Մի օրորոց է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մտորումներ վիետնամական)

Վարդան Հակոբյան

Սուրբ է անտառը
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ


Արյունս տաք է,
Արյունս իմ մեջ վառվում է հիմա
Հորիզոն ելնող արեւի նման:
Հայացքս անհուն խոսքեր է պոկում
Անգամ քարերից,
Իսկ պարզությունս դեռ իմ սրտի մեջ
                Փորձում է պահել
Բացվող բողբոջի պայթյունը կանաչ,
Արկի պայթյունն է խանգարում, սակայն:

Արյունս տաք է,
Արյունս կարմիր հրդեհ է ասես
                Իմ երակներում,
Եվ ես մի վայրկյան
Մոռանում եմ սեր, վայելք ու ժպիտ,
Երբ ծաղիկների փայլին եմ նայում
Ու լսում անզուսպ ցասումը նրանց.
- Որոտ կա հեռվում
Ու անմեղ ճիչ կա տրորվող գարնան:
Արյունս տաք է,
Արյունս հոսում երգերիս միջով,
Խոհերիս միջով արյունս հոսում,
Ոչ թե միայն իմ,
Այլ նաեւ սիրտն է անցնում լեռներիս,
Որպես խենթացած արեւի հալոցք՝
Մի փորձեք հպել ձեր շուրթը նրան:
Արյունս տա՛ք է,
Տա՜ք է արյունս...