Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՛վ աչքի լուս

բնագիր
Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՜վ աչքի լուս

Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՜վ աչքի լուս,
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բա՛րով, ա՛չքի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կէնում իս խըռով, ա՛չքի լուս,
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, յիս քիզանից սով, ա՛չքի լուս:

Մակամ օչով եար չէ սիրի՞, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա.
Էշխէմէդ ջունուն իմ էլի, ման իմ գալի եանա-եանա.
Էս դարդէն օչով չըքաշէ, վուր մէ դա՛նգին չի դիմանայ.
Սիրտըս լուրի պէս խորվեցիր էշխիդ կըրակով, ա՛չքի լուս:

Դօստիրըս դուշման շինեցիր, եադիրուն ի՞նչպէս դօստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գ՚ուզէ վուր ղաստ անիմ.
Ա՛ստուձ վըկայ, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպէս դուս տանիմ.
Յիս մէ փուքըր նաւի նըման, քու էշխըն է ծով, ա՛չքի լուս:

Գ՚ուզիմ բերանըս բաց անիմ, գովքըդ ասիմ թարիփի պէս.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պէս.
Օխտըն տարի էլ ման գուքամ՝ սազըն ձեռիս Ղարիբի պէս.
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չքի լուս:

Թէգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ ասի.
Իմ հուքմի-հէքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ շա՛հ չիմ ասի.
Սայաթ-Նովէն ասաց՝ զա՛լում, յիս էն մահին մա՛հ չիմ ասի.
Հէնչաք ըլի՝ դո՛ւն վըրէս լաս, մազըդ շաղ տալով, ա՛չքի լուս:


Էս էլ են հանգում. Արութինի (ասած). քրոնիկոնի 446-ին (1758):

թարգմանություն
Մի խոսք ունեմ պաղատագին, ա՛կանջ արա, ո՜վ աչքի լույս

Մի խոսք ունեմ պաղատագին, ա՛կանջ արա, ո՜վ աչքի լույս,
Սրտումս ես սպասում ունեմ, քո տեսը բա՛րով, ա՛չքի լույս,
Արդյոք ի՞նչ հանցանք եմ գործել՝ մնում ես խռով, աչքի լույս,
Աշխարհս աշխարհով կշտացավ, ես քեզանից սով, ա՛չքի լույս:

Արդյոք ոչ ոք յար չի սիրե՞լ, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա,
Քո սիրուցը խենթացել եմ, ման եմ գալիս յա՜նա-յա՜նա[1],
Էս վշտից ոչ ոք չքաշի, փշրա՛նքին էլ չի դիմանա,
Սիրտս լորի պես խորվեցիր, սիրուդ կրակով, ա՛չքի լույս:

Ընկերներիս թշնամացրիր, օտարին ընկեր ո՞նց անեմ.
Անցկացած օրը չեմ տեսնում, քանի կուզե որ ջանք անեմ.
Ա՛ստված վկա, խիստ դժվար է, գլուխս ի՞նչպես ազատեմ.
Ես մի փոքր նավի նման, քո հմայքը՝ ծով, ա՛չքի լույս:

Կուզեմ բերանս բաց անել, ասել քո գովքը ձոնի պես.
Տաս տարի է ման եմ գալիս փադիշահի դեսպանի պես,
Յոթ տարի էլ կթափառեմ՝ սազը ձեռիս Ղարիբի պես.
Իմ հույս Շահսանամը[2] դու ես, էլ չունեմ ոչ ոք, ա՛չքի լույս:

Թեկուզ հազար վիշտ ունենամ, ես սրտումս ա՜հ չեմ ասի.
Իմ տեր-դատավորը դու էս, ես էլ ուրիշ շահ չեմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց՝ անգո՛ւթ, ես էն մահին մա՛հ չեմ ասի.
Միայն թե դու ինձ վրա լաս, մազդ շաղ տալով, ա՛չքի լույս:


  1. յանա-յանա – տոչորվելով
  2. Շահսանամ – «Աշուղ ղարիբ» սիրավեպի հերոսուհին: Հավատարիմ կնոջ կերպար է: Բնագրի «բութա»-ն Հ.Բախչինյանը թարգմանել է«սրբաշնորհ սեր», որ ընդունելի չէ: «Բութա» նշանակում է հույս, ապավեն, ինչպես նաեւ կողպեք, փական: Օր.՝ Թումանյանի Սարոն սարերին դիմելով ասում է «Որսն եմ, բութես ձեզ արած» (հույսս ձեր վրա): Թուրքերեն խաղերից մեկում կա այսպիսի տող. «Հար հուջրամդա մին բութա վար» (ամեն սնդուկս հազար կողպեք ունի) (Ի.Ս.):