Մի պատուհան լույս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երբ քեզ ասում եմ)

Վարդան Հակոբյան

Վիշտը քեզ ունեցավ
***

Երբ քեզ ասում եմ՝ Սոսե,
Չի նշանակում, թե ես Սերոբն եմ,
Պարզապես
                   Ուզում եմ, որ
Ապրի,
Սոսեի եւ Սերոբի
Սերը։
Այսքանը։
Եվ բացի այդ։
Ինձ այսքան դժվար վիճակում մի դիր,
Ինքս էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում ասել,
Երբ քեզ ասում եմ՝ Սոսե...
Լեռը դնում եմ բառերիս մեջ,
Ծաղիկը դնում եմ բառերիս մեջ,
Քարը դնում եմ բառերիս մեջ,
Բառերիս միջով հոսում է արյունը,
Որով խոտի կանաչն է ողողված,
Որով առվի կարկաչն է ողողված,
Որով ողողված է դաշտը անեզրական
ՈՒ հին։
Երբ քեզ ասում եմ՝ Սոսե,
Քո ետեւից գալիս է դուռը ոսկյա
Եվ քայլերդ, ուր էլ գնաս,
Քեզ տանում են դեպի ներս,
Մեկեն դառնում ես Տաճար աստծո...
Եվ քո զույգ կրծքի գմբեթների տակ
Սիրտդ զանգ է մի,
Լեզվակը բարձր, երկնից էլ բարձր
Եվ միայն ձեռքն է հասնում աստծո։
Երբ քեզ ասում եմ՝ Սոսե,
Սոսե,
Նշանակում է՝
Մարութա սարն եմ ուզում բարձրանալ։