Ես համբուրում եմ խաչքարը, ինչպես
հոգնած ճակատն եմ համբուրում իմ մոր.
հայացքը ջինջ է, լույսից էլ՝ լուսե,
եւ զույգ աչքերն են երկու վառվող մոմ։
Տատասկն ուզում էր մարմնով ծածկել,
դարերի հետքը՝ խաչքարի վրա,
խաչքարից, սակայն, ելնում են ձեռքեր
եւ ոլորում են... ջանքերը նրա։
Հետո արեւը ելնում է կամաց,
խաչքարի առաջ չոքում մորս պես,
կրկնում մորս խոսքերը ասված
եւ իմ անունն եմ հանկարծ լսում ես։
Խաչքարի վրա գիր ու քանդակ կա՝
պարզ, համբուրելի եւ հույժ գեղեցիկ,
ինքնազոհումի խոստումներ այնքան՝
մորս աղոթքի նման երգեցիկ...
Խաչքարը՝ հայոց քանքարն անառիկ...
երբ համբուրում է տառերը խոսուն,
իր աղոթքներում, մայրիկս բարի,
բանուգլխի է դնում Աստծուն...
Խաչքարը՝ ձեռքը ու նախշը հողիս...
մայրս՝ միամիտ, վեհ ու երկրային,
բոբիկ հասնում է դուռն արարողի
եւ իր հետ լույս է բերում բերկրալի...
Ես համբուրում եմ խաչքարը, ասես
հոգնած ճակատն եմ համբուրում իմ մոր.
հայացքը ջինջ է, լույսից էլ՝ լուսե,
եւ զույգ աչքերն են երկու վառվող մոմ...