Կտուրի վրա նստած մի ալևոր, որ եզան մազոտ կաշի էր քերում և պատմություն անում քարերին նստոտած շինականներին,- երբ կանգնեց փեշերից մազը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ճամփին, ձեռքը ճակատին պահեց, որ արևի շողերը ջրակալած աչքերին չխանգարեն ճամփով եկողներին ավելի լավ տեսնելու:

— Կասես էն մինն էլ կնիկ ա...

Մյուսներն էլ ետ նայեցին, մի պահ մոռացան ալևորի պատմությունը:

— Ի՜նչ էլ անխիղճ մարդ են, ենիշումն (վայրէջք) էլ ձի կնստե՞ն:

— Ձին իրենցը լիներ, նստիլ չէին...

Ալևորը կաշին նորից սկսեց քերել ապակու կտորտանքով, և երբ եկողները պահվեցին դիմացի անտառակում, կտուրի վրա նստողներն առաջվա դիրքն ընդունեցին, ծերի պատմածը լսելու:

— Սաքա՛ն, դու կիմանաս, հըմի նրանց մեջ մի բան չի պատահե՞լ, որ էն անմարդ ձորերով, սարերով մենակ գալիս են, — դարձավ ծերը Սաքանին և ծիծաղեց:

— Դե ջահել են, առանց էդ չի...

— Հա՛, էդ ժամանակ էլ, — շարունակեց ծերունին իր պատմությունը, — ձորում շատ վախ կար: Ա՛յ տղա, դուրս եկա Մթնաձորի գլուխը, աչքիս մի շողք երևաց: Լուսնյակ էլ գիշեր էր... Հըմի ոչ շողքն ա հեռանում, ոչ էլ ես եմ կարում ետ դառնալ: Ասում եմ արջ ա, ինձ հլա չի տեսել: Մին էլ...

Բայց հենց այդ րոպեին կտուրից լսեցին ձիու ոտնաձայն, ետ նայեցին: Փողոցում կանգնել էր մի կին, տղամարդի գլխարկով: Կինը պինդ բռնել էր ձիու սանձը, իսկ ձին ոտքով դոփում էր փողոցի թրիքը:

— Բարև ձեզ, — ասաց կինը: Կտուրի վրա նստողները գլխով թեթև շարժում արին:

— Խորհրդի նախագահը տանը չի՞, — հարցրեց կինը: Սաքանը, որ մոտեցել էր և ձիու սանձը բռնել, ասաց.

— Չէ՛, խոտատեղից դեռ չի եկել:

Կինը հարցրեց մի ուրիշի տուն: Սաքանը մատով ցույց տվավ.

— Հրեն է՜, էն մեծ տանձու մոտ:

Եվ երբ կինը կոշիկների ծայրով հրմշտկեց ձիու կողերին, Սաքանը տեսավ կնոջ բարակ գուլպաների վերի մասը, մի մատ լայնքի ժապավեն՝ գուլպայի վրա, ժապավենից վերև էլ վարդագույն միսը, որ կարծես նույն ժապավենն էր, մի քիչ բաց կարմիր:

Սաքանը վերադարձավ, նստեց տեղը, կտուրի քարին: Հարցրին նրան, թե կինն ո՞ւմ էր ուզում: — Կնանոնց ժողովի համար ա եկել,— պատասխանեց Սաքանը: Ալևորը շարունակեց Մթնաձորի պատմությունը պատմել այնքան դանդաղ, ասես ոչ միայն դժվար էր վերհիշում հինը, այլև հնարում էր, զարդարում հազար ու մի անակնկալ և միջանկյալ դեպքերով:

— Ես վազում եմ, ինքը իմ ետևից, կանգնում եմ, նա էլ է կանգնում: Եվ ի՞նչ չարք ա, ի՞նչ հնարք ա... կռացա, որ քար վեր ունեմ...

— Սաքա՛ն, Սաքա՛ն, — ձայն տվավ մայրը կտուրից, — եկ է՜, կովը ծնում ա...

Սաքանը տեղից վեր թռավ, մահակն առավ և կտուրից կտուր անցնելով գնաց:

— Չթողաս, որ հորթին կոխ տա, հեյվանը խամ ա,— կանչեց ծերը հեռացող Սաքանի ետևից և ապա սկսեց պատմել, թե ինչ արեց «չարքը», երբ ինքը կռացավ, մի քար վեր առավ:

Իրենց կտուրին երբ հասավ, գոմի երդից Սաքանի ականջովն ընկավ կովի բառաչը:

— Սաքան, մի բան չպատահի, — ասաց մայրը, որ կովի ամեն մի բառաչը լսելիս բռունցքով կրծքին էր խփում և ասում.

— Ջա՜ն, Մարալ...

— Էսօր օրը չի, — ասաց Սաքանը և գոմի դուռը բացեց: Դռան ճռռոցի վրա կովը ետ նայեց, իրիկնամուտի լույսն ընկավ դեմքին, և եթե Սաքանը կովի աչքերին նայեր, աչքերում առաջին երկունքի դժվարին ցավը կտեսներ: Բայց Սաքանը մոտեցավ, ձեռքը կովի փորին դրեց, կախ ընկած պտուկներին նայեց, կաթով լի կրծքին:

— Խոտ բե՛ր, նանի, — և մինչև մայրը խոտ կբերեր գոմի քարերին փռելու, Սաքանը թևերը վեր քաշեց, էլի շոշափեց կովի կախ ընկած փորը:

Մարալի ցավերը ավելի շատացան: Կովը հաճախ տեղը փոխում էր, ետ ու առաջ անում, գլուխն ախոռի տախտակներին դեմ տալիս, փնչոցով հոտոտում գոմի քարերը, իսկ երբ արգանդում հորթուկը ավելի էր շարժվում, Մարալը խրտնում էր ինքն իրենից, պոչով փորին խփում, կարծես շարժվողը մեջքի վրան էր և պոչի հարվածից պիտի թռներ, հեռանար:

Սաքանի փոքրիկ տղան երևաց գոմի դռան մոտ, պորտը քորելով ուզեց ներս մտնի, բայց նանին թևից բռնեց, տուն տարավ:

— Ճրագը բե՛ր, ո՞ւր ա էն հարսը, — հարցրեց Սաքանը:

— Եսիմ: Կնանոնց ժողով ա Սրանոնց տանը, մի կնիկ ա եկել քաղաքից:

Սաքանը մտաբերեց ձիու վրա նստած կնոջը, գլխին՝ տղամարդու գլխարկ, որի տակ ծամերը հավաքել, գունդ էր արել, կնոջ գուլպան, ծայրին կարմիր երիզ:

Կովի կծկումները շատացան: Ուռած փորը հևալու պես էր լինում, Մարալը ցավից թուլացել, հազիվ էր կանգնում ոտքերի վրա:

Սաքանը չկարողացավ էլ իր դժգոհությունը հայտնել կնոջ բացակա լինելու առթիվ: Բայց մայրը հասկացավ նրան և ասաց.

— Ախր էսօր օրը չէր...

Քիչ հետո Մարալը լիզում էր չոր խոտի վրա պառկած լորձունքոտ հորթին, որ աչքերը մերթ բաց էր անում, մերթ խփում:

— Վո՛ւյ, վո՛ւյ, նանի՛, պոչը ծաղիկ ա, — կանչեց Սաքանի տղան, որ կովի ծնելու ժամանակ հորից և տատից աննկատ ներս էր մտել և պահվել գոմի անկյունում:

Սաքանը ձեռքերը լվաց, գնաց կովի համար մարագից մի քթոց դարման բերելու:

— Չթողաս, որ շատ լզի:

Սրանոնց տան մոտով անցնելիս Սաքանը կռացավ, թղթած պատուհանից ներս նայեց: Գետնին նստոտել էին կանայք, նոր եկածը խոսում էր, ձեռքերը շարժում, երբեմն էլ նայում ձեռքին բռնած գրքին: Կինն առանց գլխարկի էր: Սաքանին թվաց, թե շորերն էլ է փոխել: Ձիու վրա նա սպիտակ չէր հագնված, թևերն էլ մինչև արմունկը բաց չէր:

Գետնին նստոտած կանանց մեջ Սաքանը իր կնոջն էլ տեսավ, շալը գլխին: Այնպես խեղճ-խեղճ նստել էր:

Դռան մոտ ոտնաձայն եկավ, Սաքանն արագ ծռվեց փողոցով, կորավ մութի մեջ: Մարագում դարմանը քթոցի մեջ լցնելիս Սաքանի աչքի առաջ սպիտակ շորերով կինն էր, գիրքը ձեռին:

Եթե գիշերով մեկը հանդիպեր Սաքանին, կնկատեր, որ քթոցը թարս է շալակել: Սրանոնց տան մոտով անցնելիս Սաքանը ուզեց մոտենա, բայց պատուհանում լույս չտեսավ, անցավ:

Կովը նստել էր խոտի վրա և որոճում էր, երբ Սաքանը դարմանով լի քթոցը դրեց գոմի անկյունում:

— Տանը ղոնաղ կա, — ասաց մայրը, հորթուկին գրկեց, հորթանոցը տարավ: Կովը հորթի ետևից կամաց բառաչեց:

Սաքանը չհարցրեց, թե ով է հյուրը: Չուխայի փեշերից դարմանը թափ տալով ներս մտավ տան շեմքից և հենց այն էր, որ մի անգամ էլ պիտի թափահարեր չուխան, — երբ գլուխը բարձրացրեց, տեսավ հյուրին, և ձեռքերը բարձրացրած մնացին:

— Ընկեր Ասյան էս գիշեր մեզ մոտ ա մնալու, — ասաց կինը Սաքանին:

Ասյան ժպտաց:

— Էն դուք էիք, որ կտուրի մոտ ճանապարհը ցույց տվի՞ք:

— Հա՛, ես էի, — ասաց Սաքանը, մոտեցավ բարով տալու և երբ սեղմեց հյուրի ձեռքը, Սաքանին այնպես թվաց, թե նրա ձեռքը նոր ծնած հորթուկի պես փափուկ էր:

— Ի՜նչ լավ հորթուկ է, — ասաց Ասյան:

— Կարելի ա, լավն ա, — պատասխանեց Սաքանը տեղավորվելով նրանից մի քիչ հեռու:

— Էդ էլ մեր դասն ա էլի, ընկեր Ասյա, սերտում ենք, — անկյունից ձայն տվավ Սաքանի կինը, սանդուղից բաժակները հանեց և ավելացրեց.

— Գնացել ա, հորթին պաչել...

Մի պահ երեքով էլ լռեցին: Ասյան կարպետի վրա շորերով քնած փոքրիկին էր նայում, որ կրծոտել էր հացը, մորը սպասել և նստած տեղն էլ քնել: Սաքանը ունքերի տակից Ասյային էր նայում, նրա սպիտակ բլուզին, թևերին և մատով սրբում կարպետի երեսը, թեկուզ սրբելու էլ բան չկար: — Տեղավորեցի, — ասաց նանին, շեմքի մոտ հանգցնելով ձեռքին բռնած սև նավթի ճրագը: Նանին ինչ լավ արեց, որ եկավ և խախտեց լռությունը:

Սաքանը թեթև հազաց, թուքը կուլ տվավ և, հայացքը Ասյայի գլխի վրայով դիմացի պատին գցելով, հարցրեց.

— Ասիլն էլ ամոթ ա, բա ձեր հետի ընկերն ո՞ւր ա...

— Նա ձորում բաժանվեց, մոտիկ գյուղը գնաց... — պատասխանեց Ասյան և տեղում ուղղվեց: Գետնին նստելու անսովոր էր: Սաքանի կինը նկատեց այդ, ծալքից մի բարձ հանեց, դրեց նրա մոտ:

— Թիկն տուր, — ասաց:

Երբ Ասյան ուզեց թիկն տալ, ոտքերը մի քիչ մեկնեց և ձեռքով շրջազգեստի փեշերը հավաքեց: Սաքանը աչքը կարպետի նախշերին գցեց, չտեսնելու համար այն, ինչ ձին քշելիս էր տեսել: Միտն ընկավ ալևորի հարցը, թե՝

— Սաքա՛ն, դու կիմանաս, հըմի նրանց մեջ մի բան չի պատահե՞լ, որ սարերով...

Սաքանն ի՞նչ իմանար, գուցե չի՞ էլ պատահել, գուցե հարևան գյուղ գնացող ընկերը Ասյայի եղբայրն է կամ հորեղբոր որդին: Ասյան կարպետի փունջերի հետ էր խաղում մատներով, երբ Սաքանը նայեց նրան, ասես ուզում էր ստուգի, թե ում հետ էր սարի ճամփին, գուցե պատահել է մի բան:

— Ուրեմն մշտական շրջում ես գյուղերը, ժողով անում, քարոզ տալիս,-հարցրեց Սաքանը: Ասյան ծիծաղեց և ծիծաղի միջից «հա» ասեց, գլխով արավ: Թեկուզ Սաքանը նկատեց, թե ինչ մաքուր էին նրա ատամները և թե գլխով անելիս ինչպես մի փունջ մազ ծամից պոկվեց, ընկավ ճակատին, — տեսավ այդ, և դուր չեկավ Ասյայի ծիծաղը:

Եթե կտուրի վրա եզան կաշի քերող ալևորը այդ րոպեին Սաքանին հարցներ, թե պատահել է մի բան նրանց մեջ, Սաքանը ոչ միայն կասեր, թե՝

— Ջահել են, առանց էդ չի... — այլև կհնարեր, կերևակայեր այդ բանի պատմությունը և կտուրի վրա նստած մարդկանց կպատմեր նույն եռանդով, ինչպես ալեվորը՝ Մթնաձորի մոռացված «չարքի» մասին:

Սաքանի կինը սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն: Սաքանը մոտեցավ սփռոցին, հացի լավ տեղերից կտրեց, Ասյայի առաջ դրեց, ուզեց մածնի ամանն էլ դնի նրա մոտ, բայց քաշվեց, ամանը ետ տվավ:

Հաց ուտելիս Սաքանի աչքը Ասյայի փոքրիկ պատառներին էր: Զարմանում էր, թե ինչպես է ուտում: Ասյան լավաշի բարակ կտորները ոլորում էր, կծոտում մի քանի անգամ և ծամում, հետո աննկատ կուլ տալիս: Սաքանը լավաշը երկու կտոր էր անում, մատներով լավաշի վրա պանիր փշրում և հացը կոլոլում, ինչպես խոտի խուրձ:

Երբ որ Սաքանի կինը երեխան տեղավորեց և մոտեցավ սեղանին, սկսեց ուտել, — Սաքանին այնպես թվաց, թե իր կինը որոճում է պառավ կովի պես, հացը շաղախում թքի հետ և կուլ տալիս էլ վիզը մի քիչ երկարում:

Սփռոցը հավաքելուց հետո, մինչև Սաքանի կինը տեղաշոր բաց կաներ, մայրն Ասյային հարցուփորձ արեց: Երբ նա հարցրեց, թե երեխա ունի՞ թե ոչ, Ասյան ծիծաղելով պատասխանեց.

— Նանի, ես պսակված էլ չեմ:

Նանին միայն մտքում ասաց «ոնց թե» և զարմացավ, որ հասակ առած աղջիկը անպսակ է դեռ, երեխա չունի:

— Ես կուսակցության մարդ եմ, նանի, ես իմ տերը չեմ, — ասաց Ասյան, կարծես հասկացավ, որ նանին իր մտքում տարակուսեց, գուցե և կասկածեց նրա վարքի մասին: Բայց նանին նրա խոսքի իմաստը չհասկացավ, թեկուզ հարսը շտապեց ասելու, թե ինչ է կուսակցությունը:

Երբ որ Սաքանի կինը քաշվելով, գլուխը մի քիչ կախ, սկեսուրին բացատրում էր և աչքի տակով նայում Ասյային, ասես ուզում էր հարցնի, թե ճիշտ է սերտել դասը, — Ասյան ներքին հրճվանքով էր նայում նրան: Սկեսուրն էլ էր հարսին նայում, նա և՛ ուրախ էր, որ հարսը կուսակցության մարդ չի, և՛ կասկածոտ, թե չլինի վերջը ժողովներում շատ բան սովորի ու միտքը փոխի:

Սաքանը քուրսու վրա գցած կարպետի ծոպերի հետ էր խաղում, ականջը կնոջ պատմածին: Եվ երբ կինը ասելիքը վերջացրեց, Սաքանը տեղից վեր կացավ, գոմի ճրագի տեղը հարցրեց և ուսը քորելով գնաց գոմ:

Խոտի վրա աղվամազոտ հորթուկն էր պառկել, լեզվով պռունկներն էր լիզում: Կովը մերթ խոտ էր ուտում, մերթ գլուխը դարձնում հորթի կողմը, մնչում: Սաքանը ախոռի մեջ խոտ լցրեց, մի քիչ էլ կանգնեց կովի մոտ, ճրագը ձեռքին:

Երբ տուն եկավ, Ասյան արդեն պառկել էր: Անկողնու մոտ նրա շորերն էր, միջին սպիտակ շրջազգեստը, որ Սաքանի աչքին ձյունի կիտուկի պես երևաց: Երբ անցավ նա անկողնի մոտով դեպի սենյակի մյուս անկյունը, ուր իր տեղաշորն էր և երեխայի օրորոցը, քթով դուրեկան մի հոտ ընկավ, կասես մեկը քաղել էր սարի ծաղիկները, սեղմել, հյութը հանել և ջրի պես շաղ տվել քուրսուն, հատակին, ծխից սևացած օճորքին: Բայց երբ նստեց իր տեղաշորի վրա, տրեխները հանեց, քթովն ընկավ գոմի կծծահոտը, տրեխներին կպած աղբի, հարդի կծծած կտորների հոտը: Այդ անկյունում չլվացած վերմակի, հազար անգամ քրտինք ծծած շապկի, արևի տակ խանձված չուխի, անլվա մարմնի հոտը կար:

Սաքանը մորը պատվիրեց, որ մանգաղը հազիր անի՝ առավոտ կանուխ կովի համար կանաչ խոտ բերելու: Շուլալվեց հաստ վերմակի տակ, քունը կամաց իջավ բեզարած մարմնի վրա: Նրան թվաց, թե օրորվում է ջրի երեսին, վեր ու վար լինում, ջրի երեսին օրորվում է և մի սպիտակ շոր:

Երբ կինը բարձրացրեց վերմակի մի տուտը և մեկնվեց Սաքանի կողքին, Սաքանն աչքերը կիսաբաց արեց, տեսավ, որ ճրագն արդեն հանգել է: Նա կամացուկ հարցրեց կնոջը, թե ինչու գլխատակին բարձի տեղ կարպետ է:

— Մեր բարձը նրան եմ տվել, — ասաց կինը և ավելի մոտեցավ նրան: Սաքանի քթովն ընկավ կնոջ բերանից մի ծանր հոտ, թվաց, թե նրա ատամները ժանգոտել ու փտել էին: Դարձավ մյուս կողքին, երեսը դեպի պատը և ինքն էլ զարմացավ, թե ինչպես մինչ այդ չի զգացել կնոջ բերանի հոտը:

                                                                                  * * *

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Ասյան խոտից մի քանի ծաղիկ ջոկեց, մոտեցրեց հորթին, կովն զգաց այդ, պոչը շարժեց, գլուխն արագ շարժումով ծռեց: Եթե ախոռից կապած չլիներ, գուցե և զարկեր գլխով: Ասյան ետ կացավ, ծաղիկները ձեռքից ընկան:

Թեյը տաքացնելուց հետո Սաքանի կինը ջուր բերեց Ասյային՝ երեսը լվալու: Թեկուզ Ասյան հակառակեց, ամանը վերցրեց, որ ինքը ջուր լցնի ձեռքին, բայց կինը մերժեց:

Սաքանը կանգնել էր գոմի դռան: Նա տեսավ, թե ինչպես է լվացվում Ասյան: Մի քանի անգամ բերանը ջուր առավ, թշերն ուռցրեց, մատով քսեց ատամներին, ողողեց, ջուրը թափեց: Սաքանի միտն ընկավ, թե ինչքան վատ հոտում էր կնոջ բերանը:

— Դե ամեն ինչ սովորովի յա, մորուց ի՛նչ ա տեսել...

Առավոտ թեյին Ասյան էլի քիչ կերավ: Մայրը մի կողմից էր ստիպում, կինը մյուս կողմից:

— Կե՛ր, ճանապարհ ես գնալու, կսո՛վես...

Ասյան, ծիծաղելով թե՝

— Իմ կերածը ինձ երեք օր հերիք է:

Նանին զարմացավ և մտքում որոշեց, որ Ասյան վատառողջ է, ներսը փուչ է, երևի մի հիվանդություն ունի, որ շատ չի ուտում:

Հետո Սաքանը գնաց, հարևանի գոմից Ասյայի ձին բերեց: Կտուրի վրա հավաքվել էին մի քանի կանայք: Ասյան ինչ-որ բան էր ասում նրանց: Սաքանը ձիու թամբն էր սարքում. նրա ականջին հասավ այն, որ Ասյան խոսք տվավ նորից գյուղ գալու:

Ձին թամբած էր արդեն, երբ կանայք կտուրից իջան: Ասյան ձեռք տվավ նանուն, կռացավ երեխայի թուշը պաչեց, մոտեցավ, որ ձին նստի: Սաքանը սանձն էր բռնել: Ասյան ձեռքը ձգեց թամբին, փորձեց բարձրանա և հենց քիչ էր մնացել, որ ոտքը դուրս պրծնի ասպանդակից, երբ Սաքանը պահեց նրա ոտքը, օգնեց բարձրանա:

Ասյան ցտեսություն ասեց Սաքանին, ձեռք տվավ և իջավ ճանապարհով: Կանայք ուղեկցեցին նրան մինչև գյուղից դուրս գալը, ձին պահեցին, մի քիչ էլ խոսեցին, հարևան գյուղի ճանապարհը ցույց տվին և բաժանվեցին: Կանայք ցրվեցին գյուղի փողոցներով: Ասյան ձիու սանձը պինդ սեղմած, կոշիկի կրունկով զարկեց ձիու կողերին. ձին քայլերն արագացրեց:

Սաքանը մի պահ մնաց տեղում կանգնած, հետո մոտեցավ գոմի դռան, բայց հիշեց, որ գնալիք տեղը այգին է, ետ դարձավ, իջավ ձորը:

Երբ որ նա Ասյային օգնեց ձին նստելու և ոտքը պահեց, նրան այնպես թվաց, թե մատները խրվեցին մի փափուկ բանի մեջ: Երբ կռացավ, ոտքն ասպանդակի մեջ դնելու, Ասյայի զգեստի տուտը բարձրացավ, և Սաքանի աչքին ընկավ նրա սպիտակ շորը:

Ամբողջ օրը այգում ջուր արեց Սաքանը:

Ջուրը կապած էր ծառերի տակ, և մինչև ջուրը տեղ կհասներ, Սաքանը մեջքի վրա պառկում էր, աչքերը կիսախուփ անում:

Ծառերը ճղներն իրար էին տալիս, տերևները քսվում էին իրար: Երբ ճղները մի քիչ հեռանում էին իրարից, և ճղների արանքից Սաքանի աչքին էր ընկնում երկնքի կապույտը, Սաքանին թվում էր, թե ամպը սպիտակ շորն է, որ գիշերով իրենց տանն էր, անկողնի մոտ:

Մութ էր արդեն, երբ վերադարձավ տուն: Բահը մի կողմ գցեց, գնաց կովին նայելու: Վերադարձավ տուն, թոնթորաց կնոջ վրա, թե կովին ծարավ է թողել: Կինն ուզեց ասի, թե ինքը բոստանն է քաղհան արել, տանը չի եղել, բայց տապ արավ, սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն:

Սաքանը կերավ կուշտ, ուտելիս չծպտաց, գլուխը քաշ պահեց և վերջին պատառը կուլ տալիս բեղի տակ փնթփնթաց.

— Տեղս գցի. էն սրաքարը դիր դռան մոտ, որ առավոտը տանեմ:

Ասեց և գոտին արձակեց:

Երբ գլուխը դրեց բարձին, Սաքանը նորից զգաց այն հոտը, որ Ասյայի շորերից էր գալիս: Երեկ այդ բարձը նրա գլխատակին էր:

Սաքանը գլուխը թաղեց բարձի մեջ, լայնացած ռունգերով և խոր սկսեց շնչել: Նրա աչքի առաջ օրորվում էին ուսը, մի սպիտակ շոր, փափուկ ոտքերը:

Կինը ճրագը հանգցրեց և կամացուկ շուլալվեց վերմակի տակ: Սաքանն զգաց, որ մեջքը տաքանում է, երեսը դարձրեց կնոջ կողմը: Վերմակի տակ դուրեկան հոտ կար, և, երբ Սաքանը գրկեց իր կնոջ, նրան այնպես թվաց, թե իր կնոջ ուսն էլ բաց է, հագին ձյունի պես սպիտակ շապիկ ունի: Կինը չհասկացավ, թե ինչու այդ գիշեր Սաքանը այդքան մոլեգին էր: Եվ իր մտքում նա ներեց նրա երեկվա արածը, երբ երեսը շրջեց պատի կողմը:

Կինը մշշալով քնել էր, խրճիթի մի անկյունում նանին էր քնել: Գիշերվա լռության մեջ գոմի պատի արանքից Սաքանը լսում էր, թե ինչպես է կովը գոմում որոճում:

Միտն ընկավ, թե ինչպես կովն ուզեց հարու տա Ասյային, երբ նա ծաղիկն էր մոտեցնում հորթի դնչին: Սաքանը հիշեց և առաջին օրը, ինչպես էին նստել կտուրի վրա: Ծերը պատմություն էր անում, թե ինչպես լուսնյակ մի գիշեր Մթնաձորում «չարք» երևաց, ինչպես չարքը հետևում էր նրան:

— Ես վազում եմ, ինքն իմ ետևից, կանգնում եմ, ինքն էլ ա կանգնում...

Հենց այդ խոսքին էր, որ երևաց ընկեր Ասյան:

Մինչև կեսգիշեր Սաքանը կես քուն կես արթուն էր: Լուսնյակը շողք էր գցել երդիկից, շողքը խաղում էր կարպետի վրա: Լուսադեմին քնեց:

Երազում Սաքանի աչքին երևաց Մթնաձորը. սպիտակ շոր հագած մի կին ձորով վազում էր իր ետևից, մոտենում էր, որ բռնի, կանգնում էր կինը, ծիծաղելով ետ փախչում ձորն ի վեր: