Մեր նախորդ շրջանի բանաստեղծները
«… ո՞ւմ համար գրեմ, որ ազգը լեզու չի՛ հասկանալ։ Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆռանցուզերեն գրած, թեկուզ գրաբար՝ տասը կըլի, որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց։ Ախըր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր. ում պետք է ասես…» («Վերք Հայաստանի»)։ Եվ այսպես միտք անելով յուր քերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությունը ծալում, «ղրաղ» է դնում ու սկսում է յուր հայրենիքի վերքը―յուր սրտի ցավը ժողովրդի լեզվով հայտնել ու պատմել՝ գրականության մեջ անասասան դնելով աշխարհաբարի հիմքը։
Այդ ժամանակները գյուղերի ուսումնատենչ պատանիներն փախչում են քաղաք ուսում առնելու, մարդ դառնալու համար։ Այդ ժամանակները քաղաքներից երիտասարդները հազար ու մի նեղություններով իրանց գցում են եվրոպական համալսարանները, և միշտ հիշելով հայրենի երկրի խեղճությունը―օր ու գիշեր ճգնում ու տքնում են նրա համար լույս ու մխիթարանք բերելու լուսավորության արևելքից։ Եվ իրար հետևից վերադառնում, գալիս են բարոյական ու կենցաղավարական նոր հայացքներով ու հասկացողություններով. ժողովրդի լուսավորությանը ծառայելու, նրան բարձրացնելու տենչանքներով վառված ու ոգևորված սկսում են մի մոլեռանդ գործունեություն―մի չտեսնված իրարանցում ձգելով ընդարմացած ժողովրդի խավերի մեջ։
Այդ՝ կենդանության թարմ ու առողջ մի շունչ էր, որ փչեց մեր քնաթաթախ թմրած կյանքում սթափեցնելով ու ցնցելով՝ մինչև ուր հասավ։ Այդ մեր նոր կյանքի արշալույսն էր, որի նշույլները հենց որ սլացան մեր խավար կյանքում―ազատարար կոչնակի նման Ռուսաստանի հյուսիսային ծայրից լսվեց ազգային վերածնությանը հառաջընթաց բանաստեղծի ձայնը.
|
Այդ բոլորովին նոր երգ էր, նոր խոսքերով ու եղանակով։ Նա պարզ ու հասկանալի լեզվով հառաջ է կանչում ժողովրդին. գիտության, կրթության, լույսի ու ճշմարտության անունով էր հուզում ու խրախուսում, յուր ոգևորության հետ հասարակաց պիտույքն էր բարձրացնում Պառնաս, և ձգտում էր լինել հասարակաց զգացմունքի թարգմանն ու բարձր արտահայտությանը։
Հիրավի մի այլ երկնքի տակից Պեշիկթաշլյանը կանչում է.
|
Եվ այս ուղու հաշտարար ձայնը, դատապարտելով նեղ կրոնական պառակտումները, հեռու նախանձը, դավանական ատելության ոգին, բախտի չարանենգ ոխերը մի համբույրով ցրվելով ու հերքելով հայտարարում է, որ եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա։
Այնինչ արդեն հնչում էր Ռ. Պատկանյանի (Գ. Քաթիպայի) քաղաքացիական քնարի ձայնը. իսկ նրանից առաջ թափառական Մ. Թաղիադյանը վաղուց արդեն մրմնջում էր.
|
Եվ Հնդկաստան, Տաճկաստան, Պարսկաստան ― երկրե-երկիր տարուբերելով ու դեգերելով, աղաղակում էր լուսավորություն, կրթություն...
Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել։
(Կը շարունակվի)