ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ

Մոլլա Մասրադինն իր հարևանի՛ցն
Մեկ օր մեկ պղինձ սկսեց փոխ ուզիլ։
Իր կարիքն հոքաց, եդ բերեց պղինձն,
Բայց հետն էլ մեկ փոքր թավա էր դրել։
Խեղճ հարևանը մնաց զարմացած,
Խորամանկ Մոլլի միտքը չիմացած,
«Պա՛տվելի՝ ասեց, էս ի՞նչ ընկեր ա,
Որ պղնձիս հետ իմ տունս եկել ա,
Ես քեզ անցած օրն՝ մինը փոխ տվի,
Հիմիկ ջխտվել են. ի՞նչ պետք է ըլի»։―
    Սուրբ Մոլլեն նրան փառավոր դիմով
    Իմամ, Հուսենի, Ղուռանի անունով
    Գլխումն նստացրեց, թե նրա պղինձն
    Ծնավ իր տանը։ Թե չէ իրանից
    Գի՛ժ չէր, որ իր տան հաջաթն վերցներ,
    Ու նըհախ տեղը ուրիշին բախշեր։―
    Հարևանն թեև շատ էլ միտք արեց,
    Ուսերը քաշեց, գլուխը շարժեց.
    Բայց ավելի շահն ո՞ւմ փորն ա ծակել.
    Ով շատ ագահ է, վա՜յ էն մարդին էլ։
    Հարևանն սկսեց շնորհակալ լինիլ
    Ու ուրախությամբ թավեն տուն տանիլ։
Մեկ քանի օրից եդը մյուս անգամ
Մոլլեն էլ էկավ առ իր բարեկամն.
Դեռ չէ՛ր բերանը բաց արել, իսկույն
Դրացին խնդությամբ՝ շուտով վազեց տուն,
Պղինձը դուս բերեց, մեր Մոլլին տվեց,
«Էլի կըծընի», իր մտքումն կարծեց։
    Բայց Մոլլի հեսաբն դեռ չէր մտածել։
    Օրն շաբաթ դառավ, շաբաթը ամիս.
    Չարեն կտրեցավ, պղինձը պահանջել
    Սկսեց դրացին, բայց դու ո՛չ մեռնիս։
    Մոլլեն էլ ո՛չ սուրբ, ո՛չ իմամ թողեց,
    Քյաբ ու Ղուռանով չարաչար երդվեց։
    «Թե նրա խեղճ պղինձն՝ մեկ ամսից աոաջ
    Վա՜յ տեր կանչելով, մեղա գոչելով
    Հոգին ավանդեց, երկինքը գնաց»։―
Դըրացին մնաց քար կտրած, սառած.
Հենց բռնես, մեկ ձի գլխին քացի տվեց։
Մոլլի ոտն ու գլուխն չափելով՝ ասեց։
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ։
Էդպես մասալեքն պառավքը կասեն.
Կամ պղինձս տուր, կամ նրա ջառըմեն.
Թե չէ ո՞վ է լսել՝ թե պղինձը կը մեռնի»։―
— «Էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞,―
Տո քո՛փակ.
Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.
Ով որ ծնելուն հավատ կընծայի,
Ու ծնած որդին իր տունն կտանի,
Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞։―
    Դիվանն էլ Մո՛լլին իրավունք տվեց.
    Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.
    Ձեռն ո՛չինչ չընկավ. ում էլ հարցրեց,
    Հենց է՛ն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց։
    Խորամանկ մարդիցն աստված ազատի,
    Խելացին նըրա ո՛չ խերն, ո՛չ շառը,
    Իր օրումն երբեք չի պետք է ուզի։