Մի պատուհան լույս՝ տխրության վրա. -
Ինչ անենք, թե որ արեւը կարծր է,
Ինչ անենք, թե որ արեւը բարձր է,
Ինչ անենք, թե որ արեւի շուրջը
Կապույտը թանձր է.
Մի պատուհան լույս՝ մենության վրա։
Մի հայացք կարոտ՝ օրերի երթում. -
Ինքն իրեն, կամաց սիրտը հունցվում է,
Ինքն իրեն, կամաց սիրտը հյուծվում է.
Ինքն իրեն, կամաց ճեղքվածքում սրտի
Սերը հյուսվում է.
Մի հայացք կարոտ՝ օրերի հերթում։
Քսան դար ճամփա՝ հավերժի խորքում. -
Տխրության միջից պահը հոսում է,
Մենության միջից պահը խոսում է,
Կարոտի միջից - օրերի երթում -
Պահը հուզում է.
Քսան դար հույսեր՝ հավերժի հոսքում։
Մի աչք պարզություն՝ իմ ճամփի վրա. -
Յոթ անգամ խաբված, էլի՝ խաբկանքում,
Յոթ անգամ փորձված, էլի՝ փորձանքում,
Յոթ անգամ խոցված թրից մտերիմ,
Էլի՝ խոցվածքում,
Յոթ կյանք փորձություն՝ մի կյանքի վրա...