
Արևը նորից։
— Ա՛խ, շուտո՛վ բացվիր,
Արև կենսաձիր․
Գուրգուրիր կրկին
Արևածաղկին։
Հեռացար և դու
Անհայտ սիրատու.
Բոցոտ հայացքով
130
Լցրիր կըրակով
Սիրտս վշտահար
Եվ քեզ հետ տարար
Ուշքս ու միտքս․․․
Մթնեց երկինքս․
Ես էլ ծաղկի պես
Սպասում եմ քեզ․―
Ահա շվարած
Գլուխս ծռած,
Ես էլ եմ նայում,
140
Քո ճամփեն պահում․
Ծագի՜ր դու նաև,
Իմ հոգուս արև»։
Գիշերվա մթնում նեղ լուսամուտից
Երևում է լույսն աղոտ լամպարի․
Յուր անձուկ խցում նստած է հանգիստ
Ժիր վերակացուն հին սրբավայրի։
Կծղել են երկայն մազ ու միրուքը
Այն խստակրոն ծեր վանականի,
Հանգել են աչքերն, և հեգ ծերուկը
150
Չունի երեսին մի գիծ կենդանի։
Արդեն չորացած երկայն մատներով
Յուր սև համրիչի հատերն է քաշում,
Եվ խաղաղությամբ, դրախտի հուսով
Կյանքի մնացած ժամերը հաշվում։
Մահի հարվածից նա չի սարսափում,
Եվ բան չի խլում մահը նրանից,―
Երկրի հետ նրան ոչինչ չի կապում,
Ողջ սպասում է նա գերեզմանից։
Փոքրիկ դռնակը բացվեցավ.
160
Մի մեռելատիպ, բայց երիտասարդ,
Աչքերը վառված սևաշոր մտավ.
Եվ հարցրեց նրան ծերուկը հանդարտ.―
Ի՞նչ ունես, որդյակ։
Հայրիկ, ներիր ինձ,
Այսպես տարաժամ որ քեզ մոտ եկա․
Սիրտս ուզում է դուրս թռչել տեղից...
Այլևս համբերել չըկարողացա...
Համբերություն տա թող բարձրյալը քեզ.
Բայց ինչու՞ համար հուզված ես այդպես։
170
Ինձ ասա՛, հայր սուրբ, գաղտնիքը կենաց
Արդյոք օրենք է աստծուց սահմանա՞ծ...
Այո՛, տեր աստված աշխարքին, որդյակ,
Ապրելու համար տվել է օրենք,
Եվ մենք սրբությամբ, ինչպես օրինակ,
Այն օրենքները պիտի կատարենք։
Կատարենք, հայր սուրբ... ապա, երբ որ կա
Խնդրում եմ տիրոջ այն սուրբ օրենքով,
Որով ապրում են մարդիկը նորա,
Նաև մարդկային իմ իրավունքով...
180
Էլ ի՞նչ իրավունք... դու պաշտոնյա ես,
Մի սպասավոր աստըծո տանը,
Պիտի տաճարի սեղանին նայես,
Աղոթես, ճգնես․ այս է քո բանը․
Եվ դրա համար չես մնալ անմաս―
Բոլորի վարձը այնտեղ կըստանաս։
Ես ծառայում եմ, և իմ պաշտոնում,
Տեսնում ես, ահա, պակասավոր չեմ,
Երկնքի վարձը չեմ արհամարհում,
Բայց մի՞թե երկրում ես պիտի կորչեմ...
190
Մի մազ չի կորչիլ գլխիդ մազերից.
Մի՛ սնուցանիր սրտումդ կասկած։
Սակայն չէ՞ որ մեզ այս լեռ քարերի
Ճգնության համար չըստեղծեց աստված։
Իմ օրերն այստեղ տխուր են անցնում․
Վառվում է սրտումս հուրը կենսական,
Ի՞նչու եք նրան դուք զոռով հանգցնում
Մահաշունչ գրկում խուլ առանձնության․
Կարոտ է հոգիս, թռչում է հրաթև,
Այս մենաստանի բարձըր պարսպից,
200
Չեմ կարող մնալ ես այսուհետև,
Եվ երբեք, մինչդեռ զրկված եմ կյանքից...
Այստեղ է կյանքը, այս սուրբ հարկի տակ․
Աղոթի՛ր, ճգնի՛ր, կըգտնես որդյակ։
Չէ՛, չեմ գտնում, հայր, աղոթքների մեջ
Եվ ոչ հոգեբուխ մեղեդիների,
Դարձյալ մնում է նա սաստիկ մի տենչ,
Մի տենչ անկատար, անհասանելի,
Սարսափում եմ ես.― մոտ է վտանգը―
Իմ մահն ինձանից մոտիկ է, մոտիկ․
210
Այստեղ չեմ գտնում մխիթարանքը,
Որով շնչում են, ապրում են մարդիկ։
Ուրեմն չըկա, ինչ որ ուզում ես,
Եվ այդ ցնորք է, կամ փորձությունով
Նզովյալ չարը խարբալում է քեզ
Հոգի կործանող յուր պատրանքներով։
Եթե նա չըկա, ոչինչ չեմ հարգում,
Ատում եմ և ինձ, իմ անձս միայնակ,
Ոչինչ չեմ գտնում այլևս աշխարքում―
Լոկ խաբեություն և անմիտ տանջանք․―
220
Թող այնուհետև քանդվի նա իսպառ,
Նրա երեսին էլ կյանք չըծաղկի,
Թող մեռնեն մարդիկ, թող ուտեն իրար...
Ես էլ չեմ խղճում այստեղ ոչ ոքի։
Սակայն չէ, նա կա․ անբա՜խտ ալևոր,
Կուրծքդ երևի դեռ չէ եռացել,
Մենակ է աճել հասակդ բոլոր
Եվ առանց կյանքի հանգել, ծերացել․
Բայց երբ սոսկալի առանձնության մեջ
Ինձ պաշարում է սարսափը մահու
230
Եվ ունայնության մտքերն հոգեմաշ
Ինձ երևում են տխուր, ահարկու,
Շուրջս չեմ գտնում փրկության նշան։
Իսկ մահը, կարծես, չոքել է կրծքիս,
Միմիայն խորափոս, խավար գերեզման,
Միմիայն դժոխքն է երևում աչքիս,
Նա այն ժամանակ վրա է հասնում
Ինչպես լուսավոր շողն արևլույսի,
Փարատում հոգուս մռայլությունը,
Վանում մահաշունչ մտքերն մեկուսի,
240
Կյանքի ջերմությամբ լցվում է սիրտս...
Եվ ես զգում եմ, որ այն քաղցր ու նուրբ
Զգացմունքով է կենդանի մարդս․
Բայց ափսո՜ս, որ դու չըգիտես, հայր սուրբ։
Այն սուրբ հոգին է, կամ մի սուրբ հրեշտակ,
Որ այցելում է, ո՛վ արժանավորդ,
Եվ կյանքի մասին աստվածաբնակ
Այս սուրբ տաճարում քեզ տալիս հաղորդ։
Օ՜, չէ՜, չէ, հայր սուրբ, նա չէ իջանում,
Ինչպես սուրբ հոգին, աստծո խորանից,
250
Եվ ոչ հրեշտակի պաշտոն է տանում,
Բայց ես շա՜տ հեռու, հեռու եմ նրանից։
Ա՜խ, նա պակաս է, նա չըկա այստեղ,
Մերժած է անգամ նրա անունը,
Եվ ահա դատա՜րկ, դատարկ է ահեղ
Օրենքի պաշտպան աստուծու տունը։
Այդ խաղաղության թշնամին է չար,
Որ միշտ հեռու է ահիցը վանքի։
Նա չար չէ, հայր, այլ միակ հաշտարարը
Մարդու և կյանքի։
260
Ապա սո՞ւրբ է նա։
Սո՜ւրբ, ինչպես աստված է և յուր օրենքը
Եվ սիրելի է, որքան և կյանքը...
Ես մեղք չեմ անում, հավատա հայրիկ...
Դուք ի՞նչու համար ինձ այստեղ բերիք․
Ես ի՞նչ եմ արել, չէ՞ ես էլ եմ մարդ,
Նրանցից մեկը, որ այնքան ազատ
Ապրում են իրանց ցանկություններով,
Որ աղոթում են ուրախ սրտերով...
Ինչո՞ւ համար է իմ աղթոքն այստեղ,
270
Ո՞ր մեղավորին կըտանե եդեմ...
Ինչո՞ւ համար եմ չարչարվում անմեղ,
Եվ եթե այսպես ես այնտեղ մեռնեմ,
Ձեզ կամ աստըծուն ի՞նչ շահ իմ մահից...
Ուզում եմ ապրել․ հա՜յր․ կյանք տվեք ինձ...
Կյանք տալը նրա ձեռքին է, որդի,
Մարդս ի՞նչ կաներ, որ շատ էլ ուզեր,
Բայց ասա՛, տեսնենք իղձը քո սրտի―
Ի՞նչ ես կամենում։
Մի աղջկա սեր...
280
Պապանձվի՛ր, ո՛վ լիրբ, աչքիցս հեռացի՛ր,
Մի' ապականիր և մեր աղոթքը,
Շուտո՛վ, հեռացի՛ր, կամ գետինն անցիր,
Չըպղծի տաճարի սյամը քո ոտքը։
Քո սրտին արդեն տիրել է չարը,
Հեռացի՛ր, աստծո բարկությունը տար,
Որ չըկործանե և այս տաճարը
Քեզ հասանելի պատուհասն արդար։
Կամ ապաշխարիր պահքով, աղոթքով,
Հեռու հալածիր դիվական կիրքը,
290
Էլ այդպիսի բան չանցնի քո մտքով...
Շու՛տ, առանձնացի՛ր, կարդա սուրբ գիրքը։
Չէ՛, էլ չեմ կարող․ հերիք էր ինչ որ
Առանձնության մեջ տանջվեցի լռած,
Էլ չի բռնանալ այս տենչատոչոր,
Սուրբ սիրո վրա քու սիրտը մեռած։
Արդ ես համարձակ խոստովանում եմ
Քո և աշխարքի առջև իմ սերը,
Եվ բոլոր հոգով արհամարհում եմ
Անցած դարերի խավար ծեսերը։
300
Դու էլ ես ապրել նախնյաց օրենքով,―
Ապրել ես միայնակ, մարդոց անօգուտ,
Այլև անկանոն, ցավալի կյանքով,
Մեղքեր ես միմիայն վաստակել հոգուդ։
Դու էլ, հնազանդ քո նախնյանց կարգին,
Ուխտեցիր տանել կյանքը վանական,
Բայց հաղթեց խավար բնության կամքին
Միշտ ամենազոր օրենքը բնության...
Չէ՛, չեմ ճամաչում, ես չեմ դավանում
Այնպիսի աստված, օրենք անիրավ,
310
Որ անարգում է սերն ամուսնական․
Օրհնի՛ր, ծերունի, և մնաս բարյավ։
Սիրավառ սրտի համարձակ լեզվով
Ծերունու դիմաց խոսաց աբեղան,
Որ, բարկությունից սաստիկ դողալով,
Աստծո անունով նզովեց նրան։
Եվ մեծ դարպասը լուռ մենաստանի
Ծանըր ճռնչաց ու լայն բացվեցավ,
Վանքից մի հոգի հեռու ավանի
Ճանապարհն ընկավ․ օրը լուսացավ...