Մի միտք


Երբ մեր կյանքի ծանր հոգսը
Դառնացնում է իմ հոգին,
Եվ ապագան յուր քաոսը
Բացում է իմ առաջին,—
Հայնժամ, կարծես, ծանր մի քար
Ճնշում է սիրտս անդադար։

Հանկարծ ծանր քարը զգում եմ,
Թե ընկնում է իմ սրտից,
Եվ մի րոպե ես շնչում եմ
Ազատ, թեթև, ոգելից,
Եվ կորչում է ամեն քաոս,
Նույնպես և ամեն ծանր հոգս.

Որովհետև այդ ժամանակ
Մի քաղցր միտք իմ գլխում
Արագընթաց, որպես կայծակ,
Պայծառ լույս է արձակում.
Ո՜հ, այդ միտքը է ավետիս՝
«Այսօր, թե վաղը պիտ՝ մեռնիս»։

13 հուլիսի 1886.