Գինարբուք
Գինարբուք
Լեցո՛ւր բաժակը՝ խըմեմ
Գինին անո՜ւյշ հեշտանքին.
Ալ կը ծաղրե՜մ այս կյանքին
Սրբությունները դժխեմ։
Լեցո՛ւր բաժակը՝ խըմե՛մ
Գինին կախա՛րդ հեշտանքին.
Այսքան ցավով՝ երկընքին
Ինչպե՜ս ճամբան ես գըտնեմ։
Լեցուր բաժակը՝ խըմե՛մ
Գինին բոսո՛ր հեշտանքին․
Կ’ուզեմ հո՜ւրը դըժոխքին,
Ալ լուսնի լույսն ի՛նչ ընեմ։
Լեցո՛ւր բաժակը՝ խըմե՛մ
Գինին պղտո՛ր հեշտանքին․
Քիչ մ’ալ այս մութ վայրէջքին
Ծով-ծով խըռովքը փորձեմ...
Լեցուր բաժակը՝ խըմե՛մ
Գինին հարո՜ւստ հեշտանքին.
Գինով ըլլամ ու կյանքին
Անմըտությունը երգեմ...
Լեցո՛ւր, լեցո՛ւր, որ խըմեմ,
ՄԱ՛ՀՆ է ահա աչքիս դեմ...