IX

Նորապսակների տանը հյուրերն արդեն հավաքվել էին։ Դրանք Ռուստամի ամենամոտիկ բարեկամներն ու ազգականներն էին, որոնք Սանամի հրավերով եկել էին հարսանիքն ավարտելու։ Չնայելով որ առավոտյան դեռ տասնումեկ ժամն էր, սեղանն արդեն պատրաստ էր, և հյուրերը շարվել էին նրա շուրջը։ Ռուստամն այժմ ևս ոտքի վրա ծառայում էր հյուրերին։ Իսկ Սուսանը մյուս սենյակումն էր, ուր ժողոված էին կանայք։

Գյուլնազը Շըպպանիկի հետ մտավ կանանց բաժանմունքը. Սուսանն երեսն հաստ քողով ծածկած նստած էր սենյակի մի ծայրում, հանդիսականներից բավական հեռու։ Նրա մոտ նստած էր Սուսամբարը։ Երբ Գյուլնազը ներս մտավ, Սուսամբարը քչփչաց Սուսանի ականջին, և վերջինն յուր հագուստն ուղղելով, հանդիսավոր կերպով ոտքի կանգնեց։ Ուրախ ժպիտն երեսին, Գյուլնազը մոտեցավ նրան և մի ջերմ համբույր դրոշմեց յուր սիրելի աղջկա ճակատին։

— Շաննոոր իլի, շաննոոր իլի, ուրախութենով ապրեն, աճեն, բազմանան, — բացականչեցին հանդիսականները գրեթե միաբերան։

— Շոբո՜շ, այ շոբոշ, դյուշմանն գյոզի քյոռ օլսուն[1], — մեջ մտավ Շըպպանիկը, որ յուր դերը երբեք չէր մոռանում։

Գյուլնազը մի թղթադրամ խփեց Շըպպանիկի ճակատին, հանդիսականները հետևեցին նրա օրինակին։

Ներս մտավ Ռուստամը։ Գյուլնազը դիմավորեց և նրա ճակատը նույնպես համբուրեց։ Ռուստամն ամաչելով և կարմրելով թեքեց յուր գլուխը և հարգանքով համբուրեց Գյուլնազի աջ ձեռը։ Դա մի հանդիսավոր րոպե էր, որ անցավ խորհրդավոր լռությամբ։ Շըպպանիկն էր, որ յուր սովորական երգով ընդհատեց այդ լռությունը։

Սկսեցին ճաշել։ Ռուստամն անցավ տղամարդկանց բաժանմունքը։ Այժմ նա ուրախ էր, նրա երեսին այլևս չէր նշմարվում անհանգիստ մռայլությունը, ինչպես հարսանիքի գիշերը։ — «Ախ, չար լեզուներ, չար մարդիկ, ինչ բաներ էիք հնարում մի անմեղ արարածի անունը կեղտոտելու համար», — կրկնում էր նա ինքն իրան։

Շըպպանիկի ուրախությունն անսահման էր։ Նա իրան համարում էր օրվա հերոսուհի, որովհետև խիղճը հանգիստ էր։ Անդադար մոտենում էր Սանամին և ուրախ-ուրախ քչփչում։ Ինչ էին խոսում նրանք, — այդ միայն իրանք գիտեին։ Սակայն Սանամի հարաբերության մեջ նշմարվում էր խորին շնորհակալություն դեպի Շըպպանիկը։ Հանգիստ էր նույնպես և Գյուլնազը։ Նա մի առանձին քնքշությամբ էր նայում Սուսանին։

Բայց ամենից ուրախ, գոնե ըստ երևույթին, էր Սուսամբարը։ Նա անընդհատ ծիծաղում էր, երբեմն ծափահարում, զանազան սրախոսություններ անում և հանդիսականներից սրան ու նրան ծաղրում։ Իսկ մանավանդ նա ակնարկում էր Շըպպանիկին, որ չէր կարողանում, ինչպես ինքն էր ասում, «լպստածի օֆտից գալ»։

— Շըպպանիկը որ կա, մի մեռել լվանող ժամհար է, — ասում էր Սուսամբարը, — ինչ մեռել որ ասեք, լողացնում է։ Մեռելն արքայություն կգնա, թե դժոխք, այդ նրա գործը չէ, միայն թե մեռելահախը ստանա։ Չէ՞, Շըպպանիկ։

— Լվացած մեռալներս չիմ արքայություն ան քինամ, — պատասխանեց Շըպպանիկը։

— Ինչպես չէ, հըմ, հիմա այնքան աներեսն ես, որ կասես թե Սուսամբարին էլ արքայություն ես ուղարկել։

— Հանց միջումն ես նստած քի, ա բախտավար։ Հիչ ա իլալ, մարդդ էլ փող, էլ դոլվաթ, էլ տուն, էլ տեղ, շիր ու շնորհք, ի՞նչն ա պակաս յարաբ։

— Մարդս հարուստ է, բայց մի կտոր բան կա, որ չի կարողանում առնել։ Դրան ի՞նչ կասես։

— Յարաբ նա հի՞նչ բան ա։

— Այ, այստեղ որ կա։

Սուսամբարն այդ ասելով, աջ ձեռը դրավ յուր ձախ կրծքին։

— Սիրտը՞դ։

— Հա, մի կտոր միս, որ մարդս չի կարողանում առնել ինձանից։ — Հալբաթ շատ թանկ ես ծախում։

— էժան, բայց մարդս շատ ժլատ մարդ է։ Նա օրական տասն անգամ բարկանալուց և ամեն առավոտ քացախած երեսը վրաս ծռելուց ավելի ոչինչ չի տալիս։ Շատ էժան չի՞, Շըպպանիկ։ Քո իմանալով, քանիսի՞ն ուղարկած կլինես այդ արքայությունը։

Սուսամբարի այդ խոսքը հանդիսականների մեջ ձգեց մի փոքրիկ աղմուկ։ Այս ու այն կողմից սկսեցին ծաղրել, ծիծաղել, բարկանալ և հանդիմանել Սուսամբարին։

— Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում, — ասաց մեկը։

— Ով է տեսել ինչրյու օրս, որ կնիկը մարդին ուրիշների մոտ բամբասի, — ավելացրեց մի ուրիշը։

— Ախար դե կարդացած ա, բաս շնորհքը շանց չտա՞, վիշշ, երեսիդ մեռունը թափվի, հալլա, — մեջ մտավ երրորդը, քիթ ու պռունգը մի կողմ շուռ տալով։

Դա Սանամի տալոջ աղջիկն էր, մի բավական չափահաս կին։

— Ես դրուստն եմ ասում, — շարունակեց Սուսամբարը։ — Դուք ձեր ցավերը ինչքան ուզում եք թաքցրեք ձեր կրծքի տակ, որ այնտեղ սիրտներդ մըղմըղ ուտի հա ուտի։ Դու էլ, խնամի — դարձավ նա Սանամի տալոջ աղջկան, — դու էլ Շըպպանիկի լվացած մեռելներից ես, ասա՛ տեսնենք, օրական քանի՞ անգամ է ազրահիլը մեջքիդ վրա փլավ ուտում։ Մի վախենար, ես շատ լավ եմ իմանում, գլխիդ մազերի չափ մարմնիդ վրա ճիպոտի կապույտ զոլեր կան։ Բայց դու հենց էլի դրան ու նրան ասա — չէ։ Ումը որ հավատացնես, ինձ հո չես կարող։

— Ես իմ մարդիս ապրանքն ամ, ղուլն ամ, նա իմ գլխիս տերն ա, հինչ որ ուզում ա, անըմ ա, քեզ հի՞նչ զոռ ա հասնըմ։ Թե որ նա ինձ թակըմ ալ ա, սիրելուցն ա թակըմ։

— Խոսք չկա, սիրելուցն է թակում, բա՛ս։ Հըմ, թքեմ էն սերի վրա, որ ճպոտի լեզվովն է խոսում․ տար, տար այդ սերը, քեզ լինի ոտքով ու գլխով, խնամի ջան։ Կնոջ ապրուստը, օրը ինչ է, որ յուր մարդու աչքում մին ձիու պատիվ էլ չունի։ Մարդդ ձիուն օրական այնքան թումարում է, խոշբեշ անում, ճակատից ու աչքերից պաչում, ինչքան որ ճիպոտն է քո մեջքդ պաչում։ Թաքցրու, թաքցրու ինչքան ուզում ես, էլի ճոթը դրսումն է։

— Հը՛մ, խրատողիդ երեսին կպչես հալլա, ախր ղարափալթար կույսից ի՛նչ էիր սովորելու։ Առա էէ՛։

Այս ասելով Սանամի տալոջ աղջիկը բարկացած, աջ ձեռքի հինգ մատները չռեց և Սուսամբարին ճանգ արավ։ Հայտնի չէր ինչպես կվերջանար այս վիճաբանությունը, գուցե կռիվ դառնար, եթե Շըպպանիկը չընդհատեր։

— Լավ ա, ա կնանիք, լյուզյուներդ փորներդ քաշեցեք, ձեզի չան կանչալ, քի մարդի ուրախությունը հարամ անեք, — ասաց Շըպպանիկը և, դահիրան վերցնելով, սկսեց ածել ու երգել. Սուսամբարն այժմ թեքվեց դեպի Սուսանի ականջը և սկսեց քչփչալ.

— Հիմա դրանք կասեն, թե դու էլ բախտավոր կնիկ ես։ Չեն իմանում, որ սիրտդ ու հոգիդ նրա մոտն է, մարմինդ են տվել Ռուստամին, որ չարչարվես ու տանջվես։

— Խոցոտված սրտիս աղ մի՛ շաղ տուր, Սուսամբար։

— Սիրտս կսկծալուց եմ ասում, մի՛ վախենար։ է՛հ, հինչ պիտի արած, ճարդ կտրված պիտի վիզդ ծռես ու տանես ինչ որ ճակատիդ գրած է, հո աստուծո հետ չես կարող կռիվ անել։

— Ուզո՞ւմ ես դրուստն ասեմ, Սուսամբար։

— Ասա։

— Ես է՛լ առաջվա պես չեմ տանջվում։ — Ճարդ ինչ, պիտի սովորես էլի։

— Չեմ սովորիլ, բայց որ ասում եմ չեմ տանջվում, ինձ համար չեմ ասում, իմ բանը պրծած է։

— Ո՞ւմ համար ես ուրախ։

— Ծնողներիս համար, հենց որ նրանց ազատեցի, էլ, կարծես, ես ցավ չունիմ։ Տեսնում ես, մայրս այսօր ինչպես ուրախ է, տես, հենց նրա ուրախ լինելն է ինձ հանգստացնում։ Խեղճ կնիկ, մի տարի էր, որ հալված ու պշկած երեսդ ծիծաղ չէր տեսնում։

Այս խոսքերն արտասանելու միջոցին Սուսանի աչքերից կրկին ընկան արտասուքի մի քանի կաթիլներ և թրջեցին նրա այտերը։ Նա հանեց արխալուղի գրպանից մետաքսյա թաշկինակը և սրբեց երեսն ու աչքերը։ Թեպետ նա արտասվում էր, բայց չէր հեկեկում, և նրա մաշված կուրծքը չէր բարձրանում ու ցածրանում, ինչպես հարսանիքի երեկո։

— Հերիք է, Սուսան, արտասուքիդ կաթիլները ասեղների պես ծակոտում են կոտրված սիրտս։ Օրես դեն լացդ անօգուտ է, հիմա զոռով քեզ համար պիտի ուրախություն ստեղծես։

— Սուսամբար, մի բան խնդրեմ։

— Հրամայիր։

— Շաբաթը մի քանի անգամ կգնաս մեր տուն, որ մորս ժամանակը ուրախ անց կենա։

— Աչքիս վրա։

— Հորս մասին էլ տեղեկություններ կբերես ինձ։

— Լավ։

— Մի բան էլ եմ ուզում ասել, քաշվում եմ։

— Ինձ հետ էլ ես նազ ու բազ անո՞ւմ, Սուսան։

— Լավ, կասեմ։ Հարսանիքի գիշեր, որ ես ուշաթափվեցի, Սմբատը վազ է տալիս մի մոտիկ գինետուն ինձ համար ջուր բերելու։ Ա յնտեղ նա պատահում է Սեյրանին, կռվում են, Սմբատը թակում է Սեյրանին։ Այս բանն երեկ ինքը, Սմբատը պատմեց ինձ։ Սուսամբար, եթե ինձ սիրում ես, հենց այսօր գնա նրանց տուն ու Սեյրանի մասին ինձ համար տեղեկություն բեր։ Սեյրանին թաքուն տես, ինձանից բարևիր և ասա, որ ես էլի առաջվա Սուսանն եմ։ Աշխատիր սիրտ տալ, կարելի է մոռանա ինձ և մի կերպ ճանապարհի գա, թեպետ խելքս չի կտրում, որ նա փոխվի։ Ասա, թող ինձ ների, որ ես այսքան չարչարեցի իրան։ Իմացա՞ր։ Այս իմ վերջին խնդիրն է, Սուսամբար։

Սուսանը թեև շշնջալով, բայց յուր խոսքերը արտասանում էր ծանր ու անհողդողդ եղանակով, ամեն մի բառ առանձին շեշտելով և երբեմն խոր հառաչելով։ Եվ թեպետ արտաքուստ խաղաղ էր, սակայն նրա աչքերի մեջ երևում էր խորին հուսահատություն։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը և սրբեց տամուկ թերթերունքները։ Հանդիսականները չէին նկատում, թե Սուսանի երեսքողի տակ ինչ է կատարվում։ Նրանք զբաղված էին ճաշով։

— Դեհ, Սուսամբար, էլ ուրիշ խոսք չունիմ, — շարունակեց

  1. Թշնամու աչքը կուրանա: