Տանջվիր, չարչարվիր, աչքդ ջուր արա, թե ինչ է մի պոչը կտրված Շըպպանիկ պիտի գա ու քեզ աչքալուսի բերի։ Բաս մեր աչքե՞րը, բաս մեր սի՞րտը, մենք չե՞նք ճանաչում մեր երեխին։ Ո՞ւմ տանն է մեծացել նա, խալխի՞, թե մեր աչքի առաջ։ Չէ՛, պիտի Շըպպանիկը մեջտեղ լինի, չէ, նրա մատը հենց խառն պիտի լինի։ Վա՛յ մեզ, վայ մեզ։ Հերիք է մի հուշտ, մի սխալ, հերիք է մի օր բանը ուշանա, մեկ էլ տեսար տղան կատաղեց։ Մեկ էլ տեսար տղի հոր ու մոր, բարեկամների, ազգականների լեզուն փորներն ընկավ, սառան, քարացան, կապտեցին ու հարայ ղալմաղալ գցեցին․ «ձեր տված աղջիկը էդպես է, հա էնպես»։ Տեր, տեր արարիչ աստված, տեր մեղա քո զորութենին, դու դատիր, երկնային ահեղ թագավոր։ Դատի՛ր տե՛ս մեր բախտը, երեխիս բախտը, ում ձեռքումն է։

— Հերիք է, հերիք է, ինձ համբերությունից մի հանիր։ Մտիկ արա դուրս, տես գալիս է, թե չէ։

Գյալնազն երեսը կրկին կպցրեց պատուհանի վանդակին։

— Ոտդ կոտրվի, վիզդ կոտրվի, Շըպպանիկ կնիկ, դե ե՛կ էլի։

— Սիրտս ասում է, որ էլի մի բան կա, այ կնիկ, թեպետ էս լույս ցերեկվա պես պարզ իմանում եմ ու հավատում, որ իսկի բան չկա։

— Համբերի՛ր․ անհամբերությունից միտքդ էլ, սիրտդ էլ մոլորվում են։ Իզուր տեղից վատ-վատ բաներ ֆիքր մի անիլ, այ մարդ, հոգի ունես տալու ահեղ դատաստանի առաջ։

— Հըմ, հոգի ունիմ։ Հոգիս, Գյուլնազ, սատանաների բաժին կլինի, եթե․․․ եթե երկու սհաթ էլ Շըպպանիկն ուշանա։

— Երեսիդ խաչակնքի՛ր, մեղա եկ աստծուն, չարը մտքիցդ հանիր։ Ուֆ, աչքդ դուրս գա, Շըպպանիկ։

— Մտիկ տուր, մտիկ տուր, Գյուլնազ։

Բարխուդարի խոսակցությունն ու շարժվածքը վերին աստիճանի տխուր և հուսահատական էին։

— Ախ, գալիս է, — բացականչեց հանկարծ Գյուլնազը, վեր թռչելով։

— Թող գա։ Չա՞ր թե՞ բարի, խայտառակությո՞ւն, թե՞ պատիվ։

Գյուլնազը շտապով դուրս գնաց։ — Դիլ դիլդիլ, ա՛յ ջան, ա՛յ շոբոշ, — լսվեց դրսից Շըպպանիկի սուր ձայնը։

Բարխուդարը մի հառաչանք արձակեց կրծքից։

— Նե՛րս վազ տուր, ա կնիկ, աչքդ լյուսի, խալաթս, ա կնիկ, ա մարդ, Շըպպանիկի գլխին մին թազա շալ, յա չարշով, յա թոռ, ա աբրուշումի քյալայաղի։

Այդպես բացականչելով և պարելով ներս վազեց Շըպպանիկը։

Բարխուդարի մռայլ դեմքի վրա մի քանի վայրկյան փայլեց ուրախության մի ժպիտ այնպես, ինչպես երբեմն ձմեռային մռայլ երկնքում արեգակն է ամպերի տակից փայլում։

— Խալաթը գլխիդ է, — բացականչեց Գյուլնազը, մի նոր և նուրբ բրդյա շալ ձգելով Շըպպանիկի գլխին։

— Արևի լուսի պես պարզ։ Ասսու հարաշտարակի պես սուրբ. առա, դա Սանամն ա խրկալ ձեզ աչքալույսի։

Շըպպանիկը գրպանից հանեց և Գյուլնազին տվավ մի մեծ կարմրափայլ նուռ, որ զարդարված էր ոսկյա թերթիկներով և վրան մի քանի մեխակներ ցցած։ Բացի դրանից նա թաքուն Գյուլնազի ձեռը դրեց և՛ մի ճերմակ լաթի կտոր, որի վրա Գյուլնազը, մի խորհրդավոր հայացք ձգելով, իսկույն թաքցրեց փեշի տակ։

— Աս շալը կնկանդ խալաթը, բաս քո՛ւնը, ա մարդ, — դարձավ Շըպպանիկը Բարխուդարին, համարձակորեն երկու ձեռներով բռնելով նրա օձիքից։

Բարխուդարը ձեռը տարավ յուր գրպանը, հանեց մի հինգ մանեթանոց թղթադրամ և խփեց Շըպպանիկի ճակատին, մի խորը հառաչանք արձակելով կրծքից։ Այդ վայրկյանին, կարծես, վշտացյալ հոր կրծքից վայր ընկավ մի ահագին ժայռ, և նրա նիհար ու դալկացած ծերունական դեմքը փայլեց քաղցր ժպիտով։

— Տեսնում ե՛ս, Բարխուդար, ե՛ս քեզ ասում էի, որ իմ երեխան հրեշտակի պես անմեղ է, — ասաց Գյուլնազը, ուրախությունից դողալով։

— Բարխուդարը քեզանից լավ էր իմանում, որ անմեղ է, թող մարդկանց լեզուները չորանան։ Օրես դեն էլ ես պարզերես եմ աշխարհում, — բացականչեց Բարխուդարը և սկսեց ծխախոտի չոր տերևները ափերի մեջ տրորել, որ չիբուխը նորից լեցնի։ — Կուժ ծախողանց Սեյրանի բիբիկը ջուր իլի, թո՛ղ հիմի դյուշմանները ճաքեն, տրաքեն, — բղավեց Շըպպանիկը, կրծքին երկու ձեռներով խփելով։

— Դեհ, Շըպպանիկ, գնանք, — հրավիրեց Գյուլնազը։

— Քինա՛նք, քինանք, հա՛նց աս մընութիս քինա՛նք, խնամիանք քեզ ան սպասըմ։

Գյուլնազն անցավ մյուս սենյակը, հագուստը փոխեց և Շըպպանիկի հետ շտապով գնաց Սանամանց տուն։

Բարխուդարը մնաց միայնակ։ Նա մոտեցավ մյուս սենյակի դռներին, բաց արավ, նայեց ներս և կրկին փակեց։ Հետո նա հետ դարձավ, արխալուղի թևի միջից դուրս հանեց մի բավական երկայն պարան, որը շատ սապոնված լինելուց փայլում էր։ Հետո գդակը գլխից վերցրեց, դրավ մի կողմ և պարանը ձգեց հատակի վրա յուր ոտների տակ։ Նայելով աջ ու ձախ, Բարխուդարը չոքեց պարանի առաջ, երեսը դեպի արևելք, ձեռները խաչաձև դարսեց կրծքին և, գլուխը քիչ թեքելով դեպի աջ ուսը, աչքերը հառեց սենյակի առաստաղին։ Նա աղոթում էր։ — «Տեր, ամենակարող աստված, տեր ամենակարող աստված, շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ, որ դու քո կարող զորությունով ազատեցիր ինձ էս չար մտքից։ Փառք քեզ, մեծ է քո զորությունը։ Դու չթողիր, որ իմ մեղավոր հոգին սատանաների բաժին լինի։ Բաշխիր, տեր աստված, բաշխիր, չար սաթայելը ինձ մոլորեցրել էր, աչքերս սևացրել էր, ես քեզ մոռացել էի։ Երեխաս անմեղ էր, անմեղ էր, ես էլ հավատում էի մտքումս, բայց էլի չարը ինձ մի քանի սհաթ համբերությունից հանեց, մոլորեցրեց։ Ումուդ եմ, ողորմած աստված, որ հիմա կբաշխես, մեղա եմ գալիս, առաջիդ չոքած աղոթք եմ անում, ոտներդ լիզում եմ»։

Բարխուդարը գլուխը թեքեց կրծքին և արխալուղի թևով սրբեց աչքի արտասուքը։ Այնուհետև նա կրկին գլուխը բարձրացրեց և մի րոպե ևս փնթփնթաց քթի տակ և, գդակը ծածկելով, բարձրացավ տեղից։ Նրա դեմքն այժմ խաղաղ և հանգիստ էր։ Նա պարանը շպրտեց մի անկյուն։