Մի զվարթ մանկան


Ուրախություն քեզ անպակա՛ս,
Ո՛վ դու մանուկ սիրելի.
Ծլե՛ս, ծաղկե՛ս և ծերանա՛ս,
Տալով պտուղ արժանի։

5 Որպես ծաղիկ, մանուկ, քաղցր ես
Եվ շնորհագեղ, որպես օր։
Մանո՛ւկ, մանո՛ւկ, ինձ չխաբես,
Մի՜շտ կաց այդպես լուսավոր։

Նայի՛ր վերև, տե՛ս, ի՜նչ սիրուն
10 Այնտեղ փայլում են աստղեր,
Եվ անթի՛վ են, և շողշողուն,
Որպես երկու քո աչեր։

Այնտեղ, հոգյակ, բնակվում է
Մեր սուրբ Հայրը երկնքի,
15 Նա՛ է, որ մեզ ուղարկում է,
Ե՛վ Կյանք, և՛ Սեր, և՛ Հոգի։

Նա ծագում է յուր արեգակ
Ամենայն օր քո վերա,
Որ զվարճանաս, որպես թռչնակ,
20 Օրհնի՛ր Անուն սուրբ Նորա։

Ունի Որդի մի Միածին,
Նա՝ է Փրկիչ աշխարհի.
Նա խաչ ելավ, տվեց հոգին...
Որ դու լինիս մարդ բարի։

25 Նա սիրելով յուր թշնամիք,
Օրհնեց Խաչին և ներեց,
Եվ մեզ դրեց յուրյան– որդեր,
Սիրել միմյանց պատվիրեց։

Նա հեզությամբ հաղթեց Չարին
30 Եվ մեզ առաց, որ և մեր
Հետևենք այդ օրինակին,
Չհպարտանանք մեք երբեք։

Մանո՛ւկ սիրուն, աղոթք արա՛,
Երբ դու գլուխդ խոնարհած՝
35 Համբուրում ես պատկերդ ահա,
Ոսկենկար զարդարած։

Եվ Ժպտում է որպես շուշան
Անհոգ մանուկն մոր գրկին.
Այսպես թռչնակը ճյուղի վերան
40 Օրհնում է յուր հրեշտակին:

Եկե՛ք Հայոց Եկեղեցի.
Այնտեղ կտեսնեք զմայլված
Պայծառ դեմքը այդ երկնացի,
Գարնան վարդը կիսաբաց։

1864