ՄԵՐ ԳՅՈԻՂԵՐՈԻՄ

Ինչքան էլ գրենք նոր կենցաղի մասին, գյուղում կատարվող նոր փոփոխությունների ու շերտավորման մասին, մեր գյուղը դեռ երկար մնալու է խավար, այնտեղ դեռ շարունակելու են տիրապետել պապենական ադաթն ու սովորությունները։ Այս հանգամանքը, իհարկե, միայն կրկնապատկելու է գյուղում կատարվելիք աշխատանքը և նոր եռանդ տալու այդ աշխատանքները վարողին (ուսուցիչ, կոմերիտական, խրճիթ-ընթերցարան և այլն)։

Գյուղի պակաս կողմերից ամենից առաջ աչքի է ընկնում նրա կտրվածությունը դրսի աշխարհից։ Գյուղը շատ քիչ չափով է հաղորդակից դրսում կատարվող անցուդարձին. գյուղացին լրագիր չի ստանում։

Մեզ շատ է պատահել շրջել գավառի խուլ գյուղերը, որոնք հարյուրավոր վերստ հեռու են երկաթուղուց։ Այդ գյուղերում լրագրի երես չեն տեսնում, բավականանում են քաղաքից եկողի պատմածով կամ նամակներով հաղորդած լուրերով։ Իսկ այդ լուրեր չեն, այլ առասպելներ, շատ հաճախ պրովոկացիա` սարքովի, և, պիտի խոստովանել, անճոռնի սարքովի, որ ծիծաղ է հարուցում։ Խրճիթ-ընթերցարանը լրագրով է ընթերցարան. լրագիր չեղած դեպքում նա կարող է վերածվել զրուցարանի, մասլահաթի և ավելորդաբանության տեղի։ Վերջերս մեզ մոտ կատարվեց ձիերի ցուցակագրում. այդ բանը միշտ էլ լինում է, հարկավոր է ձեռքի տակ ունենալ եղած ձիերի ստույգ թիվը։ Յուրաքանչյուր ձի ստանում է առանձին թերթիկ՝ վրան նշանակած տարիքը, հատկությունն ու ցեղը։ Այս շատ հասարակ գործը, մարդիկ կան, որոնք շահագործեցին հօգուտ իրենց ցանկության։ Եվ ստեղծվեց հերթական պրովոկացիա, որ տարածվեց գյուղից գյուղ, թե՝ պատերազմ է լինելու Անգլիայի հետ, դրա համար էլ ձիերը «հավաքում» են (ցուցակագրումը շինեցին «հավաքում»)[1]։

Լրագիր որ լիներ, նա կբացատրեր այդ գործի նպատակը և հիմքից կկտրեր հորինելու առիթը։ Մեր գյուղերում «Խորհրդային Հայաստան» չի ստացվում, շատ չնչին բացառությամբ, 2—3 տոկոսից ոչ ավելի։ «Մաճկալի» պես գյուղացիական թերթն էլ անծանոթ է. մի քանի գյուղեր ստանում են Բաքվի «Կոմունիստ» թերթը, էն էլ շնորհիվ իրենց հայրենակցական միությունների։

Զանգեզուրի գյուղերն ստանում են միայն տեղական «Կարմիր ռաշպար» թերթը, կան գյուղեր, որոնք ստանում են 4—7 օրինակ։ Բայց անհատական բաժանորդագրություն չկա։ Ստանում է գյուղխորհուրդ բջիջը, փոխօգկոմը, կոոպերատիվը և այլն։

«Կարմիր ռաշպարը» շաբաթը մի անգամ է լույս տեսնում, ծավալը փոքր Է, դրսի աշխարհից տեղեկություններ սակավ է տալիս, թերթի մեծ մասը տեղական լուրերն են և կարևոր հոդվածներ։ Եթե սրա վրա ավելացնենք այն, որ համարյա յուրաքանչյուր համար մի պայքար է կիրառում (պատահում է, որ 2—3 պայքար միանգամից), պարզ կլինի, որ այդ թերթը միջոց չունի գյուղի պահանջը բավարարելու։

Գյուղի տնտեսական զարգացման հետ ավելանում է և նրա քաղաքական ակտիվությունը։ Գյուղը, գնալով, ավելի շատ է հետաքրքրվում դրսի անցուդարձով, և պետք է այդ մոմենտը մենք օգտագործենք գյուղին հետաքրքիր նյութ և համապատասխան բավարարություն տալով։

Պետք է լրագիրը գյուղում տարածել։ Այդ խնդիրը հասունացել է, գյուղացին այժմ կարող է լրագիր կարդալ, որովհետև ամբարում ցորեն ունի։ Հարկավոր է մի լայն պայքար կամ առանձին մարմին՝ բաժանորդներ հավաքելու համար։ Գյուղում երբ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ թերթ չեք ստանում, շատ անգամ պատճառը մի հասարակ բան են բերում՝ հասցե չիմանալը, պայմաններին անծանոթ լինելը։

Եթե գյուղը լրագրից զուրկ է, ուրեմն՝ նա գիրք էլ չի կարդում։ Եվ այդպես էլ կա, գյուղում գրքի սով է. գյուղական ուսուցիչը ըստ մեծի մասին բավականանում է մի քանի գրքերի ընթերցմամբ, որ նրան հրահանգում է գավառի լուսբաժինը։ Նրա ընթերցումն, ուրեմն, իր պաշտոնի գծած սահմանից դենը չի անցնում։ Խորհրդային գյուղի ուսուցիչն այդպես չպիտի լինի։

Գյուղը զարթնում է, նա հետաքրքրվում է դրսում կատարվող իրադարձություններով։ Հարկավոր է օր առաջ մեր ամենօրյա թերթերը գյուղերում տարածել ու նրան ամուր կապել քաղաքի հետ։

Զանգեզուր

  1. 1