Մայրամուտի կույսերը Միմոզայի շյուղը

Մատթեոս Զարիֆյան

Գինարբուք


Միմոզայի շյուղը


1.

Միմոզայի շյուղ մ’էր բերեր
Երեկ գիշեր,
Ու բարձիս վրա դըրեր էր զայն
Գողտուկ, անձայն...

2.

Ուշ գիշերին երազ տեսա...
Լեռան մը վըրա,
Ծառի մը տակ միմոզայի
Լուս կուլայի...

Պզտիկ աստղ մը, տակավ-տակավ,
Վըրաս իջավ...
Բռընկեցա՜վ ծառը մեկեն
Իր ճյուղերեն...

Ես չփախա․— Օձապըտույտ
Բոցն էր կապո՜ւյտ․․․
Ու կ’երգեին երկինքներեն
Աստղերն ամեն...

Օ, հըրդե՜հն այդ միսերուս քով...
Ի՜նչ հեշտանքով
Փունջերն այրող միմոզայի
Կը գրկեի...

3.

Կը գրկեի... երբ որ հանկարծ
Այդ բոցարծարծ
Ծառը խընդաց...― Ի՜նչ հրաշք, Տե՛ր,
Իմ Սիրա՜ծս էր...

Իմ սիրածս էր, խո՜լ աչքերով,
Սերեն գինով․․․
Մինչ կը խնդար՝ աստղե՜ր բերնին
Կը վառէին․․․

Կը վառեին լոլյսով մ՚այնքա՜ն
Անըրջական՝
Որ ձյուն մարմինն իր կը թրթռա՜ր
Իբրև քընար․․․

Բայց գրկեցի զայն երբ ուժգին
Իմ որբ կուրծքին՝
Ոտքերուս տակ հանկարծ մոխի՛ր
Եղավ կարմիր․․․