ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԻՉԸ

− Վա՜յ, հո՞ս ես ընկեր։

Այս բառերով ողջունեցի մեր բարեկամը, Դաշույն Արտունի, զոր տեսած էի արդեն Աթենք ու հետո Եգիպտոս, երբ նորեն իրեն հանդիպեցա Մարսեյլ, Քանըպիեռի վրա։

− Այո՛, երկու ամիս է, հոս եմ,− պատասխանեց իրեն հատուկ կեղծ լրջությամբը, բաոերուն խորհրդավոր իմաստ մը տալ ճգնելով։ Բախտը զիս հոս նետեց․ նայինք սա անիծյալ Համիտը մեգ դեռ ո՞ր տեղվանքը պիտի պտրտցնե։

Հետո՝ մեկեն թևս մտավ ու անուշ, փաղաքշոտ ձայնով մը, որուն մեջ չեմ գիտեր ինչ պապակյալ բան մը կար։

− Ապսենթ մր կխմցնե՞ս կոր,− հարցուց։

− Քալե նայինք,− ըսի իրեն այն տիրական այլ միանգամայն ներողամիտ շեշտովը, զոր միշտ ունեցած եմ նմանօրինակ պարագաներու մեջ։

***

Պոլիս ճանչցած էի զինքը աոաջին անգամ, երբ Պահճե-Քաբու, վաշխառուի մը քով գրագիր էր և Կարպիս կկոչվեր։ Զվարճասեր, թեթևամիտ, մտացի տղա մըն էր, որուն վրա երբեք հայրենասիրական ախտանիշներ չէի նշմարած Պոլսի մեջ։ Օր մը միայն, Հալքի կղզին, երբ օղի կխմեր, հանկարծ ըսավ.

− Ի՜նչ աղեկ կըլլար, եթե հոս հայու սրճարան մը ըլլար, հոն կերթայինք և ստակնիս փոխանակ հույները առնելու՝ հայը կառներ։

Այդ խոսքերուն ուշադրություն չդարձուցի այն ատեն, հետո իմացա որ Կարպիս ժամանակե մը ի վեր սկսած է եղեր «Դրոշակ» կարդալ և հեղափոխականի համբավ մը շինել իրեն համար։ Նույն միջոցին դեսպանները բարենորոգմանը ծրագրովը կպարապեին և ժողովրդի մեծ մասը այնպես կկարծեր, թե այդ ծրագիրը Հայաստան մը պիտի տար մեզի թագավորով, բանակով ու պաշտոնյաներ ու լեգեոնով մը, այնպես որ հայերուն մեջ պաշտոնաբաշխություններ կըլլային արդեն ամեն մարդուն իր արժանիքին ու կարողության համեմատ, բնականաբար առաջնություն մը տրվելով հեղափոխականներուն։ Կարպիս ուզած էր պատրաստ գտնվիլ ամեն պատահականության հանդեպ և ասոր համար պատշաճ դատած էր հեղափոխականի գույն մը տալ իր խոսքերուն, մորուքին ու գավազանին։ Խոսքերը կովկասյան հոլովումներ առած էին, մորուքը սրածայր եղած էր ու գավազանին կոթը կիսաբոլոր։ Իր հույսերը, որոնք վերջնականապես օր մը ինծի հայտնեց, չափազանց հավակնոտ չէին։ Կարծեմ Բաղեշի ապագա ազգային դրամատան փոխտնօրեն կամ Վանա լճին ապագա շոգենավային ընկերության գանձապահ ըլլալ կուզեր։ Ազդեցիկ դաշնակցական մը Կարպիսի անունը նշանակեր էր արդեն տետրակին մեջ և գործը մնացեր էր միայն բարենորոգմանց ծրագրին գործադրության։

− Ա՜խ, մեյ մը աս ծրագիրը ստորագրե՞ր Սուլթանը,− կհառաչեր Կարպիս այն տենդալից օրերուն մեջ, ուր ամբողջ Պոլսո հայությունը հարցական նշանի մը փոխված էր կարծես Ստորագրեց-ին վրա դրված։

− Ստորագրե՞ց…

− Ո՜հ, այո՜, ստորագրե՞ց,− այսինքն՝ կուսակալ եղա՞, կառավարիչ եղա՞, գայմադամ եղա՞, ոստիկանապետ եղա՞, դատավոր եղա՞, տեֆտերտար եղա՞, գանձապահ եղա՞, քննիչ եղա՞, դատախազ եղա՞, մեքթուպճի եղա՞, բան մը եղա՞։

Չէ՛, չստորագրեց, ավա՜ղ, ու օր մը բոլոր այդ հույսերը երիթացած թափթփեցան Պոլսո քարափներուն մոտ կեցած շոգենավներուն մեջ, որոնք փոխադրեցին զիրենք Բաղեշեն ու Վանեն ու Էրզրումեն շատ հեռու տեղվանք։ Կարպիս այդ ընդհանուր ափլափումին մեջ զինքը գտած էր Բանթելենիքի շոգենավերեն մեկուն մեջ ու նետված Բիրեյի քարափին վրա։

Հոն հանդիպեցա իրեն, առաջին անգամ Պոլսեն մեկնելես ի վեր։

− Բարև, Կարպի՛ս,− գոչեցի քովը մոտենալով։

Դողահար առաջացավ դեպի ինծի ու ականջս ի վար մրմնջեց պաղատագին ձայնով մը.

− Ամա՛ն, տունս կավրես կոր, Կարպիս մի գոչեր զիս․․․ Դաշույն է անունս։

Հետո տարավ զիս հայերու շրջանակեն հեռու, Փաշա Լիմանիի կողմը առանձին սրճարանի մը անկյունը, և երկու սուրճ ապսպրելե ետքը, ըսավ. − Հիմա ես Պահչե-Քաբու սարաֆ Պողոս աղային գրագիրը չեմ… ատանկ մարդ չեմ ճանչնար, ավազակ բուրժուաներու հետ գործ չունիմ, ո՛չ ալ անունս Կարպիս է… Հիմակ, բարեկա՛մ, դաշնակցական նախկին գործիչ մըն եմ, Դաշույն Արտունի…

Ու Կարպիս այս վերջին բառերը արտասանեց աչքերը այլանդակորեն դարձուցած, ձայնին չեմ գիտեր ինչ ռմբային հնչունություն մը տալով։ Վառոդի հոտ մը կարծես տարածվեցավ սրճարանին մեջ։

− Ես,− շարունակեց,− պարսկական սահմանագլխեն ներս մտած եմ, հայդուկախումբեր կազմակերպած եմ, քյուրդեր սպանած եմ, բանտարկված ու շղթաներս կոտրելով փախած եմ․․․ Ահա ես ասանկ մարդ մըն եմ հիմա…

− Ինչո՞ւ համար այդ ամենքը,− հարցուցի միամիտ շեշտով մը՝ որուն մեջ սակայն կրցա քիչ մը հեգնություն խառնել։

− Ինչո՞ւ համար․․․ որովհետև սարաֆ Պողոս աղան խանութը գոցեց և ես բացը մնացի ու ալ Պոլիս չէի կրնար ապրիլ։ Գացի գտա մեր դաշնակցական ներկայացուցիչը, ան, որ անունս իր տետրակին մեջ նշանակած էր իբրև անկախ Հայաստանի ապագա պաշտոնյաներեն մեկը, և խնդրեցի, որ օգնություն մը ընե ինծի, որպեսզի կարենամ Պոլիսեն դուրս գլխիս ճարը նայիլ.− «Նյութապես բան մը չեմ կրնար ընել» պատասխանեց, «բայց քեզի նախկին գործիչի լավ վկայական մը կուտամ, անով կրնաս ապրիլ արտասահմանի մեջ։ Առի վկայականը ու եղա նախկին գործիչ մը, բայց դժբախտաբար հոս ալ շատ դաշնակցական չի կա. եղողներն ալ, ինծի պես, կամ նախկին գործիչ են, կամ հայդուկ, կամ տեռոր…

− Գոնե հոս հասնելուդ պես ըսեիր, պանքան մտնողներեն ես։

− Մտածեցի ատիկա, բայց դեպքը շատ նոր է… քիչ մը ատեն անցնելն ետքը՝ ե՞ս ալ պիտի մտնամ պանքան մտնոդներուն մեջ… թեև քիչ մը աճապարելու է, որովհետև արդեն պանքայի հերոսներուն թիվն ալ քառասունը կանցնի կոր։ Հիմակուհիմա յոթանասուններեն եմ…

− Ի՞նչ յոթանասուն։

− Չե՞ս գիտեր, եղբայր, սա մյուս յոթանասուն հերոսները, որոնք մազ մնացեր է մյուսներուն հետ պանքան պիտի մտնան եղեր, բայց վայրկյան մը ուշ հասեր ու դռները գոցված գտեր են։
***

Կարպիս չկրցավ Աթենք ու Բիրե երկար ատեն շահագործել իր վկայականը և մեկնեցավ Եգիպտոս, ճիշտ այն միջոցին, ուր Ալեքսանդրիա կսպասեին պանքան մտնող երեք վիրավորյալները, որոնք՝ ապաքինած ըլլալով՝ ճամփա պիտի ելլեին Պոլսեն գալու համար։

Մեկնելեն առաջ Աթենքեն Կարպիս նամակով կիմացնե, թե վիրավորյալներեն ետքը տակավին Պոլիս պիտի մնան և մին միայն, որ Աթենք հասած է արդեն, իր նամակին հետ շոգենավ պիտի մտնե դեպի Եգիպտոս։

Այդ նախապատրաստությանեն ետքը, երբ որ Կարպիս կուգա Ալեքսանդրիա, ոչ մեկուն մտքեն կանցնի հարցնե իրեն, թե «Դո՞ւ ես, որ գալոցն ես, եթե այլում ակն կալցուք»։ Եկած վայրկյանեն անվիճելի, անկասկած հերոսներեն մեկը կլլա։ Կուսակցության լիազոր ներկայացուցիչը, պ. Կակայանց, ցնծության մեջ է։ Երևակայեցեք տոնավաճառի մեջ ցուցանքներ ի տես դնող մեկը, որ վեց ոտքով ու երկու պոչով կով մը ձեռք կձգե։ Ա՛լ Կարպիսին թևն ի վար կախված կշրջի ու կշրջի Ալեքսանդրիայի փողոցները։

− Բանկայի հերոսներեն մին…− կգոչե դեմը ելլողին։

Ու այսպես Կակայանցի հովանիին տակ, Դաշույն Արտունի կներկայանար բոլոր այն շրջանակներուն մեջ, ուր հերոսը կուտե, կխմե, կպատվվի ու նվերներ կստանա, քանի մը քաջագործությանց պատմության փոխարեն։

Ալեքսանդրիայի եկեղեցիին բակը հանդիպեցի իրեն, օր մը, ճիշտ այն միջոցին, ուր քսան ֆեդայիի հետ քյուրտի գեղ մը արշավելու վրա էր. Ականջ ու աչք կտրած տասնի չափ ունկնդիր բրաբիոն մը կազմած էին շուրջը։ Ինք ներշնչված, քիչ մըն ալ օղիեն գլուխը տաք, կպատմեր ու կպատմեր անընդհատ։

− …Ճիշտ կես–գիշերին ամենքս ալ նետվեցանք ձիերուն վրա ու Անգո ձորին բարձունքեն իջանք դեպի դաշտ։ Ամբողջ ձորն ու դաշտը լեցված էր թյուրք զինվորներով ու համիտիեներով, որովհետև լուր առած էին, թե ֆեդայիի խումբ մը քրտի գեղերը պիտի կոխե գիշերը։

− Ես կերթայի տղոց աոջևեն, մարթինին ձեռքս բռնած, խոշոր դաշույն մը բերանս, ու մեյ մեկ ռևոլվեր ճիզմեներուս մեջ, ետևես կուգային Կարտ Սագոն ու Շիլ Բադոն ու հետո մյուս ֆեդայիները։

− Տղե՛րք,− ըսի,− սուղ ծախվինք… Ես կկարծեի, թե այդ վատ շները պիտի հարձակին մեր վրա, բայց հազիվ թե մեր ձիերուն ոտքին ձայնը առին, սկսան խենթի պես փախչիլ. «Ամա՜ն, ֆեդայիլեր կելիորլար» պոռալով։ Մենք անցանք ձորին մեջեն ու առաջ գացինք դեպի Շեյխ Օսմանին գեղը։

− Տղե՛րք, պատրա՞ստ եք,− պոռացի։

− Կեցցե՜ ֆեդայիները,− գոչեցին ամենքը մեկ բերան, ու հարձակեցանք գեղին վրա…

***

Քանի մը օր ետքը, Կարպիս, Մասիսի սրճարանը պանքայի հարձակումը կպատմեր․

− Տղե՜րք,− գոչեցի, ռումբերը պատրաստ են, և այլն, և այլն։

Ու այսպես օրերով՝ «Տղերք գոչեցի»-ներու շնորհիվ Կարպիս պարարեց իր փորն ու գրպանը, մինչև, որ երեք հարազատ հերոսները եկան Պոլսեն ու ինք սաիպվեցավ թողուլ Եգիպտոսը։

Բայց ա՛լ կատարելապես նախկին գործիչ մը եղած էր։ Իր պատմությունները, հետզհետե «սրբագրյալ ու հավելյալ», վավերականության դրոշմը առած էին։ Պատմած ատեն չուներ աոաջին օրերու դեդևումը, և խորին համոզումով կխոսեր իր «անցյալ» գործունեության վրա։

Այսպես տեսա զինքը, երբ վերջին անգամ իրեն հանդիպեցա Քանըպիեռի վրա։

Սակայն, ավա՜ղ, Մարսեյլ այն ամուլ հողերեն է, ուր հեղափոխության մակաբույծները չեն կրնար ուռճանալ։ Կարպիսի «Տղերք գոչեցին» չէր թրթռացներ հայ վաճառականներու սրտին թելերը։

− Ժնև չերթա՞ս,− ըսի իրեն, երբ վիճակին դառնությունը պարզեց ինծի։

− Ի՞նչ ընելու,− գոչեց նախկին գործիչը,− հերոսությո՞ւն պատմելու, ես մեկ նետեմ նե՝ անոնք տասը կջարդեն։

− Բայց անշուշտ իբր ընկեր նյութական օգնություն մը չեն զլանար։ − Չէ՛, եղբայր մեր մեջը ապակեդրոնացում կա․․․ ամեն տեղի դրամը այն տեղի մարդոց համար է, անոնք միայն կրնան և իրավունք ունին․․․

Գլխով հարցական շարժում մը ըրի։

− ․․․ Մատակարարելու,− հառաչեց Կարպիս։