Մի կարոտ կա ոտքերիս մեջ,
Բայց վերծանել չեմ կարենում:
Իմ ոտքերը ինձ խլում են
Փողոցներից ասֆալտապատ,
Շեղում ճամփաս ու հասնում են
Խութ ու ձորակ, լեռ ու ապար:
Քերծվում նեղլիկ կածաններում,
Թացվում ջրով Քար աղբյուրի,
Հետո գալիս, գլուխն ելնում
Հոգնախռով մեր Մեծ քարի:
Ծաղիկների, աղջիկների
Գեղեցկաբույր տեսքով տարվում,
Ամեն ինչում փնտրում եմ ես,
Փնտրում նրանց
Ջերմությունը պարզ, անթերի...
Եվ թե այսպես շարունակեն,
Ինձնից էլ ինձ պիտի հանեն
Ու «մոլորեն» իմ ձորերում.
Խենթ ու խելառ իմ ոտքերը
Տեսնես ո՞ւր են այսպես տանում:
Մի կարոտ կա ոտքերիս մեջ,
Մի հին կարոտ,
Բայց վերծանել չեմ կարենում: