***

Մոլոր, շվար, հոգեմրմուռ
Գլորվում են իմ օրերը։
Սրտիս վրա՝ սեւ է, սարսուռ,
Էլ չեն բացվում իմ թեւերը։

Մութ, մառախուղ թանձրացել են,
Ո՞ւր մնացին երազները.
Ճամփաներս դառնացել են,
Ծանրացել են վայրկյանները։

Չկա աստղ, երկինք չկա՝
Անհուններում սավառնելու.
Եվ թռիչքը հետաձգված,
Ասում են՝ չի կայանալու։

Խաբված, խփված ես ո՞ւր գնամ,
Երբ ետ կանչող անգամ չունեմ.
Իմ ցավի հետ մենակ մնամ,
Գլուխս չոր քարին՝ քնեմ։

Մոլոր, շվար, հոգեմրմուռ
Անց են կացնում ինձ օրերը։
Սրտիս վրա՝ սեւ է, սարսուռ,
Էլ չեն բացվում իմ թեւերը։
                                 11.02.97թ.