Մի խաբիր քեզ, ինձ որ խաբում ես,
Դեռ ոչինչ։
Ինձ խաբելն էլ
Մեծ բան չէ. ինձ ո՞վ չի խաբել։
Հավքերը
Դարձել են տխուր ու լուրջ,
Այնքան որ՝ քեզնից քաշվում են
Երգելիս,
Քեզ ո՞նց ես պահում այդ։ Չհասկացանք։
Պատեհ ու անպատեհ պահերը
Ինձանից
Հյուսում են մի իզուր կյանք. -
Դու չե՞ս կարող մատներով
Փակել
Գնդակների հետքերն ինձ վրա։
Ես գիշերը քնել եմ, համարյա, ձեր
Փողոցի ծայրին
Ու
Չեմ զարթնել։ Մի գնդակ, մի վերջին գնդակ,
Իմ առջեւից վազում է,
Փնտրում է ինձ ամենուրեք, որ ինձ սպանի.
Բայց քանի որ ես էլ իր ետեւից եմ գնում,
Էլ ինձ չի գտնում այդ գնդակը։
Տեղս ասելուց առաջ
Տուր մատներիդ փունջը՝ որ մայրդ է հյուսել,
Ուզում եմ մի վերջին, վերջին անգամ համբուրել
Ու մեռնել մի վերջին, վերջին անգամ։