Նամակներ գյուղից
ՆԱՄԱԿՆԵՐ ԳՅՈԻՂԻՑ
Եթե Ապարանի շրջանի գյուղերը Քսենոֆոնի ժամանակվա[1] վարք ու բարք և աղքատ տեսքն ունեն, ապա Զանգեզուրի շատ գյուղերն իրենց մի քանի կողմերով Քսենոֆոնից շատ դարեր առաջ եղած գյուղն են հիշեցնում:
Գյուղը մութ է, գյուղացին դեռ ազատված չի սնոտի հավատից, Նավասարդի տոնին[2] հարյուրավոր մսացուներ դեռ այսօր էլ մորթում են՝ պապենական «ադաթն» ու սովորությունն առօրյա կյանքում դեռ գերիշխում են։ Գյուղում այժմ էլ դեռահասների (13 տարեկան, երբեմն պակաս) ամուսնություն է կատարվում. եթե գյուղացին երես է թեքել եկեղեցուց, ապա այդ շատ թեթև և մակերեսային ձևով է կատարված։ Օդաներում, տաք գոմերում հավաքվել են, հին, «Մովրովի» ժամանակից[3] կամ էլ առաջ եղած դեպքերից պատմել և ջահելին, նոր սերնդին սովորեցրել շատ ավելորդապաշտություն. այդ ամենը դեռ կա։ Նոր, հեղափոխական խոսք, նոր կենցաղի ստեղծում, շինարար նոր ոգի, այս ամենը գյուղական թանձր մասսիվում դեռ մի բարակ վերնաշերտ են կազմում։
Կուլակը նորից գլուխ բարձրացրեց. իր տնտեսական հիմքն ամրացնելուց հետո ձեռք է մեկնում գյուղի համայնական օրգաններին. եթե գյուղխորհուրդը դեռ մատչելի չէ, փոխօգկոմը կամ կոոպերատիվի մեջ խցկվելն ավելի հեշտ է։ Իսկ նրան միայն խցկվել է հարկավոր։ Հետո ուռչում է, ծծում, տռզում, իր ձեռքն առնում գյուղի ապրանքի մեծ մասը, սրա֊նրա հողը «կիսրար» հերկում և այլն։ Մյուս բևեռում էլ կուտակվում է աղքատը, հողազուրկը։
Բայց ստեղծվում է և ծայրահեղ չքավորություն՝ մի այծից էլ զուրկ, նույնիսկ անկողնուց և տնային անհրաժեշտ իրերից զուրկ, համարյա կիսամուրացիկ վիճակում։ Գյուղերում առայժմ քիչ տոկոս են կազմում, բայց հենց այժմից ամեն կերպ պիտի աջակցել սակավաթիվ այդ ընտանիքների դրությունը բարելավելու։
Երբեք չեմ մոռանում մի պատկեր։ Մի քանի օր առաջ էր. մոտիկ գյուղերից մեկում առավոտը կանուխ տեսա մի ամբողջ ընտանիքի՝ արևկող արած։ Ինձ զարմացրեց նրանց դարմանոտտ լինելը, երր ծանոթ մի գյուղացու հարցրի, թե ինչո՞ւ բոլորն էլ դարմանոտ են, գյուղացին կես֊ժպիտով պատասխանեց.
— Դոշակ չունեն, քնում են գոմերում, տավարի ախոռում, խոտի կամ դարմանի մեջ։ Դրա համար էլ այդպես են։
Ես մոտեցա նրանց, գոմը մտա։ Գոմն ուրիշի է, իրենք միայն գիշերն են քնում, դրա փոխարեն գոմը մաքրում են։
Մի ամբողջ ընտանիք՝ 9 հոգուց, տան մեծը՝ հայրը, վաղուց է գնացել օտարություն՝ վարձու աշխատանքի, սովալլուկ թողնելով իր գերդաստանը։ Ցնցոտիների խայտաբղետ մի հյուսվածք, աղտոտ լաթեր, մանուկներն ուռած փորով, կիսամերկ։ Երբ մոտեցա նրանց, զգացի, որ մերկությունից ամաչում են, երեսս շուռ տվի ու հեռացա։
Գյուղում աղքատներ կան, որոնք սրա-նրա մոտ աշխատում են, մի պարկ ալյուր ստանում, բայց նրանք մի կով ունեն, ցամաք չեն մնում։ Ծանր է «ախոռում» ապրող ընտանիքի դրությունը, օգնությունն առաջին հերթին նրան է պետք։ Գյուղի գիտակից մասն աշխատում է դրա համար, բայց այդ քիչ է, այդպիսի ընտանիքներին մի կթան կամ լծկան է հարկավոր, որ ստացած հողերից օգտվեն։
Մեր շրջանի գյուղերի համար մի ուրիշ երևույթ էլ է բնորոշ։ Այդ մաճկալի դառն ու վտանգավոր աշխատանքն է։ Պոետները քաղաքից սիրով են գովում մաճկալին[4], բայց մաճկալը նզովում է իր այդ ձևի աշխատանքը, վարելահողի կարիքն ստիպում է հերկել և այնպիսի քարքարոտ սարալանջեր, որոնց հողի շերտը հազիվ է հասնում քառորդ արշինի։
Մաճը բռնած ժամանակ գութանը մեկ էլ դեմ է առնում «հոշի». «հոշ» մեզ մոտ ասում են հողի մեջ ընկած քարին ու քերծին։ Գութանին լծում են վեց կամ յոթը զույգ եզ, և այդքան լծկանների ուժով քաշած գութանն երբ հանկարծ դեմ է առնում «հոշի», մաճկալը ցնցումով ընկնում է գութանի վրա։ «Որ խփում է, ատամներն Էնպես են կպչում իրար, որ ցավից քիչ է մնում ուղեղդ տրաքվի»,— ասում են մաճկալները։ Շատ է պատահում, որ «հոշին» դեմ առած ժամանակ գութան ու մաճկալ ցած են գլորվում, պատահում են մահվան դեպքեր։ Մեռնում է մաճկալը հենց մաճը բռնած ժամանակ․ գութանն ուժով դեմ է առնում «հոշին»։ Մեր գյուղերում 5—7 տարի մաճկալություն անող գյուղացին մի տեսակ թուլակազմ է դառնում, էլ մաճ չի կարողանում բռնել։
Մինչև այդ վերանա, դեռ շատ աշխատանք կա կատարելու։ Գյուղատնտեսական նոր ձևերին անծանոթ մեր գյուղացին դեռ շատ է «հոշին» դեմ առնելու, մինչև որ նա սովորի ապառաժը ճեղքել։
Մութ ու տգետ է գյուղացին, այնքան էլ հեշտ չի ճարվում այն չոր հացը, որ ուտում է, և չկա ամենևին այն իդիլլիան, որի մասին երգում է «պոետը»։