***

Մի Մարդ իր համար գնում է ճամփով.
Ծառը խոսում է - պատասխան չկա,
Սարը խոսում է - պատասխան չկա,
Անկանգ գնում է խավարի միջով,
Անկանգ գնում է արեւի միջով,
Եվ չունի «բարեւ» ու «բարով տեսանք»,
Եվ հրաժեշտի ոչ մի խոսք չունի.
Սիրտը արնում է ձյուների միջին,
Թեւը արնում է ձյուների միջին,
Ու գոհ չէ երբեք, դժգոհ չէ երբեք,
Երբեք չի լալիս, չի կանչում երբեք,
Տեսել է կյանքում հազար մի ավեր,
Եվ հազար անգամ խաբվել ու խաբել,
Եվ չի հավատում հիմա ոչ ոքի,
Ոչ մեկից ոչինչ չի ուզում լսել,
Չի ուզում խոսել, չի ուզում ասել,
Գնում է նա իր խռովքի միջով,
Գնում է նա իր տանջանքի միջով,
Կուշտ է ամենքից - ոչինչ չի ուզում,
Գնում է, գնում, հեռվի մեջ սուզվում.
Գլխից վեր՝ ցավեր, ոտքի տակ՝ ցավեր
Ու չհասկացված, խռով ամենքից,
Ինքն իր սերը ուսերին առած,
Ինքն իր ցավը ուսերին առած,
Մի Մարդ իր համար գնում է ճամփով։