Անբախտ


Նա աղջի՛կ էր այնպես կայտառ,
       Լի մանկական աշխուժով.
Նա նայում էր այնպես պայծառ,
       Մի շա՜տ պարկեշտ հայացքով։

5 Նա անմեղ էր. անդորրություն
       Միշտ ողջունում էր նորան.
Նա ծաղկում էր ուրախ, անհոգ,
       Որպես վա՛րդը մայիսյան։

Մինչ ծագում էր արեգակը,
       10 Մինչ ժպտում էր առավոտ,
Երգ երգելով նա ճեմում էր
       Ծաղկոցի մեջ քաղցրահոտ։

Նա թափում էր սիրո շունչը
       Մանուշակների վերա,
15 Անփորձ սիրտը թրթռում էր,
       Որպես թռչնակն մոտակա։

Բայց այժմ տեսե՛ք, ի՛նչ հոգու վիշտ
       Նշմարվում է աչքերում.
Քնքո՜ւշ էակ, թառամել է
       20 Այդքան մանուկ հասակում։

Գույնը թռած, անբախտության
       Կնիքը դրած է ճակատին.
Կյա՛նք չեն խոսում անմահությա՛ն
       Շրթունքը այն երկնա յին։

25 Շատ կուսական, անմեղ հույսեր
       Խավարած են և շիջած,
Շատ պարզամիտ զգացմունքներ
       Նորա՛ մեջ թունավորված։

Այսպես լինում է մահապարտ,
       30 Երբ, հանելով խոր հոգոց,
Դահճի կացնին նա լուռ, հանդարտ
       Խոնարհում է պարանոց։

Ա՛խ, ո՞ւր գնացին, իմ գեղեցիկ,
       Խաղաղության վարդերը.
35 Այդ ի՞նչ րոպեք չարաբաստիկ
       Խլեցին քո հանգիստը։

Եկեղեցում լուռ կանգնած է,
       Անշարժ, որպես գերեզման,
Փեսայացվի խելքը գնում է,
       40 Ձեռը բռնած աղջկան։

Այդ փեսա՞ն է, ա՜խ, այդ փեսա՛ն,
       Որ տխրում է աղջիկը.
Նորա սիրտը, նորա կամքը
       Վաճառե՛լ են ծնողքը։

1864