հուսահատված, Սեյրանը կրկին վերադարձավ այնտեղ։ Գիշերվա կիսին նա ուրիշ ապաստարան չգտնելով, թախանձանքով խնդրեց, աղաչեց գինեվաճառին, որ սա թույլ տա իրան գինետանը գիշերելու։

Թուլացած մարմնով, վշտացած հոգով և փշրված սրտով, Սեյրանը քաշվել էր մի անկյուն և այնտեղ, մի կտոր կեղտոտ շորի պես շնթռված մտածում էր։ Ի՞նչ էր մտածում նա։ — Ոչինչ։ Ըմպելիքների շոգու մեջ խաշված ուղեղն ի՛նչ կարող էր գործել այդ ժամանակ մի հոգնած գլխում։ Այն տեսարանը, որ մի քանի րոպե առաջ կատարվեց փողոցում և որտեղ ինքը գլխավոր դերակատարն էր, այժմ նրան երազ էր թվում։ Նա չէր կարողանում պարզ հասկանալ կամ երևակայել, ինչ էր պատահել և ի՛նչու համար ինքը կրկին գինետանն է գտնվում։ Ընկերների խաբեբայությունը և անազնվությամբ դավաճանելով փախչելը, անվայել ու կեղտոտ հիշոցները, որ ինքն ուղղեց նորապսակներին, Ռուստամի հաղթությունը, Սուսանի գլուխը խոնարհած յուր ճակատագրին հնազանդվելը, — այս բոլորը, իրարու խառնվելով, անթափանցելի քաոս էին գոյացրել անարգված և ստորացած պատանու գլխում։ Ճնշված, հաղթված, ոչնչացած այդ մտքերի ծանրության տակ նա թավալվել էր և ուժ չուներ յուր տեղից շարժվելու, ինչպես յուր շուրջը ընկած դատարկ գինետկերից մեկը։

Այդ դրության մեջ էր Սեյրանը, երբ գինետան դռները բացվեցին, ներս թռավ Սմբատը։ Նա բարձրացրեց աչքերի ծանրացած կոպերը։

Սմբատը թախանձանքով խնդրեց գինեվաճառին մի փոքր ջուր։ Գինեվաճառը շտապեց կատարելու նրա խնդիրը։ Երբ Սեյրանի հայացքն ընկավ Սմբատի երեսին, կարծես էլեկտրական թելի ծայր կպավ նրա մարմնին։ Մի վայրկյանում նա ուժի գալով, բարձրացավ տեղից։ Սմբատն ևս յուր կողմից նկատեց նրան։ Մի քանի վայրկյան երկու նախկին ընկերները իրարու երեսին մտիկ արին, ամեն մեկը, կարծես, սպասելով ինչ պիտի ասե մյուսը։

— էէ՜յ... շշո՛ւուն... շ... — սկսեց Սեյրանը, բայց, չկարողանալով արտասանել ուզած խոսքերը, գլուխը կրծքին թեքեց և բերանից դուրս թափեց գինու փրփուրը։ Սմբատի դեմքով սահեց մի ժպիտ, որ արտահայտում էր կես զզվանք, կես խղճահարություն դեպի յուր ընկած ընկերը։

— Ա՛ դդա, գըգըլուխդ կփշրեմ, — դարձյալ թոթովեց Սեյրանը և, աջ ձեռի բռունցքը սեղմելով, կամեցավ առաջ շարժվել, չկարողացավ։

Սմբատն այս շարժումից հասկացավ նրա միտքը։ Սակայն ինքը տեղից անգամ չշարժվեց։ Սեյրանը կրկին մի քանի վայրկյան թոթովեց, և այս անգամ նրան հաջողվեց արտասանել մի ինչ-որ անվայել խոսք։ Սմբատը պարզ լսեց նրա բերանից թռած այդ անվայել խոսքը, որ սաստիկ վիրավորական էր նրա համար։ Մի վայրկյանում նրա ականջները կարմրեցին, պռոշները սփրթնելով սկսեցին ցնցողաբար դողալ։ Նա մի կողմ դնելով գինեվաճառից ստացած ջրով լի կալան, սեղմեց յուր բռունցքները և, կարծես, պատրաստվում էր հարձակվել Սեյրանի վրա։ Գինեվաճառը զարմացավ։ Նա մի քանի վայրկյան, բերանը բացած և կարմրած աչքերը չռած, նայում էր մերթ Սեյրանին, մերթ Սմբատին, ձգտելով երկու պատանիների այդ տարօրինակ գաղտնիքը թափանցելու։ Սեյրանը, մի ձեռը սեղանին հենած, մյուսը ամուր սեղմած, աչքերը Սմբատի կրծքին հառած, անդադար տատանվում էր, երբեմն արտասանելով ին-որ անհասկանալի խոսքեր։

— Ամաչիր, ամաչի՛ր, Սեյրան, տես ինչ օրն ես ընկել քո հիմուրությունով, — խոսեց, վերջապես Սմբատը և նույն վայրկյանին, մտաբերելով յուր քրոջ դրությունը, վերցրեց ջրի կուլան, երեսը շուռ տվավ, որ դուրս գնա։

Սեյրանը մի քանի քայլ հետևեց նրան և կրկին կանգ առնելով, գոռաց բարձր ձայնով, որքան ուժ ուներ.

— Կանգնի՛ր... ես չեմ ուզում...

Սմբատը կանգնեց և հետ նայեց։

— Հա՛, չեմ ուզում կեղտոտ շորը, չեմ ուզում լպստած պատառը, տարեք ու շների առաջը գցեք, — արտասանեց Սեյրանը այս անգամ բավական պարզ։

— Երդվում եմ, Սեյրան, այս գիշերվա սուրբ պսակով, որ ոտներիս տակ քեզ շանսատակ կանեմ, եթե այդ աղտոտ լեզուդ փորդ