Պարսկաստան
ՊԱՐՍԿԱՍՏԱՆ
Կրոնական շարժումներ մահմեդականների մեջ: — Ամերիկացի բողոքական միսիոնարներ: — Կաթոլիկ միսիոնարներ լազարիստների կարգից: — Հայոց հոգևոր կառավարութունը Պարսկաստանում և նորա անբավականացուցիչ ընթացքը: — Հայոց ազգային սահմանադրություն Պարսկաստանում: — Պարսկաստանի հայոց մտավոր շարժումը և Դավրեժի ազգային դպրոցը: — Ո՞րպես պետք է բարեկարգել Պարսկաստանում վիճակային հոգևոր կառավարությունը: — Դավրեժի ընթերցարանը:
Պարսկաստանում վերջին ժամանակներումս մահմեդականների մեջ հայտնվում են խիստ զգալի կրոնական շարժումներ, որոնք առաջ թաքնված էին հալածանքի երեսից: Երևան են գալիս զանազան աղանդներ, որոնք յուրյանց բազմաթիվ հետևողներ ունին: Այս կրոնական հերձվածները մի ազդու բողոք են իսլամի մոլեռանդության դեմ, որ ճնշում է կամքի և մտքի ամեն ազատ ձգտողություն36:
Քննելով այս աղանդների բնավորությունը և ոգին, սոցա մեծ մասը հայտնվում են որպես հերքողական: Բայց ո՞րտեղից է առաջ եկել հերքողական ուղղությունը դեռևս չզարգացած պարսիկների մեջ:
Դա ունի իր բնական պատճառները:
Մի կրոնք որքան հեռանում է ճշմարիտ աստվածապաշտությունից, մի կրոնքի մեջ որքան պակասում են բարոյական և հոգեկան սկզբունքները, այնքան նա դառնում է սնապաշտական և նորա բոլոր վարդապետությունները հիմնված են լինում արտաքին ծեսերի և արարողությանց վերա:
Մի այսպիսի կրոնքով ապրող մարդը, երբ հանկարծ զգում է յուր մոլորությունը, նա մի ծայրահեղությունից թռչում է դեպի մի այլ ծայրահեղություն, — ամենաստոր մոլեռանդությունից նա անցնում է անկրոնության և դառնում է անհավատ, հերքող:
Շատ բնական է, որ մարդու չափազանց խաբված դրությունը ծնեցնում է նորա մեջ կասկած և երկբայություն. բավական է, որ նա հասկանա, թե խաբված է յուր. կարծիքների մեջ, որ այնուհետև կորցնե յուր հավատարմությունը դեպի ամեն ճշմարտություն: Նա միայն հերքում է, փշրում է, ոչնչացնում է ամեն ինչ, որ հին է, բայց թե ինչ պետք է դնե նոցա տեղ, այդ ինքն էլ չգիտե:
Այստեղից հասկանալի է, թե ինչու ամեն մի պարսիկ աղանդավորից հարցնելու ժամանակ, նա չի կարողանում մի որոշ տեղեկություն տալ իր դավանանքի մասին: Նա միայն բողոքում է հնի դեմ, բայց ինքը մի կազմակերպված վարդապետություն չունի: Եվ այլ կերպ լինել կարող չէր, որովհետև աղանդներն յուրյանց սկզբնական դրության մեջ միշտ լինում են անմշակ. նորանք զարգանում են, կատարելագործվում են կյանքի և ժամանակի հետ:
Զարմանալին այն է, որ Պարսկաստանում հայտնված աղանդներից մի քանիսը բոլորովին նյութապաշտական են, հիմնված ավելի բնական ճշմարտությունների վերա: Դոցա հետևողները գտնվում են ժողովրդի ավելի զարգացած դասի մեջ:
Նյութապաշտությունը կամ այլ խոսքով բնապաշտությունը մարդու սկզբնական և վերջնական դավանությունն է: Նա իր տղայության մեջ, հրապուրվելով բնության ազդու երևույթներով, աստվածացնում է նորանց և պաշտում է որպես կույր հավատացող, իսկ յուր զարգացման աստիճանին հասնելով, պաշտում է նորանց որպես փիլիսոփա: Բայց ոգիներին կամ աներևույթ էակներին երկրպագություն տալը հիշյալ երկու ծայրերի միջասահմանն է:
Բայց մի աղանդ, որ ավելի ուժ և զորություն է ստացել, չնայելով այն հալածանքներին, որ մինչև անգամ ինկվիզիցիան չի ունեցել իր զոհերի վերա, — է բաբիների աղանդը: Նորա հետևողներն ամեն քաղաքներում բազմացել են և ժողովրդի ավելի մտածող և ընդունակ մասն են կազմում: Զանդիանի սարսափելի կոտորածից հետո` այս աղանդը առժամանակ լռեց և թաքուստի մեջ էր պահվում, բայց այս օրերում նա յուր դրոշը կրկին բարձրացրեց Դավրեժ քաղաքում:
Քաղաքի նշանավոր մեջիդներից մեկի դռան վերա, որտեղից իսլամի մեծ մուշտայիդը (հոգևոր գլուխը) ամեն օր անցնում էր նույն մեջիդում իր նամազը կատարելու, կպցրած էր մի հայտարարություն. նորա պարունակությունը խիստ վստահ և վճռական էր: Բաբիները հայտնում էին, թե յուրյանց աղանդի գլխավոր հեղինակը (մոլլա Մամադալի զանգիանցին, որին պարսիկները 22 տարի առաջ նահատակեցին Դավրեժ քաղաքում) այժմ կենդանի է. նա արդեն հարություն էր առած այն ժամանակ, երբ պարսիկները կարծում էին, թե սպանեցին նորան. թե նա գտնվում է այժմ Աքքա քաղաքում և այնտեղից ուղարկում է հավատացյալներին յուր հրահանգները. թե այժմ բարիների հասարակությունը պահանջում է, որ իրանք թույլտվություն ստանան ազատ և առանց արգելքի պաշտել յուրյանց կրոնքը, և այդ սպասում են իսլամի մեծ մուշտայիդից. իսկ հակառակ դեպքում ոչ միայն մուշտայիդի կյանքը ենթարկված կլինի մահվան, այլև իրանք արդեն պատրաստ ունին 10.000 զինյալ տղամարդիկ, որոնք յուրյանց սրով և արյունով պետք է գնեն բաբիության ազատությունը:
Այս հայտարարությունը բոլորովին սարսափի մեջ գցեց քաղաքը. մուշտայիդը մի քանի օր դադարեց մեջիդը գնալուց, այնուհետև նա դուրս էր գալիս շրջապատված զինյալ մարդկանցով: Բայց թե ինչո՞վ կվերջանա այս խռովությունը, դեռ հայտնի չէ:
Թե հալածանքը սաստկացնում է աղանդների աճելությունը, — դա մի պարզ ճշմարտություն է: Եվ առաքյալների օրերում, երբ հրեաները ամենայն խստությամբ հալածում էին նոցա քարոզությունները, մի ատյանի մեջ, որ հավաքված էր նորանց դատապարտելու համար, խիստ խելացի կերպով խոսեց հրեաների օրենսուսոյց Գամաղիելը. «Հեռու կացեք այդ մարդկանցից (առաքյալներից) և թողեք դորանց, պատճառը, որ եթե այդ խորհուրդը և այդ գործը մարդկանցից է, կքանդվի: Բայց թե որ աստծուց է, չեք կարող քանդել դորանց, գուցե աստուծո դեմ կռիվ անողներ կլինիք»:
Բայց ես ուրիշ կերպ կասեմ. — ամեն մի աղանդ, որ ծագում է մի ժողովրդի մեջ, եթե չի համապատասխանում նույն ժողովրդի կենսական պահանջներին, նա հիմք չունի, ինքն իրան կոչնչանա:
Բայց Պարսկաստանի մեջ աղանդների ոչնչանալը անհնարին է, որովհետև նորանք ժողովրդի բուն պահանջների արտահայտությունն են: Գուցե նորանք կկերպարանափոխվեն, բայց իրանց իսկությունը կորցնելու չեն:
***
Ոչ սակավ շարժումն է ձգել Պարսկաստանում քրիստոնեական քարոզությունը, որ մուտք է գործել ամերիկացի բողոքական առաքյալների ձեռքով: Նորանք համարյա թե Պարսկաստանի բոլոր նշանավոր քաղաքներում ունեն իրանց ծածուկ և հայտնի քարոզիչները, սկսյալ Դավրեժից մինչև Բենդիր-Բուշիր: Քանի օր առաջ այս տեղում գտնված նոցա ժողովարանը գնացի, նա գտանվում է ամենագեղեցիկ և հոյակապ տան մեջ հայոց թաղում: Ժողովարանի դահլիճը լիքն էր լսողներով երկու սեռից ևս. նոցա մեծ մասը մահմեդականներ էին, որոնց թվում կային մի քանի մոլլաներ և սեիդներ (իսլամի մարգարեի որդիներ), իսկ լսողների մնացյալ մասը կազմված էր հայերից և ուրիշ ազգություններից: Անգլիացի քարոզիչը ամբիոնի վրա խոսում էր իր քարոզը ամենին հասկանալի թուրքաց լեզվով. աղոթքները և երգերը մատուցանում էին դարձյալ նույն լեզվով:
Զարմանալի է, թե որպիսի խորին տպավորություն է անում մինչև անգամ անզգա սրտերի վերա լավ քարոզը: Ես սկզբում ուշադրությամբ էի լսում, բայց հետո համարյա դադարեցա լսելուց, թեև նա խիստ գեղեցիկ և քաղցր էր: Ես նույն միջոցին մտածում էի... բայց ի՞նչ էի մտածում... մտածում էի մեր եկեղեցու և մեր եկեղեցականների մասին...
Ես հիշեցի, որ քանի օր առաջ քաղաքի հայոց եկեղեցու քահանաները բողոքել էին սրբազան առաջնորդի մոտ, որպեսզի եկեղեցուն կից ընթերցարանը կիրակի օրերը փակվի, որովհետև ժողովուրդը ընթերցարան գնալով, էլ ժամ չէր գալիս, և քահանաները զրկվում էին յուրյանց շահերից... Նորին սրբազանությունը շատ խելացի կարգադրություն արեց, հրամայեց, որ ընթերցարանը բացվի` եկեղեցու մեջ պատարագն ավարտվելուց հետո... Բայց ցավալին այն է, որ դորանով ևս եկեղեցի գնացողների թիվը չբազմացավ...
Ինչո՞ւ: — Քահանաները պատասխանում են, թե ժողովուրդն անհավատ է դարձել, կրոնքը և ջերմեռանդությունը նոցա մեջ սառել է... Այս խոսքերը լսվում են ամեն տեղ, ամեն հայ քահանայի բերանից... Բայց ճշմարի՞տ են նրանք:
Ո՛չ: Մեր ժողովուրդը անհավատ չէ և ոչ սառել է նորա մեջ կրոնական ջերմեռանդությունը, բայց թե նորան չի գրավում յուր մայրենի եկեղեցին, դա ունի յուր առանձին պատճառները: Վեր առնենք երկու հիմնարկություն` մինը եկեղեցին, մյուսը ընթերցարանը, երկուսն էլ մրցություն են անում միմյանց հետ, երկուսի մեջ նույնպես լինում են ընթերցանություններ, բայց մինը տալիս է կենդանի խոսք և մտավոր սնունդ, մյուսը հնչեցնում է գրաբար անհասկանալի և մեռյալ ձայներ միայն... ընթերցարանը հաղթող է հանդիսանում, որովհետև ժողովուրդը նորան հասկանում է և նորանով գրավվում...
Աստվածների տաճարները զանազան ժամանակներում զանազան կերպերով գրավում էին ժողովրդի սիրտը: Կար ժամանակ (և այժմ Հնդկաստանում նույնն է), երբ մի արձան բազմաթիվ գլուխներով և բազմաթիվ ձեռքերով, որի պարանոցի վերա գալարվել էին վիշապներ, կամ գցած էր մի մանյակ` շարած մարդիկների կառափներով, որը մի ձեռքով բռնել էր փոքրիկ երեխայի ոտներից և մինչև նորա կեսը կուլ էր տալիս. — այսպիսի աստվածներն յուրյանց հրեշավոր այլանդակությամբ սարսափ էին գցում ռամկի վերա և հետևապես զարթեցնում էին նորա մեջ հարգանք և մոլեռանդություն դեպի յուրյանց սրբարանը: Բայց երբ որ մարդիկների ճաշակը նրբացավ, երբ նրանք սկսեցին սիրել գեղեցիկը և վսեմը, այն ժամանակ աստվածներն ևս փոխեցին յուրյանց կերպարանքը, նորանք սկսեցին երևալ տաճարների մեջ ավելի գեղեցիկ և վայելուչ կերպով: Հռոմի և Աթենքի գեղարվեստն ստեղծեց աստվածների ամենաընտիր օրինակներ, և այնուհետև ամբոխը գրավվում էր յուր տաճարների շքեղությամբ, իր աստվածների գեղեցկությամբ:
Քրիստոնեությունն աշխարհ եկավ. նա յուր դրոշի վերա գրած ուներ այս խոսքերը. «աստված հոգի է և նորա երկրպագողներն էլ պետք է որ հոգով և ճշմարտությամբ երկրպագություն տան»: Բայց քրիստոնեությունը իր պարզությամբ, յուր բոլոր հոգեկան զորությամբ երկար ժամանակ չկարողացավ դարձնել ժողովուրդը դեպի ճշմարիտ աստվածապաշտություն, այն որ մարդու սրտի և հոգու մեջ յուր հիմքն ունի: Որովհետև ժողովուրդը վաղուց արդեն սովորած էր յուր աստվածը յուր աչքի առջև տեսնել, յուր շրթունքներով և ձեռքերով շոշափել և նորա նյութական մարմինը պաշտել...
Հռոմի եկեղեցին, կռապաշտության այդ վաղեմի վարպետը, սկսյալ Կռոնոսի ժամանակներից, ժողովրդի նյութապաշտության կույր օժանդակ դարձավ, և իր տաճարները զարդարեց այն բոլոր շքեղություններով, որ կարող էր ազդել արտաքին զգայանքների վերա, որ կարող են հրապուրել նորա անհավատությունը խայտաճամուկ երևույթներով միայն:
Բայց ժողովուրդը միշտ միակերպ չի մտածում, նորա ճաշակը կրթվում է, նորա միտքը զարգանում է, և հետևապես նորա պահանջմունքները փոխվում են: Նա կրոնքի միջից սկսում է դուրս ձգել այն, որ նյութական է, և որոնում է հոգևորը, այն, որ բարոյական ուժ ունի, այն որ մաքրում և ազնվացնում է բնավորությունը: — Դա աստծո կենդանի խոսքն է. ինչ եկեղեցում նա չի լսում, ժողովուրդը հետզհետե դադարում է այնտեղ մուտք գործելուց... Եվ ի՛նչ եկեղեցի աշխատում է միայն ծեսերի և արարողությունների զորությամբ պահել ժողովուրդը, նա հիմք չունի:
Այժմ ես հասկանում եմ, թե ինչու այս հայերն յուրյանց մայրենի եկեղեցին թողած հավաքվել են այստեղ. — ես կրկին դառնում եմ դեպի բողոքականների ժողովարանը:
Քարոզը վերջացավ մի կարճ մաղթանքով, երգվեցավ մի թեթև երգ, և այնուհետև բազմությունն սկսավ ցրվիլ: Բայց ոմանք մնացին, երևում էր, որ դորանք եկել էին լոկ հետաքրքրության և մանավանդ վիճելու համար. վերջիններս մահմեդականներ էին: Վիճաբանության առարկան սկզբում Քրիստոսի աստվածության մասին էր: Մստեր Ստեյն, ամերիկացի քահանան, թեև երևում էր բավական հմուտ աստվածաբանության մեջ, բայց պարսից և թուրքաց լեզուները լավ չտիրապետելու համար` դժվարանում էր պատասխանել: Նույն միջոցում մի ծերունի մոլլա, որ հեռվից նորան լուռ լսում էր, մոտեցավ վիճողներին և պահանջեց մի պարսկերեն աստվածաշունչ: Այնուհետև դառնալով դեպի միսիոնարը, նա խնդրեց, որ թույլ տա յուր փոխարեն պատասխանել: Միսիոնարը հաճեցավ, վիճաբանությունը տևեց երկար և անդադար փոփոխվում էր մի խնդրից մյուսը: Բոլորը ինչ որ կարողացա եզրակացնել մոլլայի խոսելուց, այն էր, որ իսլամի այս ծերունի կրոնավորը երկար ժամանակ և խիստ հաստատուն կերպով ուսումնասիրել էր Աստվածաշունչը, նորա փաստերը և բերած ապացույցները անկեղծ էին և պինդ համոզմունքից առաջ եկած: Մոլլային կամակից էին և մի քանի ուրիշ պարսիկ դպիրներ, որոնց թվում կար և մի սեիդ իսլամի մարգարեի սերունդից: Նրանք գործ էին ածում երկու զենք քրիստոնեությունը պաշտպանելու համար, մինը` աստվածաշունչ գիրքը, մյուսը` մահմեդականության փտած կազմակերպության ցուցմունքը:
Շատ վտանգավոր բան է, երբ մի կրոնքի ընդդեմ զինվորվում են այն անձինքը, որ իրանք նույն կրոնքի վարդապետներ են. որովհետև նորանք գիտեն և ծանոթ են յուրյանց կրոնքի թույլ կողմերին, ուստի հեշտությամբ կարող են խորտակել նորան: Եվ այսպես քրիստոնեությունը գտանելով յուրյան հետևողներ մոլլաների մեջ, սպառնում է մեծ վտանգ իսլամին, որ յուր հիմքը պաշտպանում է միայն ժողովրդի մոլեռանդության մեջ: Այսպես էլ եղավ և քրիստոնեության մեջ. հռովմեական վանքերի ցեխից դուրս եկան այն մարդիկը, որոնք Հռոմի սարսափելի թշնամիքը դարձան. բողոքականությունը նորանց արդյունքն է:
Հետևյալ օրը ես բողոքականների երկսեռ դպրոցը մտա, ուր խառն սովորում էին աղջիկներ և տղաներ. նորանց թվում գտա մի քանի աշակերտներ և աշակերտուհիք թուրքերից, իսկ մնացյալները հայեր էին: Առաջին քաղցր տպավորությունը, որ գործում է այցելուի վերա, է ամերիկական մանկավարժության կանոնավոր կազմակերպությունը, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր բնիկների երեխաները դեռ սովորում են ժամատների բակերում, տիրացուների ձեռքով, կամ մզկիթների խուցերում տգետ մոլլաների ձեռքով:
Վարժուհին, որ կոչվում էր միս Ջուիդ, խիստ պարզ կերպով խոսում էր հայերեն և թուրքերեն. նա գիտեր այդ երկու լեզուների դպրությունը այնքան, որ կարողանում էր նույն լեզուներով ավանդգել աշակերտներին ուսանելի առարկայք: Թեև աշակերտուհիքը նույն միջոցին պարապված էին ձեռագործներով և աշակերտները գեղագրությամբ, բայց վարժուհին ցանկացավ, որ ես տեսնեի, թե որքան առաջ էին գնացած նորանք հայերենի մեջ: Եղավ մի փոքրիկ հարցաքննություն: Ճշմարիտն ասած, ես բոլորը գտա գոհացուցիչ, չնայելով, որ երեխայք շատ փոքր էին և նորանցից շատերը երկար ժամանակ չէր, որ մտել էին դպրոցը:
Այնուհետև վարժուհին հայտնեց, թե ինքը շատ ցանկանում է ունենալ հայոց աշխարհաբար լեզվի քերականություն` աշակերտներին մայրենի լեզուն կանոնավոր կերպով ուսուցանելու համար, և դիմում էր իմ խորհուրդին, որ նորան մի որևիցե ձեռնարկ առաջարկեմ: Ես ամաչեցի ասել, թե մեր աշխարհաբարը դեռ բոլորովին մշակված չէ, և մենք աշխարհաբարի կանոնավոր քերականություն չունինք, և առաջարկեցի պ. Պալասանյանի քերականությունը: Նա իսկույն նշանակեց յուր հիշողության տետրակի մեջ:
Ամո՛թ մեզ համար. ամերիկացուհին մտածում է հայի որդուն կանոնավոր կերպով ուսուցանել յուր մայրենի լեզուն, բայց աշխարհաբարի քերականությունը դեռ բուն հայկական դպրոցներում մուտք գործած չէ…
Չմոռանանք ասել, որ քանի օրից հետո ես ընդունեցի մի քանի խոշոր բամբասանքներ, թե ինչո՞ւ ես մտել էի ֆարմասոնների ժողովարանը, — այստեղ այդպես են կոչում բողոքական քարոզիչներին: — Ողորմելի՛ մարդիկ, դեռ չգիտեն, թե ի՛նչ նշանակություն ունի մտնել թշնամու բանակը և նրա ուժերը կշռել... Այս կեղծավորները, ճշմարիտ է, հայոց եկեղեցու փոշիները յուրյանց ծնրադրությամբ լկստում են, բայց եթե գիտենային թե Հայկի և Արամի ոսկերքը կարող էին մի քանի կոպեկի շահ բերել, միշտ պատրաստ են նորանց գերեզմաններից հանել ու վաճառել…
***
Այսքան խոսելով բողոքական միսիոնարների մասին, չի կարելի և մի քանի խոսք չասել կաթոլիկ կղերի մասին, որոնք հայտնվել են Պարսկաստանում, որպես լույս և ճշմարտություն տարածողներ: Եվրոպայում անարգված և յուր համարումը կորցրած այդ սևախումբ հասարակությունն այժմ որոնում է յուր զոհերը միամիտ արևելքում: Նորանք գործում են այստեղ այն, ինչ որ մի քանի դար առաջ անում էին Եվրոպայում: Որպեսզի ավելի շոշափելի կերպով նկարագրվի դորանց գործունեությունը, իբրև օրինակ ես վեր կառնեմ մի գյուղ, ուր անցյալ ամառ Սալմաստա կողմերում ճանապարհորդությանս ժամանակ առիթ ունեցա գտանվելու: Այս գյուղը կոչվում է Խոսրովիա. դա ունի մինչև 300 տուն բնակիչներ, ուր բացի մի քանի հայ լուսավորչական ընտանիքներից մնացյալը, բոլորը կաթոլիկներ են:
Չի կարելի մի ուրիշ տեղում ավելի բացարձակ կերպով նկատել կաթոլիկ կղերի բթամտացնող, ստրկացնող և կենդանի մարդկանցից դիակներ պատրաստող ազդեցությունը, որպես հիշյալ գյուղում: Թե որպիսի զենք է գործ դնում հռովմեական կղերը տիրելու իր ժողովրդի սրտի, մտքի և բոլոր զգացմունքների վերա, դա արդեն հայտնի է, դա կրոնական խայտաճամուկ թելերով պատրաստված ուռկանն է, որով որսում է նա յուր զոհերը: Բայց այստեղ գործ է դրվում մի ուրիշ և ավելի սարսափելի զենք, որ բոլորովին ստրկացնում է ժողովրդին կղերի ձեռքում: Այս վերջինը կարոտ է բացատրության:
Զարմանալի է, թե որպես կաթոլիկ կղերը գիտե օգուտ քաղել զանազան հանգամանքներից, երկրի դրությունից, ժողովրդի վիճակից և այլն: Խոսրովիա գյուղը, որի մասին է մեր խոսքը, Սալմաստա այն գյուղերից մեկն է, ուր ամենասարսափելի կերպով աճել է վաշխառուների հարստահարությունը: Կաթոլիկ կղերը հիշելով այն առածը, թե «պարտականը պարտատիրոջ գերին է», մտածեց օգուտ քաղել և այն ստրկացնող միջոցից, որի մեջ կային և նյութական շահեր:
Խոսրովացին միշտ փողի կարոտություն ունի: Հասկանալի է, թե ինչ կլինի մի ժողովրդի վիճակը, երբ նա գործում է և վաստակում է միմիայն յուր եկեղեցու և նորա պաշտոնյաների պիտույքները լցուցանելու համար: Մի գյուղի մեջ, որպես Խոսրովիան է, կան երկու վանքեր, մեկը կուսանանց, մյուսը աբեղաների. երկուսն էլ լիքն են միաբաններով: Ժողովուրդն աղքատ է, այսուամենայնիվ նա պետք է լցուցանե այն պարտավորությունները, որ դնում է նորա վերա եկեղեցին: Բայց նա ունի ուրիշ պարտավորություններ ևս, նա պետք է հոգա յուր ընտանիքի ապրուստը, նա պետք է վճարե դիվանի տուրքը և այս տուրքը նույնպես ծանր է և անտանելի, որպես եկեղեցունը: Որտեղի՞ց պետք է տա. նորա երկրագործական վաստակը չէ լրացնում այս բոլոր ծախսերը, մնում է մի ճար միայն — պարտք անել: Նա սկսում է մահմեդականներից պարտքեր անել խիստ ծանր տոկոսներով, յուր այգին, տունը, պարտեզը գրավ է դնում: Նա անդադար պարտամուրհակները փոփոխում է, տոկոսը տոկոսի վերա բարդվում է. իսկ պարտքերը հատուցանելու ոչինչ հնար չկա: Ի՞նչ պետք է անի նա:
Գյուղացոց պարտքերը հասնում են մինչև մի քանի հարյուր, հազար ռուբլու: Այն ժամանակ միայն ժողովուրդը հասկանում է յուր կործանումը և սկսում է բողոքել: Դառն աղքատության ստիպմունքն ավելի զորավոր է լինում, քան կրոնական զգացմունքը, և ժողովուրդը սկսում է կղերի դեմ սպառնալ. «Եթե դուք մեր պարտքերի մասին մի հոգացողություն չանեք, մենք պատրաստ ենք ընդունել բողոքականություն, և բողոքականների առաքելական ընկերությունը կվճարե մեր պարտքերը»: Աբեղաները նրանց հանգստացնում են. «Դուք անհոգ կացեք, մենք մարդիկ կուղարկենք դեպի աշխարհի զանազան կողմերը, փող կհավաքեն, կբերեն, ձեր պարտքերը կտանք»:
Ժողովուրդն այս հույսով «անհոգ» է մնում… նա սկսում է ավելի պարտքեր անել, յուրյան ավելի զվարճության տալ, որովհետև մի քանի ամսից հետո, առանց յուր աշխատության, նորա պարտքերը վճարվելու են...
Եվ իրավ, շատ ժամանակ չէ, որ վանքի միաբանության կողմից երեք խումբ մուրացկաններ ճանապարհ են ընկնում դեպի աշխարհի զանազան կողմերը. մեկը գնում է դեպի Հնդկաստան, մյուսը դեպի Ամերիկա, իսկ երրորդը դեպի Եվրոպայի կաթոլիկ երկրները: Նորանք յուրյանց ձեռքում ունենում են թղթեր, վկայականներ միաբանության կողմից ստացած, որոնց մեջ ամենասարսափելի գույներով նկարագրված է լինում Պարսկաստանի կաթոլիկ եկեղեցու թշվառությունները, նոցա նյութական չքավորությունը, որ առաջ է եկել պարսիկների և նոցա կառավարության հարստահարությունից (ինչո՞ւ ո՛չ իրանց` աբեղաների հարստահարությունից…):
Ողորմություն հավաքողների խումբերը վերադառնում են. որքա՞ն փող են բերում, հայտնի չէ, միայն կղերն սկսում են այնուհետև գյուղացոց պարտքերը տալ:
Բայց որպե՞ս:
Կղերն սկսում են մի կողմից գնել գյուղացոց կալվածները, որ զանազան վաշխառուների մոտ գրավ դրվելով` տիրացել էին, և այսպիսով վանքի միաբանությունը գյուղի ամենաընտիր արտերը և այգիները գցում է յուր ձեռքը: Մյուս կողմից նա գյուղացիներին փողը տոկոսով է տալիս և նորա մնացյալ կալվածները յուր մոտ գրավ է դնում, և այսպիսով ժողովուրդն յուրյան պարտական անելով, բոլորովին ստրկացնում է…
Գյուղացիք սարսափում են. «այդ ի՞նչ էր, որ դուք մեզ հետ արեցիք» — գոռում են նորանք, — «Փողը եկեղեցու անունով է հավաքված, մենք չենք կարող աստծո գանձանակը վատնել» — պատասխանում են աբեղաները:
Ինձ պատահեց աբեղաների մեկից հարցնել, թե դուք ինչո՞ւ խլեցիք գյուղացիների կալվածները: Նա խիստ մարդասիրական կերպով պատասխանեց: — «Մենք ինքներս մշակելով այդ հողերը, աշխատում ենք գյուղացիներին երկրագործության կատարելագործված օրինակներ ցույց տալ»: Լավ միտք է, եթե այդպես լիներ: Բայց կղերը այստեղ մշակում է յուր հողերը թշվառ գյուղացիների քրտինքով, որոնք առաջ նույն հողերի տերերն էին. կղերը այս դեպքում մի հարստահարող կալվածատեր է և ավելի ոչինչ:
Եվ շատ բնական է, որ այսպես լիներ. այժմ հռոմեական միաբանություններն, որոնք դեպի արևելք եկած են, որպես քարոզիչներ, Եվրոպայից ավելի նպաստ չեն ստանում, նորանք ստիպված են այդպիսի խարդախ միջոցների դիմել, որովհետև մեջտեղում հացի խնդիր կա37:
Հռոմեական աբեղաներն այստեղ խառնվում են յուրյանց ժողովրդի և դատաստանական գործերին. նրանք ժողովրդի կողմից ուղղակի հարաբերություն ունեն դիվանի հետ: Օրինակ, երբ որ գյուղացին դիվանին պետք է հարկ վճարե, բայց փող չունի, հարկը աբեղաներն են տալիս և գյուղացիներից պարտամուրհակ առնում: Նորանք գործում են և ուրիշ առաքինական գործեր. օրինակ, երբ որ մի կնոջ ամուսինը գնացել է օտար աշխարհ բախտ որոնելու (տղամարդիկ մեծ մասամբ պանդխտության մեջ են ապրում), և կինը երկար ժամանակ ամուսնից ծախսելու արծաթ չէ ստանում, կղերը նրան փող է տալիս, իհարկե տոկոսով և ամուսնից փող եկած ժամանակ ետ է ստանում: Երևակայեցեք մի կնոջ վիճակ, որ հանձնած կլինի կաթոլիկ աբեղայի հոգաբարձությանը…
Ես ասացի, թե աբեղաները խառնվում են գյուղացոց և դատաստանական գործերում. որպեսզի ճիշտ գաղափար տամ, թե որպիսի իրավաբանական ճշմարտություններով են վճռվում նոցա մեջ վեճերը, ես կհիշեմ մի դատ: Երկու կաթոլիկներ կռվում են միմյանց հետ և սաստիկ ծեծվում են: Կռիվը ծագում է նորանից, որ մինը հայհոյանք է տալիս մյուսի վաղուց մեռած հորը, իսկ երկրորդը փոխադարձաբար հայհոյում է առաջինի հորը, որ նույնպես մեռած էր: Մեռելներին հայհոյելը Պարսկաստանում ավելի մեծ հանցանք է համարվում, քան կենդանիներին, բայց բանը նորանումն է, որ մեկի հայրը վախճանվել է, որպես ուղղափառ կաթոլիկ, մյուսի հայրը որպես հերետիկոս-նեստորական: Կաթոլիկի որդին արդարանում է, որովհետև նա մեղք չէ գործել մի հերետիկոս հայհոյելով, իսկ հերետիկոսի որդին դատապարտվում է, որովհետև նա իրավունք չուներ չար խոսիլ մի ուղղափառ հանգուցելո դեմ:
Ահա այս գյուղի ժողովուրդն է, որ կազմում է Թիֆլիս քաղաքի թուլուղչիների ամբողջ հասարակությունը, որից հարցնելու ժամանակ, թե ի՞նչ ազգից ես, բերանումը միշտ պատրաստ ունի «փռանկ» կամ «կաթոլիկ» բառերը. — թշվառականը մինչև անգամ մոռացել է յուր ազգությունը...
***
Պարսկաստանում սրից և վաղեմի մահմեդական հալածանքներից զերծ մնացած մի պատառ հայերին այս նոր և ավելի վտանգավոր եվրոպական որսորդներից ազատ պահելու համար գործ դրված միջոցները բոլորովին գոհացուցիչ չեն: Որովհետև յուր եկեղեցուց հրաժարվիլ ցանկացող և դեպի այլադավանները հարվող մի հայի կրկին դեպի մայրենի փարախը դարձնելու համար` մի վարդապետի նզովք, բանադրանք և եկեղեցական արարողություններից զրկելու սպառնալիքը, — այդ բոլորը հին և փտած զենքեր են: Հասկանալի է, թե ի՞նչ է, որ հային գրավում է դեպի մի օտար եկեղեցու գիրկ, և նորա ճարն անելու է: Հայտնի բան է, որ փոքրի շատե խելացի մարդը երբեք չի հեռանա յուր մայրենի եկեղեցուց. հեռանում են միայն տգետները, և նորանք էլ ոչ թե դավանաբանական ճշմարտություններ որոնելու համար, այլ անձնական հաշիվներ ունենալու համար: Կամ նա որդի ունի, ցանկանում է, որ միսիոնարի մոտ ձրի կրթություն ստանա, կամ դատաստանական վեճ ունի, նորանցից պաշտպանություն է սպասում38, կամ աղքատ է, փողի կարոտություն ունի, կամ վերջապես զանազան պատճառներով յուր եկեղեցուց զզված է:
Պարսկաստանի հայոց հոգևոր կառավարությունն այսպիսի մի բարձր նշանակություն ունի, որ եթե յուր պարտավորությունները խղճմտաբար կատարելու լինի, նա կարող է լիակատար բավականություն տալ յուր ժողովրդի պահանջներին, որ նա ամենևին դեպի այլադավան եկեղեցիները հարվելու ցանկություն չունենա:
Մեր ասածն ավելի շոշափելի կերպով ապացուցանելու համար, նախ խոսինք այն բանի վերա, թե ինչ նշանակություն ունի Պարսկաստանում հոգևոր կառավարությունը:
Պարսկաստանը յուր ծայրահեղ միապետական կառավարության մեջ դարձյալ չկարողացավ թուլացնել իսլամի հոգևոր — աստվածապետական զորությունը: Մոլլան միշտ մնաց յուր բարձր նշանակության մեջ որպես կրոնքի և սուրբ օրենքի ավանդապահ, որպես մեծ մարգարեի և նրա հաջորդների ներկայացուցիչ, որոնք յուրյանց ձեռքում ունեին ժողովրդի թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր իշխանությունը: Այս պատճառավ մահմեդական հոգևորականությունը վայելում է խիստ ընդարձակ իրավունքներ ժողովրդի կյանքի մեջ: Այս իրավունքներից չզրկվեցան և ոչ-մահմեդական ազգերի հոգևոր ներկայացուցիչներն յուրյանց ժողովրդի վերաբերությամբ: Հայերի հոգևոր առաջնորդը համարվում է հայ ժողովրդի որպես եկեղեցիական, նույնպես և աշխարհային գլխավորը. տերությունը նորան է ճանաչում, որպես ազգի ներկայացուցիչ: Նա իրավունք ունի միջամտություն գործելու հայերին վերաբերյալ բոլոր գործերի մեջ:
Մի այսպիսի իրավունք վայելում էր մի ժամանակ Կ. Պոլսի հայոց պատրիարքը, բայց Կ. Պոլսի մտածող հայերն այնքան խոհեմ գտնվեցան, որ պատրիարքի կղերա-միապետական իշխանությունը փոխեցին սահմանադրական վարչության: — Դա մի արտոնություն էր, որ ազգը համարյա անգիտակցաբար ստացավ, այն ժամանակվա թուրքաց կառավարության նեղ դրությունից օգուտ քաղելով: Թեև սահմանադրությունը այն օգուտները չբերեց, որքան կարող էր և որքան սպասվում էր, որովհետև պոլսեցի պոռոտախոս էֆենդիներն այնքան գործ չշինեցին, որքան դատարկ աղմուկներ բարձրացրին, այսուամենայնիվ սահմանադրությունը դարձյալ կմնա յուր արժանավորության մեջ, որպես մի ժանգոտված, բայց հատու զենք, որ լավ բանեցնողի ձեռքում կսրբվի և կրկին կստանա յուր նշանակությունը:
Այժմ Պարսկաստանի հոգևոր կառավարությունը նույն դրության մեջ է, ինչ դրության մեջ էր պատրիարքի իշխանությունը Կ. Պոլսում սահմանադրությունից առաջ: Առաջնորդը յուր թեմի սուլթանն է. նա ինչ որ կամենում է, անում է առանց ոչ ոքի հաշիվ ու համար տալու: Նա ստանում է յուր վիճակի յուրաքանչյուր ընտանիքից (ծուխից) մի նշանակյալ հոգևոր տուրք. նա ստանում է առանձին տուրք մկրտության, պսակի և թաղման համար: Նա ստանում է վարձ տգետ քահանաներ ձեռնադրելու համար. նա ստանում է և քաղաքավարի «աջահամբույրներ», երբ մեկի դատաստանական գործը դիվանում շինում է, շիտկում է… Նա շատ բաներ է ստանում, և այդ բոլորն այլ խոսքով կոչվում է հոգևոր պտուղ39...
Բոլորը, ինչ որ ստանում է առաջնորդը, նրա անձնական սեփականությունն է, նա չունի յուր մոտ ոչ կոնսիստորիա և ոչ որևիցե վերադիտող ատյան: — Նա վարվում է յուր ժողովրդի հետ այնպես, որպես կապալառուն յուր վարձած այգու հետ, որ եթե պտուղից չկարողանա ավելի շահել, կսկսե ծառերի ճյուղերը կտրտել և ծածուկ վաճառել…
Թողնենք հարցի նյութական կողմը, դառնանք նորա վարչական նշանակությանը: Շատ պարզ է, որ միապետությունը, մանավանդ հոգևոր կառավարության մեջ, ավելի բռնապետական կերպարանք է ստանում, երբ իրավունքի լավ կամ վատ գործադրությունը կախումն է ունենում միմիայն մի մարդու կամայականությունից: Այստեղ գործերի ընթացքը կապված է կառավարող անձի բարոյական հատկությունների հետ, որովհետև նորա իշխանությունը սահմանափակված չէ, և նորա կամայականությունը թե՛ լավության և թե՛ վատության մեջ սահման չունի: Քննելով մի քանի տասնյակ տարիների Պարսկաստանի հոգևոր առաջնորդների գործունեությունը, ավելի պարզ կերպով երևան է գալիս մեր ասածների ճշմարտությունը. նորանցից ոմանք բնավորապես տրամադրված լինելով դեպի հասարակաց բարին, թողել են բավական ազգօգուտ գործեր, իսկ ոմանք խիստ սև հիշատակներ... Բայց ոմանք եղել են բոլորովին անտարբերներ, ոչ լավն են գործել, ոչ վատը. — այսինքն նույնպես լավերի կարգն են անցնում. որովհետև հայի համար միշտ լավ մարդ է նա, որ վնաս չի տալիս, որպես ճշմարիտ մարդ է նա, որ գող չէ: Հայը մարդկությունից շատ փոքր պահանջմունք ունի. նա չգիտե, որ գող կամ վնասակար չլինելը մեր անձնական պարտավորությունն է, և եթե մենք չենք գողանում, դորանով մի բարի բան չենք գործում: Մտածության այսպիսի տրամադրության մեջ գտնվելով մեր ժողովուրդը, նա յուր առաջնորդից ավելի մեծ բան չի պահանջում, նա գոհ է, երբ նա չլիներ գող և հափշտակող: — «Կիրակոսը լավ մարդ է, ասում է հայը, որովհետև Մարտիրոսի փողը նորա ձեռքն ընկավ, բայց չկերավ»:
Բայց նայելով այն դիրքին, որ Պարսկաստանում բռնած են հայոց առաջնորդները, նայելով այն արտոնություններին, որ նրանք վայելում են պետությունից, բոլորովին իրավունք ունինք պահանջել, որ նրանք վարվեին համաձայն յուրյանց նշանակությանը. նրանք ժողովրդի բարին մտածեին, նորա ժամանակակից պահանջներին բավականություն տային և ոչ միայն յուրյանց քսակը հարստացնելու աշխատեին: Բայց քանի որ առաջնորդի իրավունքները մի կանոնավոր ձևի մեջ դրված չեն, դոցանից և ոչ մինը սպասել կարելի չէ:
Ի՞նչ ելք կա:
Մեր կարծիքով պետք է հետևել այն օրինակին, ինչ որ արավ Թուրքիայի հայը, պատրիարքի միապետական իշխանությունը փոխելով սահմանադրական վարչության: Պարսկաստանում դա փրկարար միջոցներից ամենագլխավորն է: Բայց հարցը նորանումն է, թե արդյոք հայերին Պարսկաստանում թույլ կտրվի՞ ունենալ ազգային առանձին սահմանադրական վարչություն: Այդ մասին ոչինչ տարակույս չկա, քանի որ առաջին փորձը աչքի առջև ունինք:
Շատ տարի չէ (1873 թվին), որ Թեհրանի հայերը փորձ փորձեցին ունենալ ազգային սահմանադրական վարչություն, և բարձր կառավարությունը չմերժեց նոցա խնդիրքը, շնորհելով բոլոր արտոնությունները, ինչ որ պետք է մի ազգային ազատ սահմանադրական վարչության: Բայց եթե գործը չգնաց, և համարյա յուր խանձարուրի մեջ մեռավ, պատճառն այն էր, որ գործիչ անձինք պատրաստված չէին, նրանք սկսեցին և թողեցին, առանց շարունակելու համբերություն ունենալու: Բացի դրանից, Թեհրանը թեև Պարսկաստանի մայրաքաղաքն է, բայց հայության կենտրոնը չէ, մի այսպիսի գործ պետք էր հիմնել այն տեղում, ուր հայերն ավելի խիտ բնակչություն ունին, ուր նոքա յուրյանց զարգացումով ավելի բարձր են, ուր նոցա նյութական դրությունը ավելի հաջող պայմանների մեջ է: Այդ մասին ավելի հարմար է Ատրպատականը, և Դավրեժ քաղաքը կարող է նորա կենտրոնը լինիլ:
Մենք համոզված ենք, որ ազգային սահմանադրությունը սկզբում մի նշանավոր օգուտ չի կարող բերել նաև Ատրպատականում ժողովրդի անպատրաստ լինելու համար: Դա կլիներ միայն սկսել գործը յուր ժամանակից առաջ, որ անհմուտ գործադրողների ձեռքում խեղաթյուրվելով և այլանդակվելով, մի ավելի հրեշավոր բան պիտի դառնար:
Բայց մենք հայերս առհասարակ նախապատրաստված մարդիկ չենք, մենք սովորում ենք գործել գործի մեջ. օրինակ, մեզանում վարժապետը սովորում է մի առարկա, նույն առարկան ծուռ ու սխալ կերպով աշակերտներին դաս տալով, բժիշկը սովորում է բժշկություն, ավելի մեծ թվով մարդիկ կոտորելով. լրագրապետը սովորում է գրել, հիմար թերթեր դուրս տալով. — ամեն գործ մեզանում այսպես է առաջ գնում...
Թեև մենք ընդդեմ ենք դոնքիշոտության, թեև մենք գիտենք, որ ամեն մի վերանորոգություն որևիցե ժողովրդի կյանքի մեջ լինում է ավելի հիմնավոր և ավելի օգտավետ, երբ ժողովուրդը հասնում է նորան յուր կանոնավոր զարգացումով, հաջորդաբար և ոչ թռիչքներ գործելով, — այսուամենայնիվ, Պարսկաստանում ազգային սահմանադրություն ունենալու խնդրի մեջ մենք խորհուրդ կտայինք տեղային հայերին` ամենայն վստահությամբ դիմել այս գործին: Ժողովուրդը դորանով շահած կլիներ երկու բան` առաջին, կանոնավոր ձևերի մեջ կդներ տեղային հոգևոր կառավարությունը, երկրորդ, որ նա առայժմ ստացած կլիներ մի արտոնություն, որ մի քանի տասնյակ տարիներից հետո գուցե դժվար կլիներ ձեռք բերել…
Թեև բավական անբնական երևույթ է տիրող ազգի անկարգ միապետական կառավարության մեջ մի մասնավոր ազգի ունենալ առանձին սահմանադրական վարչություն, բայց այլապես լինիլ կարելի չէ, քանի որ որպես Թուրքիայում, նույնպես և Պարսկաստանում տիրապետող ազգերը խիստ թույլ և դանդաղ կերպով են շարժվում, իսկ քրիստոնյաները համեմատաբար խիստ առաջ են գնացած. Նորանք սպասել կարող չեն, մինչև մահմեդականները դուրս գալով վաղեմի նախապաշարմունքներից, նորեն ոտք կկոխեին առաջադիմության շավղի վերա:
Բայց որպես և լինեին, պետք է այսքանով ևս գոհ լինել, որ պարսիկ կառավարությունը այժմ յուր ոչ մահմեդական ազգերին չի խնայում որևիցե արտոնություն, որ կարող էր նորանց հանգստությանը և առաջադիմությանը նպաստել: Ինչո՞ւ օգուտ չքաղել ժամանակի բերմունքից, քանի որ գիտենք, թե պետությունները որքան քաղաքակրթվում են (իհարկե կեղծ քաղաքակրթությամբ), որքան զարգանում են, այնքան նրանք ժլատ են լինում յուրյանց հպատակ մանր ազգերին ազատ արտոնություններ շնորհելու...40
***
Այժմ դառնանք այն հարցին, թե արդյոք Պարսկաստանի հայերը ցույց տալի՞ս են որևիցե ձգտողություն դեպի ժամանակակից կրթությունը, կամ նոցա մեջ երևո՞ւմ են առաջադիմության նշաններ:
Արդարև, Պարսկաստանի հայի անցյալը անցել է խիստ տխուր հիշատակներով, և նորա ներկան թեև այնքան նախանձելի չէ, բայց նա արդեն պատրաստվում է մի փառավոր ապագայի համար: Օրինակ առնենք Դավրեժի հայերը և քննենք այս քաղաքի մերայնոց մտավոր գործունեությունը: Սկսենք դպրոցից: Դավրեժի ազգային դպրոցի հիմքը դրեց արժանահիշատակ Սահակ եպիսկոպոս Սաթունյանը 1850 թվին: Նա կառույց դպրոցի շենքը և ժողովեց այնտեղ հայ մանուկները, որոնցից շատերը մինչև այն օրը մի տիրացուի մոտ այբբեն սովորելու բախտից ևս զուրկ էին: Սաթունյանը կանգնեց նույն դպրոցի մոտ և մի հոյակապ շինվածք, որպես առաջնորդարան, և առաջնորդի «դուռը» այն օրից պաշտոնական կերպարանք ստացավ, երբ նորանից առաջ անհայտ և բոլորովին աննշան մի բան էր:
Ցավալին այն է, որ հիշյալ հիմնարկություններից հետո Սաթունյանի կյանքը կարճատև եղավ, այդ պատճառավ նա չկարողացավ կատարել յուր խիստ ցանկալի փափագը, այն է` դպրոցի գոյությունը պահպանելու համար նորա նյութական դրությունը մշտապես ապահովել: Բայց նորա մահից հետո դարձյալ մնաց մի գումար, որ դպրոցի սկզբնական հիմնադրամն դարձավ: Սաթունյանի մահից հետո մինչև այժմ 26 տարվա միջոցում միմյանց հաջորդեցին 6 առաջնորդներ: Այս «նորին սրբազանություններից» և ոչ մեկը մի քար անգամ չդրեց այն շինվածքի վերա, որի հիմքը դրել էր Ատրպատականի արժանահիշատակ բարերարը: Այլ խոսքով, դպրոցը դոցա օրերով ոչ միայն յուր ուսումնական և նյութական վիճակի մեջ առաջ չգնաց, այլ հետզհետե ընկնիլ սկսավ41: Սաթունյանը շինեց դպրոցը, առաջնորդարանը և այլ ազգօգուտ հիմնարկություններ, — բոլորը յուր փողով, այսինքն` այն փողով, որ նա ստանում էր վիճակից որպես «հոգևոր պտուղ»: Բայց նա ժողովրդից ստացածը կրկին ժողովրդին ետ դարձրեց, յուրյան չսեփականեց: Նույն վիճակից նորա հաջորդներն ստանում էին նույնքան, բայց այս վերջինները «հոգևոր պտուղը» յուրյանց ջիբը դրին...
Ճշմարիտ է, եթե Սաթունյանի հաջորդներից ամեն մեկը մի մասնավոր գումար ավելացրած լիներ դպրոցի դրամագլխի վերա, դպրոցը բոլորովին նյութապես ապահովված կլիներ, բայց ընդհակառակն, նորանք այնքան անփույթ գտնվեցան, որ չաշխատեցին մինչև անգամ հանգուցյալի թողած գումարը օրինավոր կերպով շահեցնել, այլ այս և այն մարդու ձեռքը ընկնելով, համարյա ոչնչացավ…
Թողյալ դպրոցի մի այսպիսի անմխիթար նյութական վիճակը, նորա ուսումնական կամ կրթական մասը սարսափելի այլանդակության մեջ էր: Երևակայեցեք ձեզ մի վարժատուն, ուր վարժապետը բոլորովին հարբած է ներս մտնում, աթոռի վերա նստած ժամանակը նորա քունը տանում է, — աշակերտները այս բախտավոր րոպեին էին սպասում: — Նորանք հավաքվում են վարժապետի չորս կողմը, մինը պոչին թել կապած ճանճ է թռցնում նորա երեսի վերա, մյուսը մորուքի հետ խաղում է, երրորդը այս խոսքերն է ասում. «վարժապե՜տ, վարժապե՜տ, մի փիալա էլ (բաժակ) համեցե՜ք»: Երևակայեցեք ձեզ մի վարժատուն, ուր աշակերտը առավոտից մինչև իրիկուն լսում է յուր դաստիարակից այսպիսի խոսքեր. «շուն շան որդի» — «հարամ զադա» — «էշի լակոտ» և այլն, — և միշտ ընդունում է յուր մարմնի վերա նորա ձեռքի անտանելի հարվածները: Երևակայեցեք, վերջապես, մի վարժատան դրություն, ուր ուսման ամբողջ շրջանը «Սաղմոսից» և «Ավետարանից» այն կողմ չի անցնում....
Ի՞նչ էր այս բոլոր անկարգությանց պատճառը:
— Այն, որ դպրոցը գտնվում էր եկեղեցական անմիջական իշխանության ներքո և նա «եկեղեցականացրած» էր...
Բայց Սաթունյանը այս նպատակով չէր շինած դպրոցը, նա չդրոշմեց դպրոցի վերա «հոգևոր» անունը. նորա դպրոցը ճիշտ ժողովրդական էր. նա շինված էր ժողովրդի փողով և ժողովրդի համար և Սաթունյանն ինքը ժողովրդական մարդ էր. նա ոչինչ առիթ չուներ յուր դպրոցը կնքել «հոգևոր» անունով....
Պարսկաստանում թե՛ աշխարհականը և թե՛ հոգևորականը կարող են մինչև անգամ համալսարան հիմնել առանց ոչ ոքից հարցնելու, մեր բարեսիրտ կառավարությունը այսպիսի բաների մեջ մտնել չի սիրում:
Այո՛, դպրոցը բոլորովին ժողովրդական էր, բայց նորան եկեղեցականացրին, և եկեղեցականացնելով մեռցրին....
Ժողովուրդն այս հասկացավ, բայց հասկացավ խիստ ուշ.... Նա ազատեց առաջնորդի ձեռքից դպրոցի միայն կմախքը... նորան պետք էր նորից շունչ և հոգի տալ, — և այդ վերջինը կարոտ էր դրամի: Ժողովուրդը, թեև աղքատ, բայց եռանդուն դեպի հասարակաց բարին, սկսեց յուրաքանչյուրի կարողությանը համեմատ հավաքել մի օժանդակություն, դպրոցի նյութական վիճակը բարվոքելու համար42: Բարերար անձանց նվերներն հասան մինչև մի նշանավոր գումարի, որի տոկոսով դպրոցը կարողացավ ունենալ առաջվա տիրացու վարժապետների տեղ մի տեսուչ և յոթն վարժապետներ: Դպրոցի պահանջների մեջ մտան երկրի պահանջներին համեմատ բացի հայերենից, ֆրանսերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուները, և գիտությունից զանազան առարկաներ: Դպրոցն ունեցավ 5 դասատուն, և բավականին բարեկարգ ձևի մեջ մտավ: Նորա կառավարությունը հանձնվեցավ ժողովրդից ընտրված հոգաբարձության, որո եռանդուն գործունեությունը առաջին տարվա ընթացքում ցույց տվեց յուր պատկերը: Առաջին հարցաքննությունը, որ եղավ 1875 թվին, գրավեց մինչև անգամ քաղաքում գտնված եվրոպացիների և եվրոպական կոնսուլների ուշադրությունը, որոնք յուրյանց ներկայությամբ պատվեցին հայ մանուկների ուսման հարցաքննությունը: Ներկա էր նաև քաղաքի արտաքին գործոց վեզիրի փոխանորդը, որ մինչ այն աստիճան գոհ մնաց, որ նվիրեց դպրոցին մի նշանավոր գումար:
Հիշյալ վերանորոգությունից հետո Դավրեժո ազգային դպրոցը թեև տակավին ունի յուր ինչ-ինչ թերությունները, բայց երկրի դրության նայելով նա կարողացել է դպրոցների կատարելատիպը համարվիլ: Իբրև ապացույց` ես հարկավոր եմ համարում հիշել, որ շատ ժամանակ չէ Դավրեժի արքունի դպրոցի43 տեսուչը այցելության եկավ մեր դպրոցը, դա էր գեներալ Միրզա-Ջավադ-խանը. գիտե գաղղիերեն և բավականին կրթյալ երիտասարդ է: Նա տեսնելով հայոց դպրոցը շատ գոհացուցիչ գտավ նորա կազմակերպությունը և պահանջեց ուսումնարանի ծրագիրը: Այս այցելությունից հետո մի քանի շաբաթ հազիվ էր անցել, որ պատվելի տեսուչը ուղևորվեցավ դեպի Թեհրան, այն նպատակով, որ այնտեղ աշխատե, գուցե կարողանա փոխել տալ Դավրեժի արքունի դպրոցի ծրագիրը, որ տրված էր լուսավորության վեզիրից:
Բայց մի ուրախալի երևույթ այն է, որ դպրոցը, մանավանդ հայ դպրոցը գրավում է մահմեդական բարձր հոգևորականի ուշադրությունը: Այս օրերում Դավրեժի մեծ մուշտայիդը, որ կոչվում է Հուջաթ-ուլ-իսլամ (իսլամի հաստատությունը) յուր այցելությամբ նույնպես պատվեց մեր դպրոցը: Նորին սրբազանությունը ման եկավ բոլոր դասատները, ամենի մեջ հարցրեց ուսանելի առարկաները, քննեց, թե որքան աշակերտները առաջ են գնացած պարսկերենի մեջ և յուր հեռանալու ժամանակ հայտնեց յուր կատարյալ համակրությունը, թե ինքը շատ ուրախ է տեսնելով, որ հայերը կրթության համար այդչափ հոգս են տանում, քանի որ պարսիկները բոլորովին անփույթ են այդ մասին:
***
Այս բոլորից հետո ծագում է մի խնդիր, թե արդյոք Դավրեժի ազգային դպրոցը պիտի կարողանա՞ այս ընթացքը շարունակել, թե ո՛չ:
Ցավելով պետք է պատասխանել, թե` ո՛չ, չպիտի կարողանա շարունակել: Որպես հիշեցինք դպրոցը կառավարվում է գլխավորապես այն գումարի տոկոսով, որ վերջին անգամ բարերար անձինքներից հավաքվեցավ որպես դրամագլուխ: Այս դրամագլուխը կազմվելուց հետո երկու տարվա հաշիվները ցույց տվին, որ դպրոցի մուտքը չի ծածկում նորա ելքը, այսինքն` յուրաքանչյուր տարի ծախսերի մեջ բավականին բաց է մնում և այս բացը ծածկվում է դրամագլխից պակասեցնելով: Մուտքի և ելքի մի այսպիսի զգալի անհավասարակշռությունն առիթ է տալիս այժմեն մտածել, որ յուրաքանչյուր տարի դրամագլխից անդադար պակասելով, վերջապես կսպառվի նա և դպրոցը փակվելու վիճակի կենթարկվի: Դա շատ ցավալի կորուստ կլիներ, քանի որ մտածում ենք, թե այս դպրոցը բարձր նշանակություն ունի ոչ միայն Ատրպատականի նահանգի համար, այլև ամբողջ Պարսկաստանի համար:
Ի՞նչ պետք է արած:
Զանազան մտածողներ, զանազան միջոցներ են առաջարկում: Ոմանք ասում են Պարսկաստանի հայոց վիճակը կարեկցական է դիմենք ուրիշ երկրներում հարուստ բարերարների օգնությանը, գուցե նորանք օգնեն մեզ: Լա՛վ երազ է, եթե բարին կատարի…44: Ոմանք ասում են` կրկին ժողովրդից օժանդակություն հավաքենք: — Ժողովուրդը աղքատ է, նորան շատ ձանձրացնել չի կարելի, նա որքան կարող էր տվավ: Ոմանք ասում են, — թե աշակերտների վերա վճար նշանակենք: — Այն ժամանակ աղքատ ծնողներն յուրյանց որդիքը կհանեն և բողոքականների դպրոցը կտան, ուր ամեն ինչ ձրի է:
Ոմանք ասում են, թե դպրոցի ուսումնական շրջանը նեղցնենք, դասատներից մի քանիսը փակենք, ուսուցիչների թիվը պակասեցնենք, որպեսզի ծախսերը փոքրանան, — այն ժամանակ դպրոցը կկորցնի յուր նշանակությունը: Վերջապես շատ տեսակ խոսքեր են ասվում, բայց մենք դոցա և ոչ մեկը նպաստավոր չենք գտնում:
Ապա ի՞նչ պետք է արած, կհարցնեն մեզ:
Նախ քան ուղղակի պատասխանելը մենք հարկավոր ենք համարում կրկին վերադառնալ դպրոցի սկզբնավորությանը և մեր կողմից առաջարկել մի քանի հարցեր, — ո՞վ հիմնեց այդ դպրոցը: — Դպրոցը հիմնեց Սաթունյան եպիսկոպոսը: — Ի՞նչ գումարով հիմնեց: — Նա հիմնեց Ատրպատականի վիճակից ստացած հոգևոր արդյունքով: — Այժմ այն արդյունքն ո՞ւր է մտնում: — Նա մտնում է այժմյան առաջնորդի քսակը...
Եթե այդ քսակի հարցը վճռվելու լինի, ամեն ինչ պարզված է:
Խոսելով Պարսկաստանի հոգևոր կառավարության մասին, մենք արդեն ցույց տվինք, թե որպիսի աղբյուրներից է գոյանում առաջնորդի «հոգևոր արդյունքը» կամ այն եկամուտը, որը կոչվում է «հոգևոր պտուղ»: Մենք դարձյալ կհիշենք: Այս «պտուղն» ստացվում է այն հարկերից, որ առաջնորդը դրել է յուրաքանչյուր տան վերա: Այս հարկերը նույնպես ստիպողական են, որպես արքունի հարկերը. եթե յուրյանց ժամանակին չստացվին, գործ կդրվին ազդու միջոցներ, որպիսի են` փայտ, ծեծ և այլն: Այս «պտուղն» ստացվում է մկրտության, պսակի և թաղման համար, որ նույնպես եթե յուր ժամանակին չվճարվի, հիշյալ եկեղեցական արարողությունները կմնան անկատար: Այդ «պտուղն» ստացվում է զանազան աղբյուրներից, որոնք այնքան անվայել են, որ նրանց շոշափելու ցանկություն չունինք... Բացի հիշյալ «պտուղներից», կա մի ուրիշ ևս, որ կոչվում է աթոռահարկ: Դա մտնում է Մայր Աթոռի (Էջմիածնա) գանձարանը…
Պարսկաստանի հարստահարությանց տակ ճնշված մի ժողովրդի կրկին ծանրաբեռնել այսպիսի հոգևոր տուրքերով, վերջին աստիճանի անխղճություն է, բայց քանի որ ժողովուրդը ստիպված է տալու, թող տա, մենք նորա ջերմեռանդությունը վիրավորելու միտք չունինք: Բայց մտածո՞ւմ է արդյոք ժողովուրդը, թե յուր տվածը որտեղ է մտնում: — Մտնում է առաջնորդի քսակը...
Դարձյալ քսակի խնդիրը մեջ մտավ:
Հայերի մեջ, որքան հիշում եմ, Պարսկաստանի պես չկա մի վիճակ, որ հոգևոր առաջնորդր, մի արևելյան միապետի նման, ազատ և անձնիշխան կերպով ժողովրդի վերա հարկեր նշանակեր և այս ու այն եկեղեցական արարողությանց համար առանձին տուրքեր ստանար: Զանազան երկրներում կան զանազան ձևով հոգևոր վարչություններ, բայց նոցա և ոչ մեկը Պարսկաստանի ինքնահաճ կամայականությունը չունի: Մի տեղ` օրինակ, Ռուսաստանում, թեմերը ունեն յուրյանց վիճակային կոնսիստորիան, ուր տնօրինվում են բոլոր եկեղեցական գործերը և կանոնավոր հաշվի ու համարի տակ են ընկնում: Վիճակային հոգևոր արդյունքը նույնպես տնօրինվում է կոնսիստորիայի ձեռքով և յուր նշանակությանը համեմատ գործի է դրվում: Առաջնորդը, որպես վիճակային հոգևոր կառավարության ներկայացուցիչ, իրավունք չունի գոյացած արդյունքից մի կոպեկ անգամ յուրյան սեփականել. նա ունի յուր համար նշանակած ռոճիկ, որով ապրում է: Կան ուրիշ տեղեր, օրինակ, Տաճկաստան, ուր վիճակային հոգևոր ատյանը յուր ձեռքում ունի վիճակի կառավարությունը: Բայց Պարսկաստանում չկան դոցա և ոչ մեկը. այստեղ կառավարում է միմիայն առաջնորդը և ամեն ինչ կախում ունի միայն նորա կամքից…
Մի՞թե կարելի է այդ:
Մենք ամենևին չենք դատապարտում այս երևույթը, թե ինչո՞ւ է եղած այսպես. մենք գիտենք, որ Պարսկաստանի միապետության մեջ մի այլ ձևով հոգևոր կառավարություն կազմվել կարող չէր: Մենք գիտենք, որ հայ կղերը, երբ ազատ է, նա բռնակալ է, և եթե այս կամ այն երկրում սահմանափակված է նորա կամայականությունը, այդ մասին պետք է գոհ լինել բարձրագույն տիրող կառավարությունից:
— Այո՛, հայ կղերը սիրում է ազատություն, բայց նա ցանկանում է ազատությունը միմիայն յուր համար: Այն ցնո՛րք է, որ շատ անգամ ասում ենք` «հայոց եկեղեցին ժողովրդական է». եթե նա մի ժամանակ ժողովրդական էր, դա ուրիշ հարց է, իսկ այժմ այդ չի երևացնում...
Ի՞նչ ելք կա: -
Պետք է վերանորոգել, պետք է ոչնչացնել հին ձևը, և բոլորովին նոր կերպարանք տալ նորան:
Արդարև, մենք սկզբում խոսելով Պարսկաստանի հոգևոր կառավարության բարեկարգելու մասին, առաջարկեցինք սահմանադրական վարչություն. այո՛, բախտավոր կլիներ Պարսկաստանի հայը, եթե մեր երազն իրագործվեր... Բայց քանի, որ գիտենք մեր այստեղի ազգայնոց անհոգությունը, առայժմ մեր կողմից բոլորովին անրջային ցնորք կլինի առաջարկել մի այսպիսի ձեռնարկություն: Առհասարակ հայերն ապագա պատրաստելու մեջ խիստ անփույթ են, և մանավանդ Պարսկաստանի հայը...
Ուրեմն ի՞նչ պետք է անել — բարեկարգել վիճակային հոգևոր կառավարությունը և նորան յուր այլանդակություններից կանոնավոր ձևերի վերածել, — դա առաջին քայլն է դեպի սահմանադրություն, դորանով ուղին հարթվում է նույն նպատակին հասնելու:
Բայց ո՞րպես բարեկարգել, — այստեղ է գլխավոր հարցը:
Բայց որովհետև բարեկարգության հարցը մի այսպիսի, բաղադրյալ խնդիր է, որ այժմյան մեր հոդվածի համառոտությունը չի ներում նորան ավելի մանրամասնաբար ընդարձակելը, մենք խոստանում ենք բացատրել դորան մի շարք հոդվածներով: Իսկ առայժմ կասենք մի քանի ընդհանուր խոսքեր:
Մենք բոլորովին ընդդեմ ենք կոնսիստորիային, կամ մտցնել Պարսկաստանում այն ատենական կազմակերպությունը, որ բաղկացած է լինում միմիայն եկեղեցիականներից` որևիցե առաջնորդի նախագահությամբ: Եվ որովհետև Պարսկաստանի հոգևոր կառավարությունը միացնում է յուր մեջ թե՛ հոգևոր և թե՛ աշխարհային իրավունքները, այս պատճառավ, և նորա կենտրոնական վարչությունը պետք է կազմված լինի թե՛ հոգևորականներից և թե՛ աշխարհականներից. — առաջինները որպես եկեղեցու ներկայացուցիչներ, իսկ վերջինները որպես ժողովրդի ներկայացուցիչներ: Վիճակային առաջնորդը կլինի ատյանի նախագահը. իսկ գործերը կվճռվեն ժողովի ընդհանուր հավանությամբ: Այն ժամանակ բոլոր վիճակային «հոգևոր արդյունքը», որ ստացվում է այլևայլ անուններով, կանոնավոր սահմանի մեջ դրվելով, կհավաքվեն և կմտնեն ազգային կենտրոնական սնդուկը և ոչ առաջնորդի քսակը, որ մինչև այժմ լինում էր:
Հիմա տեսա՞ր. ընթերցող, քսակի հարցը մասամբ վճռվեցավ. բայց կարելի է դու հարցնես` ապա առաջնորդն ինչո՞վ պետք է ապրի: — Մենք կսահմանենք նորա համար մի որոշյալ ռոճիկ, որքան կբավականանա մի եկեղեցականի համեստ կեցությանը: Այսպիսով, մենք շահած կլինենք երկու բան. առաջին` վիճակային հոգևոր կառավարությունը կարգ-կանոնի մեջ կդրվի, երկրորդ` վիճակային «հոգևոր արդյունքը» առաջնորդի քսակից դուրս կորզելով, ավելի ազգօգուտ հիմնարկությանց վերա գործ կածվի:
Եվ որովհետև բոլոր մեր այս խորհրդածությունները առաջ եկան Դավրեժու ազգային դպրոցի նյութապես ապահովված չլինելու հարցից, այժմ հարկավոր ենք համարում կրկին վերադառնալ դեպի նույն հարցը:
Վիճակային բոլոր «հոգևոր արդյունքը» հավաքվեցավ կենտրոնական սնդուկի մեջ, առաջնորդի ռոճիկը տվինք, ատենական ծախսերն արինք, այժմ սնդուկի մեջ մնում է ավելացած փող45: Ի՞նչ անենք այդ փողը: — Այդ փողով ահա Դավրեժի ազգային ուսումնարանը բոլորովին կապահովենք, և նորա ուսումնական շրջանը ավելի կընդարձակենք:
Այստեղ առաջ է գալիս մի նոր խնդիր, թե ինչո՞ւ միայն Դավրեժի ազգ. ուսումնարանը պետք է շահվի կենտրոնական սնդուկից, իսկ մյուսները զուրկ մնան:
Մյուսները զուրկ չեն մնա, նորանք նույնպես կշահվեն, բայց ուրիշ կերպով: Դավրեժո ազգային դպրոցը, որպես ամբողջ Ատրպատականի կրթության կենտրոնական աղբյուր, հանձն կառնե զանազան գավառներից ընդունել յուր մեջ աշակերտներ, նորանք կապահովվին ուսումնարանի ծախսով և յուրյանց կրթությունը ստանալուց հետո, կվերադառնան յուրյանց հայրենիքը, այնտեղ կլինեն վարժապետներ կամ քահանաներ: Այսպիսով գյուղական ուսումնարաններն ազատված կլինեն հիմար տիրացուներից, և գյուղական եկեղեցիներն ազատված կլինեն տգետ քահանաներից:
Բայց բացի կենտրոնական սնդուկից ես մոռացա հիշել արդյունքի մի ուրիշ աղբյուր ևս, որից Դավրեժի ազգային դպրոցը նույնպես կարող է շահվիլ: Ես, վերևում խոսելով վիճակային այլևայլ հոգևոր տուրքերի մասին, ասացի թե ժողովրդից հավաքվում է մի առանձին տուրք ևս, որ կոչվում է «աթոռահարկ», թե դա մտնում է Էջմիածնա գանձարանը: Թողյալ այդ, Ատրպատականի երկու վանքերի, այսինքն` ս. ս. Թադեոս և Նախավկայի վանքերն ու եկամուտներն դարձյալ նույն գանձարանն են մտնում, Էջմիածին են ուղարկվում...
Դիցուք թե ժողովուրդը տգետ ջերմեռանդ է, և չէ հասկանում Էջմիածինն ի՞նչ իրավունքով է քարշում Պարսկաստանից աղքատ և հազարավոր պետքեր ունեցող ժողովրդի արծաթը: Չմոռանաք, որ երկու վանքերից մեկը, այսինքն` սուրբ Նախավկայի վանքը ունի մի ամբողջ գյուղ Դարաշամբ անունով. այս գյուղը պատկանում է վանքին, որ նվիրված է պարսից մեծ իշխան Նաիբ-ուլ-Սալթանայից46: Կարծեմ նորին բարձրությունը այն մտքով չնվիրեց այս գյուղը վանքին, որ նորա արդյունքը Էջմիածինը տանե. նա նվիրեց պարսից տերության մեջ գտնված մի վանքի և Պարսկաստանի հայ ժողովրդի պետքի համար գործածելու:
Բացի վերոհիշյալներից կան և ուրիշ կալվածներ ևս, որոնց արդյունքը Էջմիածինն է տանում, որոնք, բոլորն էլ ամենայն իրավամբ, պետք է սեփականել Դավրեժի ազգային դպրոցին47:
Բայց ո՞վ պետք է իրագործե մեր առաջարկած բարեկարգությունները: — Մենք պատասխանում ենք. — ժողովուրդը:
Այո՛, ժողովուրդը, որովհետև նա է յուր իրավունքների պաշտպանը և տերը. նա պետք է բողոքե յուր վերա գործ դրված անիրավությանց դեմ, և նորա ձայնը այնքան ուժ և զորություն ունի, որքան նորա պահանջը իրավացի է և արդար:
Բայց մեր ժողովուրդը գիտե՞ այդ: — Ո՛չ, դժբախտաբար նա այնպիսի մի թմրյալ վիճակի մեջ է ապրում, որ գուցե չի էլ զգում, թե ինքը հարստահարված է... Գուցե նա համոզված է, որ գործերի կարգը հենց այնպես էլ պետք է լիներ, որպես առաջուց դրված է, որպես կա... որովհետև ինքը նորան սովորած է, ինչպես որ սովորած է, թե հորանջելու միջոցին պետք է բերանը խաչակնքել. եթե պատճառը հարցնես, կասե, իմ պապս էլ այսպես էր անում...
Բայց ամեն տեղ ամբոխը չէ, որ ներգործում է, նա շատ անգամ մնում է անտարբեր, ներգործում է միայն նորա ընտրյալ մասը. — մտածողները և հասարակական բանվորները: Եվ մենք այդ ունինք, դորանցից զուրկ չենք: Մեզանում ևս կան տղամարդիկ, որոնք թե՛ խոսքով և թե՛ գործքով պատրաստ են պատերազմել ճշմարտության համար... Թողյալ այդ, ժողովուրդն արդեն ունի յուր ներկայացուցիչները, — դա է Դավրեժո ազգային հոգաբարձությունը. նորա ոչ միայն սեփական պարտքն է պաշտպանել ժողովրդի շահերը, այլև իրավունք ևս ունի:
Հուսով ենք, որ Ատրպատականի այժմյան թեմակալ Անդրեաս եպիսկոպոսը, ուշադրության առնելով այս խնդիրը, յուր կողմից չի խնայելու ամեն աշխատություն և ջանք, որպեսզի յուր առաջնորդության օրերով վիճակային հոգևոր կառավարությունը մաքրվի հին կեղտերից և հեռացվի վաղեմի անկարգությունները: Հուսով ենք, որ նորին սրբազանության օրերով կբարեկարգվի յուրյան հանձնարարված վիճակը, ստանալով մի նոր ձև և կերպարանք, որպես պահանջում է ժամանակը, որպես հարմար է ժողովրդի այժմյան պիտույքներին: Եվ նորին սրբազանության ազնիվ հատկությունները բոլորովին երաշխավորում են մեր հույսը, թե նորա անունը Պարսկաստանի հոգևոր կառավարության բարեկարգության տարեթվի մեջ առաջին տեղը կբռնե:
***
Վերջացնելով մեր հոդվածը չի կարելի մի քանի խոսք չասել Դավրեժի ժողովրդական ընթերցարանի մասին, որ բացվհցավ 1875 թվին: Դա զետեղված է նույն տան մեջ, ուր գտնվում է քաղաքի ազգային դպրոցը և առաջնորդարանը: Եկեղեցուն շատ մոտ է:
Դավրեժի հայ ժողովրդականք, ապրելով ասիական կյանքով, չունեին մի տեղ, մի կենտրոն, որ նոքա որոշյալ օրերում հաղորդակցություն ունենային: Նորանց հարաբերությունները խիստ առանձնական էին: Նորանք տեսնվում էին միմյանց եկեղեցում, ուր բանավոր հաղորդակցություն նոցա մեջ լինել կարող չէր: Փողոցներում առավոտից մինչև երեկո նորանք զբաղված էին յուրյանց գործերով, իսկ տուն դառնալուց հետո խիստ մերձավոր բարեկամները, միայն այն էլ ոչ միշտ, կարող են միմյանց տեսնել: Եվ այսպես ընկերական կապը նոցա մեջ ամեն կերպով կտրված էր: Հասարակային տեղեր չկային, ամեն մարդ յուր աշխարհը գտնում էր յուր նեղ ընտանեկան շրջանի մեջ, որից դուրս նորա համար կյանք և լույս չկար...
Ապրելով այսպիսի առանձնական կյանքով, ժողովուրդը մինչ այն աստիճան բթամտացած էր, մինչ այն աստիճան հանգել էր նորա մեջ մարդկային զգացմունքները, որ նա բոլորովին անզգա էր դարձել դեպի հասարակային գործերը. նա չէր հետաքրքրվում, թե յուր հորիզոնից դեպի հեռու կողմերում ի՞նչ են գործում մարդիկ, ի՞նչպես են ապրում և ի՞նչ են մտածում...
Այսպիսի վիճակի մեջ էր ժողովուրդը, երբ մի քանի եռանդոտ երիտասարդներ մտածեցին մի ընթերցարան հիմնել և նրանով առիթ տալ ժողովրդին մի կողմից շուտ-շուտ միմյանց հետ հաղորդակցության կապեր ունենալ, մյուս կողմից զարգացնել նոցա միտքը:
Ընթերցարան բացվեցավ, թողյալ նյութական կողմը, նա սկզբում պետք է հանդիպեր շատ արգելքների, պետք է պատերազմեր հասարակության նախապաշարմանց դեմ: Ժողովուրդն արհամարհանքով էր նայում այս հիմնարկության վերա, նա ծիծաղում էր. «գիրքը կարդում են աղոթելու համար, և այն կարդում է միայն տեր հայրը, աշխարհականն ինչ գործ ունի գրքի հետ». լրագրության մասին ամենևին գաղափար չունեին, այդ պատճառավ նորա մասին դատել կարող չէին:
Ի նկատի ունենալով այսպիսի տխուր հանգամանքները, ընթերցարանը պետք է հաղթեր մի մեծ դժվարություն. նա չուներ պատրաստի ընթերցասերներ, նա ստիպված էր նորից ընթերցողներ պատրաստել: Այս նպատակով ընթերցարանն սկզբում ընդունեց մի տեսակ լսարանի կերպարանք, որպեսզի յուր հաճախորդների ճաշակը կրթե, նոցա նախապաշարմունքները ջնջե, նոցա մտածությանց ձևերը փոխե, և նոցա նորանոր գաղափարների հետ ծանոթացնե: Այս մտքով ընթերցարանը հիմնող երիտասարդները հազար ու մեկ ճարպկություններով մարդիկ էին որսում, այնտեղ բերում: Մեկն սկսում էր, օրինակ, բարձր ձայնով կարդալ որևիցե լրագրում մի նշանավոր հոդված, մյուսները լսում էին, հոդվածը վերջանալուց հետո հայտնվում էին կարծիքներ, վիճում էին, դատում էին և այս բոլոր մտավոր պատերազմի մեջ մեր ակամա հաճախորդը նկատում էր «չէ՛, ընթերցարանը մի ուրիշը բան է եղել» ասում էր նա յուր մտքում զարմանալով. — էստեղ մարդ շատ բան է սովորում: Նա հետաքրքրվում էր, սկսում էր այնուհետև ինքը կարդալ, չգիտցած, չհասկացած տեղերը հարցնել և «բան սորվել»:
Այնուհետև այն պարոնները, որ սկզբում ակամա էին բերվում ընթերցարանը, սկսեցին իրանք հաճախել, սկսեցին գրքեր վարձել և տուն տանել կարդալու համար: «Ինձ մի լավ գիրք տվեք, տանեմ տանը կարդամ», — ասում էր հաճախորդը, լավ գիրքը ընտրում էր ընթերցարանի կառավարիչը, որովհետև խնդրողը ոչ մի գրքի ծանոթ չէր, և ոչ մի գրքի անուն չգիտեր բացի «Սաղմոսից» և «Ավետարանից»:
Այնուհետև փոստայի ներս գալու օրը մի անհամբեր օր դարձավ. հաճախորդները շուտ վերա էին թափվում և հարցնում էին` «ի՞նչ նոր բան կա լրագիրների մեջ»: Յուր պատասխանները հեշտացնելու համար ընթերցարանի վարչությունը ստիպված էր ամենից առաջ ինքն աչքե անցկացնել ստացած լրագրերը և ամսագրերը, և նշանակել նոցա ճակատի վերա նշանավոր հոդվածների անունները:
Այսպիսի երևույթները տալիս են մի մխիթարական հույս մտածելու, թե մի ժողովուրդ որքան էլ բթացած լիներ, որքան և անզգայացած լիներ դեպի հասարակային մտածողությունները, այսուամենայնիվ տոկուն և եռանդոտ աշխատությունը կարող է զարթեցնել նորա մեջ կյանք և ազնիվ զգացմունքներ:
Տեսնելով ընթերցարանի այսպիսի հաջող առաջադիմությունը, մենք չենք կարող չհիշել պարոն Հ. Հաջեյանին` պոլսեցի ազնիվ երիտասարդին, որ սկզբից մինչև այժմ տեսուչն է և նորա եռանդոտ հիմնողների պարագլուխն է եղել: Նորա աշխատությամբ ընթերցարանը մեկ ու կես տարվա ընթացքում ունեցավ 700 հատոր հայերեն, գաղղիերեն, ռուսերեն, հունարեն, անգղիերեն, պարսկերեն, և այլ գրքեր. շարունակ ստանում է 8 օրինակ հայերեն լրագիրներ, 4 օրինակ գաղղիերեն, մեկ օրինակ պարսկերեն, մեկ օրինակ ռուսերեն. ստանում է նաև 5 օրինակ զանազան հայերեն ամսագրեր:
Ընթերցարանը բացի նորանից, որ բավականություն է տալիս հասարակության ընթերցասիրությանը, որպես հիշեցինք, Դավրեժի ազգային դպրոցին կից լինելով, նաև նպաստում է դպրոցին նորա առաջադիմության մեջ: Ընթերցարանը յուր հաշվով բերել է տալիս բոլոր այն գրքերը, որոնցից վարժապետները և նոցա աշակերտները կարող են օգուտ քաղել: Ընթերցարանը օգնում է և Պարսկաստանի հեռավոր քաղաքներին. յուր ստացած լրագիրները կարդալուց հետո բոլորովին ձրի ուղարկում է օրինակ Թեհրանի հայոց ընթերցարանին, որ շատ աղքատ վիճակի մեջ է, այլև յուր մեջ գտնված գրքերի ավելորդ օրինակները նույն ընթերցարանին է ընծայում48:
Այսպիսի հաջող ընթացքով հուսով ենք, մի քանի տարուց հետո ընթերցարանը յուր կատարելագործված վիճակին կհասնի: Ի՛նշ հրաշքներ չէ գործում երիտասարդությունը, ժողովրդի թա՛րմ և կենդանի ուժը...