ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂՈՎ


***
Վարդան Հակոբյանը տաղանդավոր բանաստեղծ է։ Տաղանդավոր բառը օգտագործեցի ոչ պատահական կերպով։ Իսկապես, նրա մեջ խոսում է հայկական հավիտենական Արցախը...
                                        ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
                                        Ամենայն Հայոց կաթողիկոս

***
Ուրախ եմ, որ օտար ափերուց անունդ դեն ես ձգում, հագնելով հայկական արծվենի անունը՝ Վարդան, այն, որ Ավարայրն է հիշեցնում եւ սաստում է ազգի դավաճաններին...
Ապրես, որ միշտ ստեղծագործում ես... Հուսանք...
                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
                                        Բանաստեղծ

***
Մեր բանաստեղծական հարուստ աշխարհում իր հոգու աշխարհն ունի բանաստեղծ Վարդան Հակոբյանը։ Ֆիդայի է նա էությամբ, իր պոեզիան էլ՝ ֆիդայական։
                                        ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
                                        Արձակագիր

***
Խոսքս ուզում եմ սկսել Եվգենի Եվտուշենկոյի հրապարակախոսական հոդվածներից մեկում վերջին տարիներս հաճախակի հիշվող այսպիսի մի արտահայտությամբ. «Պոետը Ռուսաստանում միայն պոետ չէ»: Ես կասեի, որ հայ բանաստեղծը կրկնապես ավելին է։ Եվ այսօրվա առիթով ուզում եմ ընդգծել՝ Ղարաբաղի բանաստեղծը եռակի բանաստեղծ է, շատ ավելին է, քան բանաստեղծը։ Այն հանգամանքը, որ տաղանդավոր բանաստեղծ Վարդան Հակոբյանը ձեռնարկել է նաեւ գրականության ընթացքը պատկերող աշխատություն, զուտ բազմաժանրության արտահայտություն չէ. ես այդ գիրքը («Հայ նորագույն բանաստեղծության զարգացման ուղիները, 1950-1980թթ.») դիտում եմ որպես կենդանի կապ մայր հայրենիքի ու Ղարաբաղի միջեւ։ Ես նրա հեղինակին համարում եմ մեծ գործիչ։ Մի երկու տարի առաջ ես այնտեղ էի՝ Ղարաբաղում, եւ բազմաթիվ հանդիպումների ժամանակ զգացի, թե ինչպիսի մեծ կազմակերպչական ջիղ ունի Վարդանը, թե ժողովուրդը ինչպես է նրան սիրում։ Վարդան Հակոբյանը նաեւ համալսարանի դասախոս է։ Ուրեմն՝ նա իսկական հայ գրողի կերպար է, իսկական հայ բանաստեղծի կերպար։ Ուրեմն՝ Վարդանը ամեն տեղ է. բացի իր գրասեղանի մոտ լինելուց՝ խրամատներում է, համալսարաններում է, զանազան գյուղական համայնքներում է։ Մի խոսքով, այս ծանր տարիներին նա շատ ավելի ավելին է, քան բանաստեղծը։ Այս գիրքը գրվել է դժվարին պայմաններում, երբ որ Ստեփանակերտն իր վրա կրում էր գրադի հարվածները, երբ որ Ղարաբաղը մաքառում էր թշնամու դեմ, երբ որ միաժամանակ մանուկներ էին ծնվում մոմի լույսի տակ։ Ահա նույն այդ մոմի լույսի տակ, փոխաբերական իմաստով, գրված է նաեւ այս գիրքը, որը, հիրավի, արժանի է բարձր գնահատականի։ Այստեղ նշվեց, որ մեր պայմաններում հատկապես, հիմա, երբ որ ընդհանուր ժխտական վերաբերմունք կա դեպի անցյալի գրականությունը, պոեզիան, անցյալի գործունեությունը, հատկապես գնահատելի է մեր հարգելի հեղինակի էսպես անաչառ մոտեցումը, խոր մոտեցումը, իմաստուն մոտեցումը դեպի մեր դժվարին, բայց բազմահարուստ անցյալը։

                                        ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
                                        Բանաստեղծուհի
                                        Երեւան, 1998թ. հոկտեմբեր

***
Վարդան Հակոբյանը ճշմարիտ բանաստեղծ է, ձիրքով ու ներքին զորությամբ լի, հետաքրքիր աչք ունի, որոնող միտք եւ տոկուն քայլք, որ ունենում են լեռների որդիները։
                                        ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Վարդան Հակոբյանի պոեզիայի ընդգրկումները համարյա անսահման են՝ այսօրերգությունից մինչեւ միջնադար, Ամարաս, որ մեր սրբազան հավատքի ակունքն է։ Մեր Արցախին Վարդան էր պետք, եւ նա կա՝ երիտասարդ, առույգ, տաղանդավոր։
                                        ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ
                                        Գրող, պատմական
                                        գիտությունների դոկտոր

***
Վարդան Հակոբյանը հայ բանաստեղծների պայծառ համաստեղծության մեջ ունի իր հաստատուն տեղը։ Բնությունից շռայլորեն նրան տրված տաղանդը նոր փայլատակումներ, նոր գույներ ու երանգներ բերեց հայ բանաստեղծական բարձր արվեստին՝ այն հարստացնելով մնայուն արժեքներով։
                                        ՍԵՐԳԵՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
                                        ՀԳԱԱ ակադեմիկոս

***
Վ. Հակոբյանի տարերքը, անշուշտ, մեղմօրոր նվագները չեն։ Նրա պոեզիան ավելի շուտ ջղուտ, առնական, քաղաքացիական պաթոսի ուղղվածությանն է դավանում։ Սակայն նրա երգերում հաճախ հուզականը այնքան ընդգծված է հանդես գալիս, զգացմունքայինը այնպիսի վարար հորձանք է տալիս, կարծես գործ ունես քնարական նուրբ բանաստեղծի հետ։
Առանձնապես դա երեւում է սիրո, մայրական թեմայի, հուշային մեղեդիների մեջ։ Այստեղ էլ Վ. Հակոբյանը խորապես զգում է իր նյութը, զգում է ամբողջ շնչառությամբ, որի շնորհիվ քնարական անձնավորումները կենդանի ու բնական գույներ են առնում, ընթերցողին ողողում ջերմ ու անկեղծ զգացումներով։
Աստվածառաք բանաստեղծը բնածին շնորհներ ու զարմանալի բնազդ ունի նյութի կամ երեւույթի խորքը թափանցելու, դրանց բյուրատեսք ու բյուրաձեւ էությունը կռահելու եւ իմաստային ծալքերը բացելու համար։ Վ. Հակոբյանը անպայման այդպիսի բանաստեղծ է՝ օժտված մեծ տաղանդով։ Նրա քնարական ու քաղաքացիական նվագները օրհներգություններ են, աղոթախառն երկրպագություններ բնությանը, սիրուն, մարդուն, հայրենի Արցախին։ Իր չափածոյի փոքր ձեւերում՝ էտյուդներում, ճեպանկարներում, գեղեցիկ ու խորքային ծփանքներով լեցուն տրիոլետներում այդ կռահումները առավելապես մարդկայինի բարդ ու բազմաշերտ էության բացահայտման, կենսական հավատի հաստատման նպատակայնությամբ են հղացված։
Իմ համոզմամբ՝ այդ ավանդույթներից ամենագլխավորը ազգային ոգու պահպանման գեղագիտական սկզբունքն է, որը Վ. Հակոբյանի պոեզիային տալիս է առանձնակի փայլ ու հմայք։ Այս առումով՝ նա իր սերնդակիցների մեջ չունի հավասարը, իսկ դա այն չափանիշն է, որով բանաստեղծը երկարակեցություն է ապահովում իր համար մայրենի գրականության անդաստանում։
                                        ՍԵՎԱԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
                                        ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

***
Մենք հիացած ենք Ձեր խոսքի ուժգնությամբ եւ սրտի անկեղծությամբ։ Մենք ողջունում ենք, հանձին Ձեզ, Արցախի հայ ժողովրդի պահանջատիրական ոգու ամենից ուժեղ, իմաստուն եւ կորովի առաջնորդներից մեկին, սրտի եւ զգացումի մարդուն, տեսիլքի ուխտավոր բանաստեղծին։
                                        ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՇՃՅԱՆ

***
«Արցախա ծուխը» հայ քնարերգության վերջին տարիների նվաճումներից է։
                                        ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
                                        Արձակագիր

***
Վարդան Հակոբյանն ապրում եւ ստեղծագործում է իրադարձությունների հորձանուտում, պատնեշի վրա է անընդմեջ, դրա համար էլ նրա ամեն մի բանաստեղծությունն ընկալվում է որպես կյանքի մի թարմ պատառիկ։ Նա քաջ գիտե, որ ժամանակին ասված խոսքը շատ ավելի թանկ արժե, քան տարիներ հետո այդ նույն թեմայով գրված պաճուճազարդ հովվերգությունները։ Վարդան Հակոբյանը ե՛ւ կռվող մարտիկ է, ե՛ւ խոսքի զորավար, ե՛ւ տաճարի շինարար, ե՛ւ երկրպագու։
                                        ՎԱՐԴԳԵՍ ԲԱԲԱՅԱՆ
                                        Բանաստեղծ, թարգմանիչ

***
«Երամականչ» պոեմը իր ինքնաբուխ անմիջականությամբ, ներքին այրումներով ժողովածուի հանրագումարն է, բարձրակետը։ Մայր-լեռնաշխարհի հարազատ ու լավատես որդին է «Արցախա ծուռ» Արշակ քեռին։ Պոեմը վիպերգ է, ասք մարդու մասին. պատմել նրա բովանդակությունը, նշանակում է գրեթե ոչինչ չասել, այն գրվել է միայն կարդալու համար։ Արշակի կերպարը նորություն է սովետահայ պոեզիայում՝ նորություն էությամբ, խորքով, մեկնաբանությամբ որքան ժամանակակից, նույնքան ավանդական եւ դրա համար էլ մնայուն եւ սերունդներին ուղեկցող հոգեսնունդ աղբյուր։
                                        ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Վարդան Հակոբյանը ժամանակակից հայ պոեզիայի առաջատարներից է։
                                        ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
                                        Արձակագիր,
                                        ՀԳՄ նախագահ

***
Անխաթար, մաքուր, հավերժական սիրո սպասումները զգուշորեն տեղադրելով պարզ, կենցաղային փոխհարաբերությունների մեջ, Վարդան Հակոբյանը մեզ է փոխանցում բանաստեղծական կենդանի, ապրող մի աշխարհ, որի գոյությունն անժխտելի է։ Նա փորձում է նաեւ իր ժամանակի պատմիչը լինել՝ հատկապես մեծ կտավի համեմատաբար փոքր գործերում։ «Երամականչ» պոեմում, «խենթ» Արշակի պատմությունը պատմելիս, բանաստեղծի խոսքը ասես մոտենում է էպոսային պատումի։
                                        ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Եթե փորձենք մեկ նախադասությամբ բնութագրել Հակոբյանի բանաստեղծությունների բովանդակությունը, ապա պետք է ասենք, որ այստեղ ցոլանում է ժամանակակից հայ մարդու հոգին՝ իր ղարաբաղյան ինքնահատուկ դրոշմով։
                                        ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
                                        ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
                                        գրականության ինստիտուտի
                                        տնօրեն,
                                        բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

***
Ղարաբաղն այսօր ունի զգալի թվով Հայաստանի ԳՄ անդամներ, կա գրական միջավայր, կա գրական մթնոլորտ եւ, փառք Աստծո, որ արդեն հայտնվում են խոշոր անհատականություններ։ Այդ անհատականություններից առաջինը պիտի համարեմ Վարդան Հակոբյանին։ Վարդանն իր պոեզիայով, իր ամբողջ հասարակական-գրական գործունեությամբ, ամեն ինչով մի ամբողջ վերածնունդ է Ղարաբաղում։
                                        ԲՈԳԴԱՆ ՋԱՆՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Մշտապես իր մեջ կրելով ակնածանքը մեր պայծառ անունների ու նրանց արածի հանդեպ, Վ. Հակոբյանն իր համար նոր ուղի, նոր հուն է բացում, որ շատ կողմերով անսովոր է մեր աչքին. ասենք՝ բանաստեղծության պարունակած ասելիքով։
                                        ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Վարդան Հակոբյանը որպես մարդ եւ որպես բանաստեղծ նման է Արցախի մեծ գետին՝ Թարթառին, միշտ տարերքի մեջ, միշտ հորդաբուխ ու զմայլելի, չափ ու ձեւ չճանաչող, կապ ու կամուրջ չհանդուրժող, խենթ ու իմաստուն։ Նա ոչ միայն նորոգեց Արցախի գրական օջախը, այլեւ ամուր հիմքերի վրա կառուցեց մեր նոր տունը։
                                        ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Բեղմնավոր գրիչ ունի Վարդան Հակոբյանը՝ նա երկու տասնյակից ավել բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, եւ մեր ընթացիկ գրականության մեջ իր տեղն ու դիրքը գրաված բանաստեղծ։ Ստեղծագործական անուրանալի ձիրքով օժտված մեր այս բանաստեղծի երկերի հետեւողական ընթերցողը դժվար թե նկատած չլինի մի հետաքրքիր, զարմանալի օրինաչափություն, որը տարբեր ուժգնությամբ ձգվում է նրա առաջին գրքից մինչեւ բոլորովին վերջերս թղթին հանձնված տողերը. խոսքը՝ առաջին տպավորությամբ անհամատեղելի երեւույթների՝ վերամբարձ - պաթետիկի եւ սովորական - առօրեական հաշտ - համերաշխ գոյակցությունն է նրա ստեղծագործություններում, ինչին բանաստեղծը հասել է մի անբացատրելի, անմեկնելի վարպետությամբ եւ ինչը դարձել է նրա ձեռագրի, բանաստեղծական նկարագրի անտրոհելի մասը։
                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
                                        Բանաստեղծ,
                                        ՀԳՄ քարտուղար

***
Սիրեցի Վարդան Հակոբյանի «Արցախա ծուխը» բանաստեղծութիւներուն։ Այդ «ծուխ» չէր բայց, այլ՝ բոց։ Գիրքը ամբողջութեամբ ներծծուած է Արցախով, այսինքն մեր երկրով, Հայաստանով։ Ատիկա ծուխ է թշնամիին աչքերուն համար...
                                        ԹՈՐՈՍ ԹՈՐՈՆԵԱՆ
                                        Բանաստեղծ (Սիրիա)

***
Վարդան Հակոբյան բանաստեղծին ես ճանաչում եմ վաղուց՝ տասնամյակներ շարունակ, եւ պիտի ասեմ, որ նա մեր բանաստեղծական նորագույն շարժման, նորագույն ալիքի ամենաարժանավոր ներկայացուցիչներից մեկն է։ Նա միշտ ժամանակի թոհ ու բոհի մեջ է՝ որպես արցախյան շարժման ամենաակտիվ առաջամարտիկներից մեկը։ Եվ ես պիտի հպարտությամբ ասեմ, որ հայ բանաստեղծներիս ու գրողներիս երեսը, ինչ որ իմաստով, Վարդանը պարզ արեց։

Արցախաշունչ տողեր, որոնցում ամփոփված են հայրենի լեռնաստանի ցավն ու կսկիծը, հույսն ու հպարտությունը, սերն ու ակնածանքը... Ինքը՝ Վարդանը, կարծես Արցախի մարմնացումը լինի՝ Արցախի պես ժայռեղեն, Արցախի պես քնքուշ, Արցախի պես կոշտ, Արցախի պես արծվասիրտ։ Երեւի միայն արցախցի պետք էր լինել՝ բանաստեղծական տողի այդպիսի բարձրարվեստ համաձուլվածք ստեղծելու համար։
                                        ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ
                                        Բանաստեղծ, «Արեւիկ»
                                        հրատարակչության տնօրեն

***
Աշխարհը հայտնագործող պոետական պարադոքսների մի փունջ է բռնել ձեռքին Վարդան Հակոբյանը, եւ «հորինում» է այն, ինչ միայն ներքին աչքով է զգացված։
                                        ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
                                        Բանաստեղծ, բան. գիտ. դոկտոր,
                                        ԵրՊՀ պրոֆեսոր

***
Վարդան Հակոբյանը, խորապես կապված լինելով Ղարաբաղի հետ, իր պոեզիայով վաղուց դուրս է եկել աշխարհագրական այդ սահմաններից եւ պատկանում է ժամանակակից հայ բանաստեղծությանն ընդհանրապես։ Նա այսօր մեր քնարերգության, մեր գրականության ամենավավերական եւ ամենահետաքրքիր դեմքերից է։
                                        ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
                                        Արձակագիր


***
Վարդան Հակոբյանի «Վաղվա աչքերով» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն հարազատ եզերքը ոգեշնչող նվագարան է հիշեցնում, ուր պիրկ լարերը հնչեցնում են սրտի, հավատի երգեր։
Մագնիսական ուժի տեր բանաստեղծ է Վարդան Հակոբյանը, նա կարող է իր շուրջը համախմբել բոլոր նրանց, ովքեր արյուն ունեն հողին տալու, Արցախին տալու, Հայաստանին տալու։
                                        ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
                                        Արձակագիր, հրապարակախոս

***
Վարդան Հակոբյանը միայն իր երկրամասի (թեկուզեւ՝ պատմական ու հզոր ոգեղենությամբ բնութագրվող) տարեգիրը չէ սոսկ։ «Գողգոթա», «Երամականչ», «Տաճարն Աստծո», «Մաշտոցն Ամարասում», «Քրիստոսի ծաղիկները» պոեմները հայապատում են, յուրովի ազգապատում։
                                        ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
                                        Արձակագիր, հրապարակախոս

***
Արցախյան ֆենոմենի ու ազգային ոգու գիտակցման փիլիսոփայական խոհը ժամանակագրական բաժանումներ չի ենթադրում ժողովածուի բանաստեղծական շարքերում ու պոեմներում, այն գոյության ու հավերժի մշտնջենական խորհրդով մի յուրօրինակ ընդհանրություն է գծում, հոգեբանական այն շարժման մեջ, որը պատմաքաղաքական, մշակութաբանական, դիցաբանական ու իմաստասիրական ներհուն խտացումներում ամբողջացնում է Հակոբյանի գեղագիտական հավատամքը։
                                        ՍԻՐԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ
                                        Բանասիրական գիտությունների
                                        թեկնածու

***
Վարդան Հակոբյանի պոեզիան ինձ դուր է գալիս։ Նրա պոեզիայի ամենաակնառու հատկանիշը անկեղծությունն է։
Նրա երկը անմիջական է, պարզ, առինքնող եւ խորապես հաղորդական։
Արցախը ավելի սիրելի դարձավ ինձ համար եւ ավելի հարազատ, երբ ես առիթ ունեցա կարդալու Վարդան Հակոբյանի գեղեցիկ, պատկերավոր եւ ժողովրդական համ ու հոտով հագեցված պոեզիան։
Նոր հաջողություններ եմ ցանկանում իրեն։
                                        ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
                                        Բանաստեղծ
                                        ԱՄՆ

***
Ներքին ձայնին ունկնդիր՝ նա «վերանայում է» իր ճանապարհի հոգեբանությունը՝ դուրս գալու «հակաճանապարհ»։ Շատ համբավավոր ստեղծագործողներ են ոչ միայն նոր ժամանակներում, այլեւ անցյալում ապրել այդ «տիեզերական դինամիկան»։ Տաղաչափական անկաշկանդ տարածությունը Հակոբյանին ընձեռում է նոր հնարավորություններ ամեն տեսանելի ու անտեսանելի առնել ստեղծագործական արարման ծիրի մեջ...
                                        ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ
                                        Արձակագիր


***
Վերջին տարիներին Վարդան Հակոբյանի պոեզիան անակնկալներ է մատուցում։ Նա գոյավորել է այնպիսի բանաստեղծական տարածք, որտեղ արտաբերվող-գրվող գրեթե յուրաքանչյուր խոսք ասույթի արժեք ունի («Գերեզմանոցի ճանապարհին // յուրաքանչյուր մարդ // փիլիսոփա է», «Իմ սիրո երգերից ամենալավն այն է, // որն ընդհանրապես սիրո մասին չէ», «Ամեն ինչ երեւում է վերջում, բացի վերջից» եւ այլն), ասույթի են վերածվում նույնիսկ զգացողությունները՝ «Բայրոնի այգում // քայլելիս ակամայից // ձախ ոտքս սկսում է կաղալ»։
                                        ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
                                        Գրականագետ

***
Մարդկային կյանքը, որը հաճախ է համեմատվում ճանապարհի հետ, իր առանցքային նշանակությամբ ամրագրված է Վարդան Հակոբյանի «Թեւեռի հեռուն» եւ «Քարի շնչառությունը» բանաստեղծական ժողովածուների հիմքում։ Ճանապարհի անհասանելիությունն ու կյանքի անհարատեւությունը որպես հիմք ծառայեցնելով՝ բանաստեղծը կառուցում է աշխարհընկալման սեփական փիլիսոփայությունն ու կյանքում առկա յուրաքանչյուր երեւույթ դիտարկում այդ նույն փիլիսոփայության լույսի ներքո։
                                        ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
                                        Գրականագետ

***
Յուրաքանչյուր բանաստեղծություն ունի իր լռությունը, որ կրակե լավայի մեջ է առնում պոետական զգացողությունները եւ մղում դեպի Անհունը։ Սպիտակ թղթին շարված տողերում չի միայն ամփոփվում բանաստեղծությունը. այն տարածվում է նաեւ տողերի ու բառերի տարածությունից դուրս եւ իր ազդեցության յուրօրինակ մթնոլորտում հայտնաբերում կամ վերակերտում է ժամանակակից ընթերցողին։ Վարդան Հակոբյանն իր այս բանաստեղծական մատյանով ընդարձակում է հայ պոեզիայի հնարավորությունները՝ մոտենալով մի կետի, որ Հոգու եւ Երազի սահմանն է, որից այն կողմ... բաբախում է մի նոր Անհայտություն։
                                        ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ
                                        Բանաստեղծ

***
Վարդան Հակոբյանը խիստ պատկերային լեզու ունի, որը թարգմանության ժամանակ դժվարացնում է գործը։ Բոլոր թարգմանիչներին է հայտնի, որ առանձնահատուկ ոճ ունեցող բանաստեղծներին թարգմանելն անչափ դժվար է։ Բայց ես սիրով կատարեցի իմ գործը, որովհետեւ Վարդան Հակոբյանի պոետական աշխարհը ինձ շատ հոգեհարազատ է։ Ես իմ աշխատանքից գոհ եմ իսկապես, բայց հիմնական գնահատականը սպասում եմ ընթերցողից։ Եվ ելնելով այն հանգամանքից, որ թարգմանիչը, ինչպես ասում են, գրողի լավագույն ընթերցողն է ու մեկնողը, կարող եմ ասել՝ չափազանց ուրախ եմ, որ կարողացա մոտիկից ճանաչել այսքան ինքնատիպ ու հետաքրքիր մի բանաստեղծի։
                                        ՏԱԹԵՎ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
                                        Բանաստեղծուհի,
                                        թարգմանչուհի