Քաղաքի կենտրոնում գտնվող «հին ժամ» անվանված եկեղեցուց քիչ հեռու, փողոցի ծայրում երևցավ մի զորեղ լույս, լսվեցին զուռնայի և նաղարայի (թմբուկ) խլացուցիչ ձայներ։ Այս լույսի և երաժշտության հետ միասին դիմում էր առաջ կանանց, տղամարդկանց և մանուկների մի բավական մեծ խումբ։ Ժամանակ-ժամանակ զուռնայի ձայնը խլանում էր բարձրաձայն կրկնվող ուրախ բացականչումներով, շվոցներով և ծափահարությունով։ Խումբն ընթանում էր առաջ ծանր և հանդիսավոր քայլերով։

Սուսանի հարսանիքի հանդեսն էր։ Նորահարսը ոտից ցգլուխ փաթաթված էր մետաքսյա խայտաճամուկ չարշովի մեջ։ Նրա երեսն ամբողջապես ծածկված էր թանձր քողով, տեղական սովորության համեմատ։ Մոտ քսան ու հինգ տարեկան մի միջահասակ երիտասարդ գալիս էր նրա ձախ կողմով։ Նա հագնված էր ո՛չ եվրոպական և ոչ ասիական եղանակով կամ պարզ ասած, նրա իրանն ասիացի էր, իսկ ոտներն ու գլուխը եվրոպացի։ Մոխրագույն ատլասյա նորակար արխալուղ, ոսկյա բարակ գոտի, նուրբ սևագույն մահուդից կարած վենգերկա, մեծ ֆուրաշկա, նեղ անդրավարտիք և ճռճռան կոշիկներ, — այս էր նրա հագուստը։ Նրա լայն թիկունքից, բարձր և բավական դուրս ցցված կրծքից հաստոսկոր երեսից, սուր այտերից, ամուր բազուկներից երևում էր ֆիզիկական ուժ և առողջություն։ Իսկ արեգակի տաքությունից նրա այրված թուխ դեմքը, հաստ և քիչ տափակ քիթը, խորը խորշերի մեջ թաքնված մեխակագույն բոլորակ աչքերը և խոշոր սև ունքերը մի քիչ անախորժ և օտարոտի տպավորություն էին անում մարդու վրա։ Նրա երեսը մաքուր սափրված էր, նորաբույս, բարակ սևագույն բեղերը խնամքով սրած։ Առհասարակ տխուր, դաժան մարդու բավական տգեղ մի կերպարանք էր։

Սանամի որդի Ռուստամն էր, Սուսանի նշանածը։ Երկար չենք պատմիլ, թե՛ ինչպես գլուխ եկավ Սուսանի և Ռուստամի նշանվելը և, վերջապես, հարսանիքը։ Միայն այսքանը հարկավոր է ասել, որ այս բանում գլխավոր դեր կատարողը դարձյալ «զարանգիզի» Շըպպանիկն էր։

Կիսով չափ համոզելով Սանամին, որ սա յուր որդու համար Սուսանին ուզի, Շըպպանիկը հենց նույն օրից սկսեց գործ դնել բոլոր յուր հնարները, որպեսզի բանն անհապաղ վերջացնե։ Նախ և առաջ նա գնաց Սանամի ազգականների և բարեկամների, «Թուխիկ-Մուխիկի» մոտ, որ ամենքի առաջ Սուսանին արդարացնի։ Թեև Բարխուդարը նրան չէր խնդրել, որ այդքան աշխատի յուր աղջկա մասին և միայն կիսաբերան մի թեթև ակնարկություն էր արել, սակայն այսքանն էլ հերիք էր Շըպպանիկին։ Նա շատ էր լսել, ինքն էլ անձամբ փոքր ինչ ծանոթ էր Բարխուդարի բնավորությանը և գիտեր, թե ինչ նշանակություն ունի մի թեթև ակնարկ Բարխուդարի պես մարդու կողմից։ Այս պատճառով Շըպպանիկը հանգստություն չուներ, ամբողջ երեք շաբաթ այստեղ ոը այնտեղ, սրա ու նրա մոտ վազեց, գործ դրեց ամբողջ խորամանկությունը, սպառեց բոլոր հնարագիտությունը, լեզվի բոլոր ուժերը, մինչև որ բանը հաջողացրեց։ Մի քանի կողմնակի հանգամանքներ ևս քիչ չնպաստեցին Շըպպանիկին։ Բանն այն է, որ այդ ժամանակները Շամախի եկել էր մի օտարաքաղաքացի երիտասարդ վաճառական։ Հայտնի չէր ինչպես, Շըպպանիկի գլուխը մտել էր, որ իբր այդ երիտասարդը եկել է «Շամախու գյոզալներան մինին ղափմիշ» անելու, այսինքն պսակվելու նպատակով և փնտրում է մի գեղեցիկ ու խելոք աղջիկ։ Շըպպանիկը մի օր ձեռները հինայով ներկեց, մազերը կարգին սանրեց, երեսը Ղազանի սապոնով լվացավ, սնդուկից դուրս բերեց նոր շալը, ձգեց գլխին ու, հայդա, երիտասարդի մոտ։

Նա ծանոթացավ վերջինի հետ, մի քանի բաժակ թեյ խմեց նրա մոտ, զննեց, քննեց, հարց ու փորձ արավ նրան, թե ո՛վ է, ինչ տեղացի է, ինչ գործի է, որքան կարողություն ունի և այլն։ Բանից երևեցավ, որ երիտասարդը գանձակեցի է, պարապում է մետաքսի առևտուրով և բավական կարողություն ունի։ Թե նա Շամախի է եկել առևտրական գործերով և ոչ թե պսակվելու, թե ինքն արդեն պսակված է և երբեք մտադրության չի ունեցել երկրորդ կին ունենալու, «չունքի առաջին կնիկը կռիվ կանի, համ էլ, դեհ, հայ քրիստոնյայի օրենքով մի մարդ երկու կնիկ չի կարող պահել» և այլն, և այլն։

Տեղեկանալով այս բոլոր մանրամասնություններին, Շըպպանիկը քիթը քաշ, «քյոռ ու փոշման» դուրս եկավ երիտասարդի մոտից, բայց առ ժամանակ վճռեց ոչ մի մարդու չհայտնել, թե ինքը սխալված է եղել։ Նա նպատակ ուներ։ Անմիջապես Շըպպանիկը վազեց Սանամի գլխին և սուտ-սուտ, շունչը փորը գցելով, հաղորդեց նրան։ — «Ա կնիկ, հանց աս սահաթին ան գենջեցի տղի մոտան ամ գամ։ Փող, դովլաթ, սելի պես։ Ինքն ալ մի գյոզալ ա, մին գյոզալ ա, մի բոյ բուսաթ ունի, քիիի որ դյու ալ, պառավ տեղովդ, տեսնես քեֆդ կգա, կսիրահարվես։ Ինձի թափշուր արավ, որ մին լավ աղջիկ ճարեմ նրա համար։ Հիթսուն դանա զրնգալի նիկոլայներ խոստացավ ինձ։ Ես նրա մոտ Գյուլնազի աղջկան թարիֆ արի, խեղճ մարդու բերանը բաց մնաց, ասեց․ «հենց նա ինքն ա իմ ուզած աղջիկը»։ Հիմի, ա կնիկ, ալ ինձ խոսացնել չի իլիլ, ասիր, տեսնամ, ագյամ ուղում ես տղիդ հետի Սուսանին — ուզիր, ագյամ չես ուզում - ալ ան մարդու աղջկան բանդուվանի մի քիցիլ, թող քինամ ան տղի հետի քյութահ անամ, բանը քինա»։

Սանամը Շըպպանիկի խոսքերին հավատաց և մի օր ժամանակ խնդրեց, որ մտածի։ Մյուս օրը Շըպպանիկը կրկին ներկայացավ նրան, և այս անգամ Սանամը վճռողաբար ասաց, որ ցանկանում է Սուսանին ուզել։ Շըպպանիկը ոտք ու ձեռք ընկավ, երկու օրում նշանդրեքը գլուխ բերեց։ Սանամը հեռագրել տվավ, Ռուստամը երկու շաբաթից հետո հասավ Շամախի, և ահա արդեն նրա հարսանիքն էր այդ գիշեր կատարվում։

Սուսանի մյուս կողմով գալիս էր կնքահայրը — Ռուստամի վաճառական ընկերներից մեկը։ Իսկ Ռուստամի կողքով գալիս էր Սմբատը, իբրև հարսեղբայր։ Սրանց հետևից գալիս էին հանդիսականները, որոնց մեջ ամենից առաջ երևում էին Գյուլնազը և Սուսանի ընկերուհի Սուսամբարը։

Սուսամբարը Սուսանի համար ուղեցույցի դեր էր կատարում, որովհետև վերջինի երեսը ծածկված էր թանձր քողով. նա ոչինչ չէր տեսնում կամ հազիվ կարողանում էր նշմարել։ «Ախչի, գլուխդ այս կողմը պահիր, ախչի, կռներդ ծռիր, մեջքդ դրստիր, ախչի, չարշովդ հավաքիր», — քչփչում էր անդադար Սուսամբարը։ Սուսանը հլու հնազանդությամբ կատարում էր նրա բոլոր պատվերները։

Սուսամբարը նորապսակի պարտականությունները անգիր գիտեր, որովհետև դեռ մի ամիս չկար, որ ինքն անցել էր այդ բովով։ Թե ով էր Սուսամբարի նշանածը և ինչպես էր պատահել, որ նա պսակվել էր — այս մասին մանրամասն տեղեկություններ հայտնի էին։ Միայն մի առավոտ Սուսանը լսեց յուր մորից, որ վերջապես Սուսամբարին նշանել են և երկու օրից հետո պսակելու են մի օտարքաղաքացի մարդու վրա։ Անչափ ուրախացավ Սուսանը յուր ընկերուհու այդ անսպասելի բախտավորության վրա, բայց նույնը չի կարելի ասել Սուսամբարի վերաբերմամբ։ Երբ Սուսանը շտապեց շնորհավորելու Սուսամբարին, վերջինը, կրծքից մի խորը հառաչանք արձակելով, պատասխանեց․ — «ինչ պսակվել է, չգիտեմ, ծնողներս կռնիցս բռնել են ու անտեր շորի պես շպրտում են մի անծանոթ ու անհայտ տղի շլնքին»։ Այսպես թե այնպես, Սուսամբարը նորահարս էր։

Հանդեսը ծռվեց դեպի այն փողոցը, ուր գտնվում էր Ռուստամի տունը։ Խլացուցիչ զուռնան անընդհատ փչում էր։ «Նաղարաչին» երկու բարակ, տաշած, սրածայր փայտերով անդադար խփում էր կռնատակին բռնած նաղարայի չորացած կաշիին, թնդացնելով մառախուղը։ Հանկարծ հանդիսականների հետևից լսվեց մի ինչ որ գոռոց և միևնույն վայրկյանին ռումբի չափ մի քար թռավ հանդեսի մեջտեղը։ Քարը դիպավ ջահ պահողի թևին, որի ձեռից ջահն իսկույն ընկավ և հանգավ։

Այդ անսպասելի դեպքը խառնաշփոթություն ձգեց հանդիսականների մեջ։ Սկսվեց իրարանցում։ Կանայք բարձրացրին ճիչ ու գոռոց, տղամարդիկ շվարվեցին։ Ու անթափանցելի խավարի մեջ իրարու չտեսնելով, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ամեն մեկը վախենալով մի որևէ հանկարծահաս վտանգից, պաշտպանողական դիրք բռնեց։ Ընդհանուր խառնաշփոթության մեջ մանավանդ շփոթվել էին նորապսակները, Սմբատը, Սուսամբարն ու Գյուլնազը։

Աղմուկը շարունակվում էր, լսվում էին սպառնալի խոսքեր, անվայել հիշոցներ, և ոչ ոք չգիտեր ո՛վ է հայհոյողը և ում դեմ։ Որոշվում էին մրայն մի երիտասարդի անկապ հիշոցները։

— Ջահը վառեցեք, — բացականչեց Ռուստամը յուր սուր, զորեղ և անհողդողդ ձայնով։ Ջահ պահողը, մի կողմում ընկած, տնքտնքում էր։ Հանդիսականներից մեկը իսկույն մի լուցկի վառեց։ Սև նավթի մեջ թաթախված ցնցոտիները բոցավառվելով, լուսավորեցին տեսարանը պղնձագույն և ծխախառն լուռով։ Գյուլնազը, Սուսամբարը և Սմբատը չէին հեռացել նորապսակներից։ Առաջին երկուսը Սուսանին կպած, պատրաստ էին իրանց մարմնով պաշտպանել նրան վտանգի դեպքում։

— Ինչո՞ւ եք փախչում, էյ, է՛յ, կանգնեցեք, էյ նամարդներ, էյ վախկոտներ, — գոռում էր մեկը հանդիսականների հետևում դեպի փողոցի մյուս կողմը, որտեղից լսվում էր մի խումբ փախչող մարդկանց ոտնաձայնը։

Հետո գոռացողը երեսը շուռ տվավ դեպի հանդիսականները և սկսեց դարձյալ հիշոցներ տալ։ Այս անգամ նրա հիշոցները որոշվում էին։ Նա հայհոյում էր առանձնապես Ռուստամին տասնյակ փողոցային կեղտոտ խոսքերով։ Հայհոյողը մի երիտասարդ էր։ Ջահի լուսո ճառագայթները լուսավորեցին նրան։ Նա գունատ էր ինչպես դիակ։ Հագուստը ոտից ցգլուխ շաղախված էր ցեխով, մազերը ցիր ու ցան, աչքերը վառված։ Աջ ձեռին պահած էր մի երկայն փայտ, ձախ թևի վրա փաթաթած էր չերքեզկան։ Նա կամենում էր առաջ շարժվել, բայց չէր կարողանում, ոտները չէին հնազանդվում։ Նա սաստիկ հարբած էր, այնպես որ կանգնած տեղը ամբողջ մարմնով տատանվում էր, ինչպես մի լարախաղ պարանի վրա։

— Ոչինչ չկա, զուռնան փչեցեք, առաջ գնանք, — խոսեց բարձր ձայնով Սմբատը և ինքը շտապով վազեց դեպի հիշոցներ տվող երիտասարդը։ Նա խլեց վերջինի ձեռքից փայտը, բռնեց նրա թևից և հեռացրեց հանդիսականներից։

— Այդ ի՞նչ պատահեց, ո՞վ էր այն տղան, ի՞նչ էր ուզում, — հարցնում էր անդադար Ռուստամը շրջապատողներին։ Եվ ոչ ոք նրան մի որոշ պատասխան չէր տալիս։

— է՜հ, դատարկ բան է, գիշերվա շառլատաններից մեկն էր, — ասում էին միայն։

— Բայց ո՞վ էր, կարելի է ես ճանաչում եմ. անու՜նը։