Նամակ Պարսկաստանից (1)

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, դեկտեմբեր

Թեև Եղիշեն և առավելապես Եզնիկը թողել են մեզ բավականին հարուստ տեղեկություններ հին արևապաշտների կրոնքի և նոցա սովորությանց մասին, այնուամենայնիվ, նոքա չեն կարողանում մեր հնախույզի քննադատությանը լիակատար բավականություն տալ: Նոքա գրել են այնքան, որքան վերաբերում էր յուրյանց աշխատության նյութին: Իսկ այժմյան գաբրների, որպես հին արևապաշտների, կյանքի ուսումնասիրությունը կլրացնե այն թերությունները, ինչ որ պակաս է թողել պատմությունը, որովհետև այս ցեղը բոլորովին անփոփոխ է մնացած յուր նախնական դրության մեջ:

Եթե ընդունենք, թե հայոց ազգը առաջ է եկել արիական ցեղերից, թե նա պաշտում էր նույն կրոնքը, ինչ որ այժմ գաբրն է պաշտում, թե նորա լեզուն նույն ծագումիցն է, որով այժմ գաբրն է խոսում, — կհամոզվինք, թե գաբրի կյանքի, գրականության և լեզվի (որ մաքուր զանդիկ բարբառն է) ուսումնասիրությունը խիստ պայծառ լույս կարող էր ձգել մեր հին դյուցազնաբանության վերա, որ դեռ պարզված չէ, մեր լեզվի ֆիլոլոգիայի վերա, որ ամենևին ուսումնասիրված չէ, և հետևապես մեր պատմության վերա, որ շատ տեղերում մութ է: Որովհետև մեր նախնիքը սկսյալ ամենահին ժամանակներից, անընդհատ հարաբերություններ են ունեցել արիական ցեղերի հետ, որպիսի էին` պարսիկները, պարթևները, բակտրիացիք, մարք, և այլն, իսկ այդ ազգերի ներկայացուցիչներն այժմ մնում են Պարսկաստանում յուրյանց նախնական ավանդություններով և սովորություններով:

Մահմեդականությունը պարսից մեջ ոչնչացրեց հին գրականությունը, որպես քրիստոնեությունը մեր մեջ. բայց նրանք ավելի բախտավոր եղան մեզանից նորանով, որ նոցանից պահպանվեցավ մի ցեղ, որ ազատ մնաց մահմեդականությունից և այսպիսով կարողացավ պահպանել յուր հին գրականության մի մասը. — Դոքա գաբրներն են: Իսկ մեր հեթանոս եղբայրներից դժբախտաբար և ոչ մինը չմնաց մինչև մեր օրերը:

Իսկ այն, որ մենք պետք է որոնեինք մեր հեթանոս եղբայրների մեջ, այժմ կարող ենք գտնել գաբրների մեջ, որովհետև դոքա նույնպես ազգակցություն ունեն մեզ հետ:

Հնդկաստանի պարսիկ արևապաշտների մեջ այժմ կազմվել է մի ընկերություն բարեգործական և ուսումնական նպատակով, և նրանց կողմից ուղարկված է Թեհրան մի գործակալ Մանուչի անունով, որ մի կողմից հոգս է տանում յուրյանց պարսկաստանցի եղբարց` գաբրների նյութական կարոտությանը, պաշտպանում է նորանց զանազան հալածանքներից, մյուս կողմից, հավաքում է նրանց մեջ գտնված հին գրքերը: Մանուչին մեծ եռանդով ուսումնասիրում է Խորենացին և հայոց այլ պատմությունները, որոնք կարող էին պարսից հին պատմության մութ տեղերը պարզել: Որովհետև իրենք պարսիկները (մահմեդականները) հին պատմություն չունեն, և ոչ հետաքրքրվում են գիտենալ յուրյանց մինչ-մահմեդական անցյալը: Ֆրիդովսու գիրքը, որ այդ մասին մի թանկագին հարստություն կարող է համարվիլ, այն ևս, որպես առասպելավիպական բանաստեղծություն, զուրկ է պատմական ճշտությունից: Ուրեմն, մի գաբր ուսումնականի համար, որպես է Մանուչին, խիստ ձեռնտու է որոնել յուր ազգի պատմությունը ավելի հին արևապաշտների և հայոց գրքերի մեջ, քան պարսիկների մեջ, ուր ամեն ինչ, որ հեթանոսական էր, ջնջեց մահմեդականությունը:

Ցանկալի կլիներ, որ մերայինք նույնպես հետևեին Մանուչիի օրինակին, և փոխադարձաբար սկսեին ուսումնասիրել գաբրների գրականությունը, նոցա լեզուն և ավանդությունները, մեր պատմությունը հարստացնելու, և մեր լեզվի ֆիլոլոգիային նյութ տալու նպատակով: Իսկ ինչ որ վերաբերում է այս հոդվածի հեղինակին, նա արդեն սկսել է գործել այդ մասին, որքան կներեին հանգամանքները, որքան թույլ կտար յուր դրությունը...