Թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի

ՄՐՐԿԱՀԱՎԻ ԵՐԳԸ

Ծովի ալեհեր հարթության վրա
Ամպեր է ահա կուտակում քամին,
Ահեղ ամպերի և ծովի միջև
Ճախրում է հպարտ մրըրկահավը՝
Թռչում է՝ մի սև կայծակի նման։
Մերթ ալիքներին թևով դիպչելով,
Մերթ նետի նման ամպերին հասած՝
Ճչում է նա չոր— և խինդ են լսում
Ամպերը խիզախ թռչունի ճիչում։
Հնչում է ճիչում— փոթորկի ծարավ։
Ե՛վ զայրույթի ուժ, և՛ կրքի հրդեհ,
Ե՛վ հաղթանակի հավատք են լսում
Ամպերը նրա այդ ահեղ ճիչում։
Նվում են ճայերն ամպրոպից առաջ,
Սուզահավերը նվում են նույնպես,—
Սուզահավերին անհայտ է հավետ
Անհուն հրճվանքը կյանքի պայքարի։
Գոռ[1] որոտներից սարսում են նրանք։
Հիմար պինգվինը թաքցընում է խեղճ,
Գիրուկ մարմինը ժայռերի խորքում․․․
Եվ միայն հպարտ Մրըրկահա՛վն է
Ճախրում համարձակ, խիզախ և ազատ՝
Ծովի ալևոր[2], ճերմակ փրփուրում։
Ավելի մռայլ ու ծանր են իջնում
Ամպերը ծովի հարթության վրա,
Եվ ալիքներն են երգում ու պարում՝
Թռչելով դեպի որոտը պայթող։
Ցասման փրփուրում որոտն է թնդում,
Ալիքներն են հորդ՝ վիճում քամու հետ,
Եվ ահա հանկարծ գրկում է քամին
Ամպերի երամն անդուլ գրկանքով,
Եվ շպրտում է ամեհի թափով,
Վայրի բարկությամբ, ժայռերի վրա,
Փշրում է, ցրում, դարձընում փոշի
Նրանց զմրուխտե կույտերն ահագին։—
Մրըրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում,
Պոկում է թևով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դև,
Սև, անագորույն[3] ոգի փոթորկի,—
Ե՛վ ծիծաղում է, և՛ խուլ հեկեկում․․․
Որոտի ցասման, վրդովմունքի մեջ
Նա— զգայուն դև— վաղուց է արդեն
Հոգնություն տեսնում։— Համոզված է նա,
Որ չեն պարուրի[4] ամպերն արևին,
Չե՛ն ծածկի ընդմիշտ, չե՛ն ծածկի, օ, ո՛չ։―
Ոռնում է քամին․․․ Որոտը թնդում․․․
Կապույտ բոցի պես ամպերն են վառվում
Ծովի ալեկոծ[5] անդունդի վրա―
Բռնում է ծովը կայծակի նետերն
Ու իր ահռելի ընդերքում մարում։
Կրակե կարմիր օձերի նման
Ե՛վ գալարվում են, և՛ կորչում ծովում
Այդ կայծակների ցոլքերը բոսոր։
— Փոթորիկն հիմա թինդով կպայթի․․․
Դա խիզախ, հպարտ մրըրկահավն է
Ճախրում սլացող կայծակների մեջ,
Ահեղ աղմըկող, հորդ[6] ծովի վրա.
Դա հաղթանակի երգիչն է ճչում.
— Թո՜ղ փոթորիկը ուժգնորեն պայթի․․․


Տողատակեր

խմբագրել
  1. գոռ ― այստեղ՝ ահեղ, ահավոր, խրոխտ
  2. ալևոր ― փխբ․ փրփադեզ
  3. անագորույն ― անգութ, դաժան
  4. պարուրել ― պատել, ծածկել
  5. ալեկոծ ― ալիքներից ծեծված
  6. հորդ ― առատաջուր, վարար