Մրոցը մի ուրույն աշխարհ է, և երբ ձորի ափով անցնում եք, մի անգամ էլ բարձրանում սարը և իջնում մի ուրիշ ձոր, այնպես է թվում, թե վերջին սարը ձեզ ծանոթ աշխարհի սահմանն էր, իսկ սարից դենը, դեպի ներքև, ընկած է անմարդաբնակ մի երկիր, որի անտառներում արջերը վայրի տանձ են հավաքում և լուսնյակ գիշերներին հաստաբուն կաղնիների մոտ գլորվում, կիսաչոր տերևների վրա արջապար խաղում։

Առաջին հանդիպած մարդն այն ձորում տարօրինակ է երևում, բայց շարունակեցեք կածանը, ձիու սանձը պինդ մի բռնեք, թողեք, որ հին կածանը հոտոտելով ձեզ տանի Մրոց։

Եվ երբ անցնեք սրընթաց մի գետակ, նրա ափին այգիներ տեսնեք, անպատճառ շան հաչոցի ձայն պիտի լսեք, եթե օրը ցերեկով էլ լինի։ Մրոցի շներն զգաստ են, նրանց ժանիքները շատ անգամ են գայլի մաշկ քերծել։

Հաչոցի ձայնը լսում է ձին, ականջները խլշում, սմբակներն ավելի արագ են դոփում կածանի քարերին, ձին բնազդաբար պատկերացնում է ախոռը, մեջը լի գարի։

Ումից էլ հարցնեք, ոչ ոք ձեզ չի ասի, թե ինչու գյուղի անունը Մրոց է։ Գուցե տերտերը մի պատմություն անի այն մասին, թե ինչպես «անօրենների» հարձակման ժամանակ շատ դարեր առաջ իրենց պապերը փախել են մի ուրիշ երկրից և պատսպարան գտել այդ հեռու ձորում,− գուցե տերտերը այդ փախուստի մասին պատմի, բայց այդ թեական է, և ոչ մի փաստ չի կարող բերել նա, բացի բանավոր վկայությունից, վաղուց մեռած պառավների ավանդական զրույցներից։

Ստույգ է միայն այն, որ Մրոցը հնուց ի վեր իր տեղն է, և երբ դիտում եք տների հաստ պատերը, անտաշ քարերը, թվում է, թե անհիշելի ժամանակ, երբ Մրոցի լեռներն են գոյացել, լեռները գոգաձև հարթություններ են կազմել, որ գագաթների ձյունը հալչի և հոսի ձորերով,− լեռների գոյացման հետ միասին ապառաժի կտորներից ծնվել են Մրոցի բնակիչները, հարթավայրերում հաճար ցանել, ժայռի գլխին ցատկող վայրի քարայծներին ընտելացրել և սերունդների փորձով սովորել մածունից կարագ ստանալ։ Դուք այդպես եք մտածում, որովհետև Մրոցը հեռու է, մոռացված, ճամփան դժվար, ճամփի վրա կանաչ խոտ։

Հարկավոր չէ բարձրանալ ժամի կտուրը՝ տեսնելու համար, թե ինչքան սև ձորեր կան Մրոցից վերև։ Եվ եթե ժամանակին հսկաներ են ապրել, իհարկե այդ ձորերը նրանց համար հասարակ առուներ են եղել։

Գուցե ժամանակին և ոչ մի հսկա չի եղել, լեռան առվակներն են դարերի ընթացքում քերել փեշերը, ժայռեր գլորել, մաշել իրենց փրփուր ալիքներով կարծր քարեր և փորել խոր անդունդներ, ուր կուսական անտառներ կան, անտառներում նույնքան կուսական արջեր, եթե կուսական՝ նշանակում է մարդու երես չտեսած։

Այդ ձորերում է սնոտի հավատալիքների, քաջքերի և չարքի աղբյուրը, և հիմա էլ Մրոցում շատ ռամիկ անտառի մամռապատ քարանձավների մոտից անցնելիս՝ երկյուղած, շունչը փորն է նետում, տրեխներով զգույշ հուպ տալիս չոր տերևներին և շշուկ լսելիս ծնկներում դող զգում, թեկուզ այդ շշուկը տրեխի տակ ճռացող չոր ցախից լինի։

Եվ երբ ձմեռ է լինում, և ձյունի ծանրությունից անտառում շատ ծառեր են ջարդվում, Մրոցում քուրսու մոտ նստում են, մի ալևոր, որ հազար անգամ է շալակով ցախ բերել անտառից, սկսում է պատմել այն մասին, թե ինչպես գիշեր ժամանակ անտառով անցնելիս ականջով մի ձայն ընկավ, կարծես մի կին, մի շատ ծանոթ կին բարակ ձայնով կանչեց իրեն, ինչպես ինքն ասպանդակեց ձիուն...

Պատմում է, ոտքերը կախ տալիս թոնրի վրա։ Նրան ի՞նչ, թե աչքերը կիսախուփ անող թոռը վախից կուչ է եկել տատի փեշի մոտ, չգիտե՝ լսի՞ պապի գլխով անցածը, թե քնի տաք քուրսու մոտ։ Եվ եթե պապի պատմածին լսում է և գյուղի կոմսոմոլը (իսկ Մրոցում դեռ կոմսոմոլ քիչ կա), գիրկապ անելով սերտում իր գիրքը՝ «Ազատ ենք մենք, մենք ազատ ենք»,− նրա մի ականջը դարձյալ պապի պատմածին է, թեկուզ ժողովում լսած էլ չինի, որ անտառի քաջքը չիք է, հնարովի և սնոտի։

* * *

Մրոցն, իհարկե, գյուղխորհուրդ ունի, խորհուրդն էլ նախագահ։ Բայց և ոչ մի զեկուցում չի ասի այն, ինչ կտեսնեք, եթե ապրեք Մրոցում, թերթեք նրա հնադարյան գիրքը։

Գյուղի վերևում հին քարայրեր կան, որոնց շվաքում նախիրից ետ արած հորթերն են նստում։ Անտաշ քարեր կան, կարգով շարած, շրջանաձև, շրջանի մեջտեղ մի մեծ տափակ քար, որի վրա աղ են շաղ տալիս ոչխարի համար։ Այն մարդիկ, որոնք այդ քարերը ժայռերից պոկել, ցցել են գյուղի վերևը, գուցե ոչխար էլ չեն ունեցել։ Մրոցը դրա մասին չգիտե ոչինչ, միայն հնուց քարակույտերը հայտնի են որպես «Կռապաշտանոց»։

Մրոցը՝ նեղլիկ փողոցներ, փողոցներով առվակներ։ Նախիրը հանդից թրքոտ կճղակները լվանում է փողոցների ջրերում և ամեն առավոտ-իրիկուն ջրերը պղտորվում են, ասես առուներով աղբաջուր է հոսում։

Գյուղի մեջտեղ հինավուրց ժամը, ժամի դռան հարյուր տարվա թրիք։ Ժամի շվաքում մակաղել է ոչխարը, սար գնալուց առաջ աղբ է կիտել, տարիների ընթացքում աղբը հավաքվել է, դիզվել, և բոբիկ ոտքերով շատ կանայք աղբը կոխ տալով, մոտեցել են ժամի դռան, խաչքարը պաչել։

Գյուղի մեջտեղ, ժամից քիչ հեռու Մրոցի խրճիթ-ընթերցարանն է։ Սովորական մի խրճիթ, որ մարագ էլ կլիներ, ներսում քարերի վրա ձգված տախտակներ, պատերին մի քանի պլակատ։

Մարդի աչքին մի պահ տարօրինակ է թվում, որ «Կռապաշտանոցի» տները կանգուն են մնացել մինչև խրճիթ-ընթերցարանի գալը, թեկուզ խրճիթում լրագրեր քիչ են լինում, որովհետև գյուղում գրաճանաչ քիչ կա։ Հեթանոս կրակարանը, խաչակիր եկեղեցին և նոր խրճիթ-ընթերցարանն ասես հազարավոր դարերի պատմություն գիտեն՝ այն օրից, երբ ապառաժի պես մի մարդ առաջին անգամ երևաց Մրոցի ձորերում, բրդոտ արջին դուրս քշեց քարանձավից, ինքը մեջը պահվեց։

Հարցրեք այդ մասին թեկուզ Մրոցի գիտունին, և նա զարմացած կնայի ձեզ, պատասխան տալ չի կարող, կշաղվի։ Եվ պարծենկոտ կպատմի, թե ինչպես «Նիկոլ թագավորի երեք հարյուր տարվա գոյության ընթացքում» Մրոցը մի զինվոր էլ չի տվել, ծննդյան մատյանները սխալ են գրվել, որ գյուղից ոչ մի մարդ «չգնա Սիբիր, ռուսանա»։ Կպատմեն ձեզ, թե ինչպես ամեն տարի զորակոչին մի քոռ, մի քաչալ ներկայացել են զինվորական ատյան սրա-նրա սուտ անունով, ազատել Մրոցի չոբանին, կամ ինչպես մեկը ծախել է իր ամբողջ կայքը, կաշառք տվել որդուն զորակոչից ազատելու համար։

Էլ ուրիշ զարմանք բաներ կպատմեն Մրոցում, կզարմանաք, եթե իմանաք, որ Մրոցում շատ տներ մինչև այժմ էլ տոնում են մի ուրիշ նոր տարի, որին Նավասարդ են ասում, ինչպես հեթանոս Նավասարդի գիշերը զարթնում են, ճրագները վառում և լուսադեմին ճաշ անում։

* * *

Մեծ դեպք էր Մրոցի համար, երբ մի օր էլ, ձիերի վրա բարձած, մի մեքենա բերին։

Նախագահը գիրկապ անելով կարդաց ստացած գրությունն այն մասին, թե «Ուղարկում ենք մի տրիեր. առաջարկում ենք, նախագահի անմիջական պատասխանատվությամբ, հսկել մեքենային ցնոր կարգագրություն»։ Եվ քանի որ թուղթը կնքված էր կնիքով, գրված էր պատշաճ ձևով, նախագահը բացեց մտից մատյանը և գրեց. «Շրջանից առ այն, որ գյուղումս եկավ մի մաշին ցնոր կարգագրություն»։

Եթե Մրոցի անտառներից հանկարծ մի փիղ դուրս գար և տնկվեր ժամի առաջ, այնքան էլ չէին զարմանա։ Ալևոր մարդիկ կհավատացնեին, որ փիղը մեծ արջ է, և գյուղը կհավատար։

Բայց ոչ անտառում, և ոչ էլ ձորում, ոչ մի ալևոր մեքենա չէր տեսել: Եվ երբ նախագահը մեքենայի մոտ հավաքված չտես բազմությունը տեսավ, որ շրջապատել էր և ձեռքը վախվխելով մոտեցնում էր մեքենային, պարտք համարեց ցրել չտես բազմությունը։

− Զարմացք մարդիկ եք. կասես տեսել չեք, մաշին ա էլի,− ասաց նա։ Երբ հարցնող եղավ, թե ինչու համար է մեքենան, ինքն էլ չիմացավ, թե ինչպես հնարեց, որ այդ մեքենան նամակներ է տանում ուրիշ քաղաք, ազգ ու բարեկամի և «ծտի թևով» նրանցից լուր է բերում։ Երբ հավատաց չտես բազմությունը, նախագահն ինքն էլ ճշմարիտ համարեց իր հորինածը և ուրախացավ էլ, որ Մրոցում միայն ինքն իմացավ մեքենայի ինչ լինելը։ Նա մենակ չէր։ Առավոտյան ջրի գնալիս նախագահի կինը մյուսների առաջ պարծենալու առիթ ունեցավ։

Գիշերով մեքենան թողին նույն տեղը, գզիրը մի քանի անգամ հեռացրեց նրանց, որոնք զարմանքով շարունակում էին նայել, և մտածեց, թե ինչպես է այդ մեքենան նամակներ տանելու հեռու քաղաքներում ապրող իրենց բարեկամներին։

Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արին, նույնիսկ գզրին հարցրին, բայց գզիրն ուսը թոթվեց հեռացավ։

Իհարկե, Ատլանտյանի մյուս ափին բանվորը երբ մեքենայի վրա գրել էր «Made in U.S.A» մտքով երբեք չէր անցել, թե ծովերով և երկաթուղիներով մեքենան այդքան հեռուները պիտի ընկնի՝ Մրոց։

...Թեկուզ մի շաբաթ էր անցել, բայց արդեն գզիրը բեզարել էր ժողովրդին մեքենայի մոտից հեռացնելուց, արգելելուց, որ ձեռք չտան։ Մրոցը դեռ մեքենայի մասին էր խոսում։

Երբ ագրոնոմը վերջին սարը բարձրացավ, սարի գագաթից երևաց Մրոցը, մտածեց այն մասին, թե ինչ պիտի ասի գյուղացիներին, կտա՞ն արդյոք ցորեն կամ գարի տրիերով մաքրելու, ինչպես պիտի զարմանան կանայք, երբ տեսնեն, որ տրիերը ցորենն ավելի լավ է զտում, քան իրենք:

Նրա գալուստն էլ զարմացրեց Մրոցին, մանավանդ, երբ իմացան որ մեքենան աշխատելու է։ Նախագահը երկմտեց, հետո հավատաց, որ «ցնոր կարգադրությունը» հենց այդ երիտասարդն էր։

Երր գզիրը սրան-նրան հրելով ճանապարհ բաց արեց, ագրոնոմը մոտեցավ տրիերին։ Աշխատեցնելուց առաջ պտուտակը մի քանի անգամ դարձրեց և զարմացավ, երբ մեքենան մի անգամ դառնալուց հետո կանգ առավ։

Ավելի մեծ եղավ նրա զարմանքը, երբ ձեռքը կոխեց մեքենայի ներսը և հանե մի կերպ ծրարած, ծրարը խմորով փակցրած, հասցեն ճրագի վրա չորացրած նամակներ...