Մնաս բարյավ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 310
տ. ― էջ 472, ծ. ― էջ 614

Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից

ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ


Մնաս բարյավ, և թե կուզես՝
Դե հավիտյան մնաս բարյավ․
Որքան լինիս դու անիրավ
Վեր չի կենալ սիրտս քո դեմ։

5 Օ՜, թե կուրծքս ես բանայի,
Ուր գլուխդ դրել ես դու՝
Այժմ արդեն անդառնալի
Կորած քնով՝ հանգել ես դու—

Նորա ներքև կարենայիր
10 Գաղտնի մտքերըս որոշել,
Այն ժամանակ կիմանայիր,
Որ շատ խիստ ես դու ինձ պատժել։

Աշխարհքն, այո՛, գովում է քեզ,
Ծափ է հարում քո արարքին,
15 Բայց այդ գովքը պարսավ է քեզ
[Բայց այդ] ծաղր է իմ տանջանքին։

Իմ մեղքն, [իրավ], ինձ խորտակեց,
Սակայն մի՞թե այլ զենք չըկար.
Եվ այն ձեռքը, որ ինձ գըգվեց,
20 Նա պետք է այս հարվածը տար։

Ոհ, մի՛ խաբվիր ունայն հուսով—
Կըթարշամի սերը կամաց,
Բայց դժվար է կամքի ուժով
Սիրտը սրտից պոկել հանկարծ։

25 Քո սիրտն [այնպես] զարկում է դեռ,
Իմն էլ թեև [միշտ] ցավատանջ,
Խոր կեղեքված ու կարեվեր—
Դողում է դեռ ինչպես առաջ...

Էս խոսքերը վիշտ են ամբողջ
30 Մեծ, քան վիշտը սգավորի,
Մենք երկուսս էլ կենդան ու ողջ
Ու ապրում ենք— ինչպես այրի։

Արդյոք երբ դու ուզես հրճվել
Թոթովանքով մեր աղջըկա,
35 Կըսովորցնե՞ս «հայրիկ» կանչել,
Երբ նրա մոտ հայրիկ չըկա։

Կամ նա երբ որ քեզ համբուրի,
Փարի քնքուշ թաթիկներով—
Պիտի հիշե՞ս— ով էր գերի
40 Ու երջանիկ լոկ քո սիրով։

Գուցե հանկարծ հիշես մեկին
Քեզնից հեռո՜ւ, արհամարհված
Ու տըրոփե սիրտըդ կրկին.
Ինչպես երբեմն— ինձ նվիրված։

45 Իմ հանցանքն էլ գուցե հիշես—
Որոնք միայն քեզ են հայտնի,
Տանջանքներս էլ հիշիր նույնպես,
Եվ հույսերըս [անդառնալի]։

[Զգացմունքներս ողջ խորտակված
50 Գոռոզությունս, որ ընկճեցիր,
Նույնիսկ հոգիս քեզնից լքված
Թողնում է ինձ— անշունչ մի իր․․․]

Ողջ անցել է։ Զուր են խոսքերն,
Եվ իմ խոսքից զուրը— չըկա.
55 Բայց [վրդովված միտքն՝ ապստամբ]
Դուրս է հորդում նա ակամա։

Մնաս բարյավ։ Այսպես կըտրած
Իմ հարազատ կապերն ամեն,
Մերժված, մենակ, սիրտըս կոտրած,
60 Էլ ի՜նչ մահ է ինձ [հարկավոր]։