Մրմուռ (Վարդան Հակոբյան)

ՄՐՄՈՒՌ


Որքան քրքրված՝ արեւը էլի
արեւ է մնում -
ընկնեմ սարեսար, հավաքեմ բուռ-բուռ,
ընկնեմ ձորեձոր, հավաքեմ բուռ-բուռ,
բերեմ՝
հանդերիս վրա խարույկվի։
Թողնեմ՝
գառները կորցնեն իրար
                  արձակ դաշտի մեջ,
գլուխներն իրար շվաքում դրած՝
իրար շվաքի ետեւից վազեն։


Ամառնավերջի խոհերս բացեմ
իմ այամամու
              գործած գույնզգույն
կարպետի նման,
ու փռվեմ վրան ես ինքնամոռաց,
մտքերին
տրվեմ...
ՈՒ հանկարծ քամին գա, թափահարի
կաթուկհան լինող
մեծ ընկուզենուն,
որտեղից-որտեղ՝ ուղիղ գլխիս մոտ,
իմ ականջի տակ նետված ընկույզի
թմփոցից ելնեմ...

Տեսնեմ՝
ուլ ու գառ ցրվել հանդերով,
էլ չեն երեւում,
կանչելով փնտրեմ մինչեւ ուշ գիշեր,
մինչեւ լուսինը ծագի երկնքում
ու ինձ հետ «կորած գառներս փնտրի»,
մինչեւ մայրիկս,
անունս առած շուրթերի վրա
ու լացի ձայնը ձորերը գցած,
ծունկը ծեծելով
գա ու գտնի ինձ
եւ ինձ գտնելու ուրախությունից
                        ինձ մի լավ ծեծի,
ապա երգելով՝ գիշերվա վախից,
իմ ձեռքը բռնած
գառնուկների հետ ինձ մեր տուն բերի,
իսկ հետո երբ ես քնած ձեւանամ
                        վերմակի տակ տաք,
գա ու համբուրի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Տարիներն այս ե՞րբ եւ ինչպե՞ս անցան,
այս տարիներն ինձ ո՞նց խաբեցին,
ո՞նց մոլորվեցի,
որ գառնուկներս ական-սական են,
բայց կորուստներս թիվ-հաշիվ չունեն։