***

Մի օրորոց է պակասում միայն...
Գլուխս առել ծնկներիդ վրա,
Օրորում ես, մայր,
Բայց օրորվողը էլ արդեն ես չեմ,
Իմ երազներն են։
Իմ խոհերն են եւ աշխարհն է գուցե,
Միայն թե՝ ես չեմ։
Մի օրորոց է պակասում միայն...
Տեսնու՞մ ես, արդեն էլ լաց չեմ լինում
Ու չեմ պահանջում,
Որ ինձ բարուրած տնից դուրս տանես
Առաջվա նման,
Երբ չգիտեի հանգիստ, քուն ու նինջ.
Ո՞վ էր մեղավոր,
Բանաստեղծ էիր ծնել ինձ մի քիչ...

Մի օրորոց է պակասում միայն...
Ապրած օրերս խտացել իմ մեջ
Ու փոթորկել են իրենցով հոգիս,
Բայց տխրությամբ չեմ քո գիրկը ընկել,
Տխուր չեմ, օ, ոչ...
Սակայն դու, ներիր, ներիր որդուդ, մայր,
                 Նորից եմ ծնվում,
Այս անգամ արդեն... ապրած օրերից։

Մի օրորոց է պակասում միայն...