Մի՛ ափսոսիր անցած օրերիդ…

Մի՛ ափսոսիր անցած օրերիդ…

Ցեյզե

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի


* * *


Մի՛ ափսոսիր անցած օրերիդ,
Էլ մի՛ ցանկար դու դարձը նոցա.
Չըդառնանա թող վշտից հոգիդ,
Թե վաղեմի բախտըդ միտըդ գա։

Մի՛ ափսոսիր. ետ չես բերելու
Ինչ որ եղել, գնացել է արդեն.
Շուտո՛վ, շուտո՛վ, քո ճամփան հեռու
Ոտ դի՛ր, ընկե՛ր, կազմ ու սպառազեն։

Տեսնո՞ւմ ես ծովն առաջիդ հուզված.
Օն, շուտ հառա՛ջ, նավակդ է սպասում…
Վա՜յ և նոցա, որ կյանքին անցած
Վհատ հոգով նզովք են ասում։

Իսկ դու, ընկե՛ր, ազատ, համարձակ
Դու ծովն ընկի՛ր ու մի վախենա.
Եվ եթե քեզ ըսպառնան անհագ
Կատղած ալիք, կռվի՛ր ու հուսա՛։

Եվ հավատա՛ — երկիրն ավետյաց
Նոքա մի օր քեզ պիտի հանեն.
Ազատություն ու սերդ երազած
Այնտեղ բաժին քեզ պիտի լինեն։

Ինչ որ գարնանդ անցած օրերին
Կորցրել ես դու, տառապյալ եղբայր,
Բոլորն այնտեղ կըգտնես կրկին,
Իմ հուսահատ ընկեր վշտահար։

Մի՛ ափսոսիր ուրեմն անցյալիդ,
Էլ մի ցանկար դու դարձը նորա.
Չըդառնանա թող վշտից հոգիդ,
Թե վաղեմի բախտըդ միտըդ գա։


Թարգմանության տարի՝ 1908