Մի տարուց ավելի էր, որ նա դադարել էր գլուխը հինայով ներկելուց։ Նրա գլխի մազերը այժմ երկու գույն ունեին — արմատից սկսած մի մատնաչափ` ճերմակ, իսկ այս տեղից մինչև ծայրը` կարմիր։ Այդ մի տեսակ դաժանություն էր տալիս նրա դեմքին։ Նա մտածում էր յուր միակ զավակի մասին, մտածում էր, և նրա սիրտը կսկծում, որովհետև երկար մտածողությունից հետո ոչ մի ուրախալի եզրակացության չէր հասնում։

— էսօր դրուստ վեց շաբաթ է, որ նա գլուխ է վերցրել ու գնացել ղարիբություն, — ասում էր ինքն իրան Մարիամ բաջին հառաչելով։ — Ո՞րտեղ է գնացել, — ոչ ես գիտեմ, ոչ Հայրապետը, ոչ էլ մի ուրիշը։ Սեյրան, Սեյրան, թարթափիլ անեն բախտավոր մերերը, նրանք էլ տղա ունեն ղարիբ տեղերում, ես էլ ասում եմ, որ ունիմ։ է՜է, կյանքս մաշվել է, մի մազ դառել, էսօր էգուց նա էլ կկտրվի։ Երկնային թագավոր, արևս մայր է մտնում, էլի դու ինձ չես խնայում։ Ի՞նչ անեմ, էլի փառք քո զորութենին, էլի թող քո կամքը լինի։

Մարիամ բաջին մի հայացք ձգեց սենյակի առաստաղին և երեսին խաչակնքեց։ Հետո նա մի քիչ իրանից հեռացրեց բրինձի սկուտեղը, ձեռները ծալեց, դրավ քրսինի ծայրում և գլուխը դրավ կռների վրա։ Անցավ մի րոպե, նա գլուխը բարձրացրեց, սկուտեղը առաջ քաշեց և դարձյալ սկսեց ինքն իրան խոսել։

— Տերևը ծառից, մազը մարդու գլխից առանց քո հրամանի չի ընկնում, տեր աստված։ Ինչ լինում է, քո կամքովն է լինում, օրհնյալ լինիս դու և օրհնյալ լինի քո կամքը։ Ամենքին էլ բախտավորեցրիր, ամենքի բանն էլ դրստեցիր, ինչո՞ւ, յարաբ, ես ի՞նչ մեղավոր էի, որ դու ինձ էս օրին հասցրիր։ Ինչո՞ւ համար` յարաբ աստված, իմ տղին հեռացրիր ինձանից, գցեցիր չոլերը, քամբախտացրիր։ Ասա, ո՞րտեղ է նա, ի՞նչ գործի է։ Ինքն ասաց, թե մի տղի հետ ընկերացել է ու նրա հետ գնում է Ղուբա, որ լազգու շալեր առնի ու բերի էստեղ ծախելու։ Ի՞նչով է առնելու։ Հայրապետը փող չի տվել նրան, ինքն էլ տափ դատարկ էր, մին սև ղրուշ էլ մոտը չուներ։ Ինչքան ֆիքր եմ անում — բան չեմ հասկանում։ Ինքն ասում էր, որ Ղուբա է գնում, հիմա մեկն ասում է, Դերբենդումն է, մյուսը` Շուրումն է, մի ուրիշը` Պետրովսկումն է, էլ չգիտեմ ինչ։ Յարաբ, ումի՞ց կարող եմ մի դրուստ խաբար իմանալ, ո՞վ կասի ինձ։ Հայրապետին խոսեցնել չի լինում, Սեյրանի անունը տալիս նրա ջիները հավաքվում են։ էհ, յարադան աստված, էլի դու, էլի քո փեշիցն եմ բռնում, դու հախը նահախին չես տալ։ Իմ երեխաս մեղավոր չէր, նրանք փչացրին, խելքից հանեցին։ Սաբաբի տունը քանդվի յուր գլխին հա՛, քանդվի Սաբաբի տուն ու տեղը։

Եվ Մարիամ բաջին վերջին խոսքերն արտասանելու ժամանակ գլուխը կրկին բարձրացրեց, նայեց առաստաղին և աջ ձեռով մի քանի անգամ կրծքին զարկեց։ Այդ րոպեին նրա աչքերը, դեմքն և առհասարակ բոլոր շարժվածքը լցված էին խորին սրտմտությամբ։ Քանի որ Սեյրանը Շամախումն էր, քանի որ նա Մարիամ բաջու աչքի առաջն էր — Մարիամ բաջին սակավ անգամ էր դժթախտության հանցանքը ուրիշների վրա ձգում։ Նա մեղադրում էր յուր որդուն, նրան էր համարում բոլոր անցքերի գլխավոր պատճառը։ Իսկ եթե պատահում էր, որ Մարիամ բաջին մի ուրիշին մեղադրեր, այդ լինում էր այն ժամանակ, երբ Սեյրանին հանդիպած էր լինում մի նոր դժբախտություն, ինչպես այն առավոտ, երբ Սեյրանը գիշերով գինետանը թակվել էր։ Այժմ, երբ Սեյրանն օտարության մեջ էր, այժմ Մարիամ բաջին յուր որդուն անմեղ էր համարում և գրեթե անպայման անմեղ։ Այժմ նա հավատացած էր, որ Սեյրանը անբախտացել է ոչ յուր «գժությունների», այլ ուրիշների պատճառով։

— Ուֆ, Բարխուդար, — շարունակեց Մարիամ բաջին, կրծքին խփելով, — Բարխուդար, էս ժամաժամքին կուրծք եմ թակում ու աստված կանչում, որ նա քո հախին գա։ Հա, Բարխուդար, կնիկդ օրս ընկնի։ Հա, տափը փուշ դառնա, դու ոտաբաց լինես, ինչտեղ ոտ կոխես, քեզ ծակծակի։ Հա, կսկծալի հարայդ, դադ ու բիդադդ, աման ալլահդ երկինք բարձրանա, աստծու ականթին չհասնի։ Դու, դու, քյաֆթառ, դու էս օրին հասցրիր բալիս։ Հըմ, հիմա ի՛նչ ցավ է կպել քեզ։ Իսկի։ Հիմա բախտավոր աներ ես, փեսա ունես, կնիկդ պապար-պապար է անում առաջիդ, աղջիկդ զառ զառբոֆի, ոսկր ու արծաթի մեջ է ապրում։ Աղջկադ մի ձեռը եղում, մյուսը` մեղրումն է, էսօր էգուց էլ մինը կըցգնի, բաներդ էլ լավ կդրստվին։ Ավարտելով այս մենախոսությունը, Մարիամ բաջին կրկին լռեց և խորասուզվեց մտածողության մեջ։ Այդ ժամանակ քամին ավելի սաստկացավ, պատուհանի ապակիները սկսեցին շարժվել իրանց տեղերում։ Դռները բացվեցին և ուժգին թափով փակվեցին, ներս թողնելով ձյունի ալիքները։

— Ուֆ, աշխարհը քարուքանդ իլավ։ Երկնքի փարդան ճղվել է, աստծու բարկությունը գլխներս է թափվում։ Ի՞նչ տեղ մնաց էս մարդն, յարաբ։ Կիրակի գիշեր է, երևի ժամ է գնացել աղոթք անելու։ Յարաբ ո՞ւմ համար ես աղոթք անում։ Անխղճմտանք մարդ, սիրտդ խաշխաշ հարելու քարի պես պնդացել է ու սև սևացել, չի ցավում մինիկ երեխիդ համար։

Մարիամ բաջին մի քանի վայրկյան ևս լռեց։

— Երեկ երեկոյան Սուսամբարը էստեղ էր։ Լավ կնիկ է, խեղճը ինքն էլ լաց իլավ։ Նա ինձ սիրտ էր տալիս:Բայց ինչքան հարցրի, նա էլ մի դրուստ խաբար չկարողացավ ասել Սեյրանիս մասին։ Ի՞նչ կպատահի, յարաբ, եթե Սեյրանը Շուրայումն է։ Հակառակի պես, էն գյուլլախորով Ռուստամն էլ է Շուրայում։ Յարաբ, Սեյրանս ինչ կասի նրան, էն մեռածն էլ, թիկնամեջը տափին կպածն էլ ինչ կանի։ Սեյրանս տաքարյուն տղա, Ռուստամն էլ հյուրսաթափ ազրահիլի ճուտ է, ով է իմանում, ղարիբ քաղաքում երեխիս գլխին ինչ օյին կբերի։

Մարիամ բաջին բրինձը վերջացրեց, սկուտեղը մի փոքրը իրանից հեռացրեց և քրսինի երեսը ձեռով մաքրեց բրնձի հատիկներից։ Հետո նա մի ձեռը սենյակի հատակին, մյուսը քրսինի ծայրին հենելով, ուզում էր բարձրանալ, երբ դուռը հանկարծ բացվեց և զգուշությամբ ներս մտավ ձյունով սպիտակացած չարշովի մեջ փաթաթված մի բարձրահասակ կին։

— Օղորմի աստված։

Մարիամ բաջին զարմացած հետ նայեց և կրկին նստեց տեղը։ Ներս մտնողը Գյուլնազն էր։ Մի քանի վայրկյան երկու բարեկամները նայեցին միմյանց, թեև մութը թույլ չէր տալիս պարզ որոշելու իրարու դեմքը։ Մարիամ բաջին ճանաչեց Գյուլնազին։

— Օղորմի աստված, — կրկնեց Գյուլնազը, չարշովը գլխից հանեց և ձյունը թափ տվավ։ Մարիամ բաջին զարմացական հայացքով նայեց նրան ոտից ցգլուխ և կոպիտ ձայնով պատասխանեց.

— Ոչ — օղորմի ծնողացդ։

Այս ասելով, նա բրնձի սկուտեղեր առաջ քաշեց և ինքն իրան տմտմաց, «յարաբ, ո՞ր քամին է աներեսին էս կողմ քշել»։

— Մի զարմանար, Մարիամ բաջի, քույրդ եկել է քեզանից հալ-օվհալ իմանալու, — շարունակեց Գյուլնազը ուշադրություն չդարձնելով Մարիամ բաջու կոպիտ պատասխանի վրա։

Նա չարշովը մի կողմ ձգեց և, առանց հրավիրվելու, նստեց քրսինի ծայրին։

— Տափին դիպչեն յարաբ քույր ունեցողները, ես քույր չունեմ, — ասաց Մարիամ բաջին, երեսը Գյուլնազից շուռ տալով և մազերն ուղղելով։

— Մի հուրսոտվիլ, վեր կաց, ճրագը վառիր, որ երեսդ տեսնեմ, քանի Ժամանակ է կարոտել եմ։

— Դուրս եկ, բանիդ գնա, ես բայղուշ եմ, սիրում եմ մեն-մենակ խավար տեղում նստել։ Խավարած սրտիս, սևացած օրիս ճրագի լույսից ինչ ճար։ Թող ճրագը ջուխտ — ջուխտ վառի նա, որի սիրտն էլ ճրագի պես վառ է, իմը շտուց է խավարվել։

— Մարիամ բաջի, դու լինիս — մինիկ Սեյրանիդ արևը, կծված մի խոսիր։ Լսիր, մտիկ տուր ինձ, տես իմ սիրտը ուրախ է, հետո ինձ նախատիր։

— Յարաբ ա՞ղդ է պակաս, թե մա՞ղդ։ Ինչ կա, եկել ես գլխիս, չեմ իմանում, մի տարուց հետո ի՞նչպես իլավ, որ միտդ ընկանք։

— Ոչ աղս է պակաս, ոչ մաղս, ինձ պակաս է քո բարեկամությունը, — պատասխանեց Գյուլնազը, ավելի ու ավելի մեղմ եղանակով։ — Աստծուն է հայտնի, էս քամբախտ տարին ինձ ինչ է նստել։ Մարիամ բաջի, ասելն ավելորդ է, առանց քեզ ոչ կերածս եմ իմացել, ոչ խմածս։ Քունս աղի ու լեղի է իլել, գիշեր ու ցերեկս ախուվախով եմ անցկացրել։

— Իմացանք, կարճ կտրիր։

— Ես եկել եմ, Մարիամ բաջի, աղաչելու քեզ, որ դու նահլաթ տաս չար սատանին ու ինձ հետ հաշտվես։ — Ի՛նչ, հրես վազ կտամ։

— Իմանում եմ, դու շատ նեղացած ես, Մարիամ բաջի, բայց...

— Զեռ քաշիր, աստված սիրես, ձեռ քաշիր։ Չեմ իմանում, էլ Մարիամի ինչն է մնացել, որ դու նրա հետ բարեկամություն անես։ Գնա մտիր աղջկադ ծոցը ու բախտավոր ապրի, ինչ գործ ունես մեզ պես աստծու ու մարդու աչքից ընկածների հետ։

— Դուշմանս չլինի էնպես բախտավոր, ինչպես որ իմ աղջիկն է։ Հըմ, ցավերս չես իմանում։ Աղջիկս օրեցօր մոմի պես հալվում է, վախս նա է, որ շուտով ձեռքիցս դուրս գա։

— Մի վախիր, չի մեռնիլ աղջիկդ, հալա շատ ու շատ կապրի, տիզ կլինի ու պատին կկպչի, — պատասխանեց Մարիամ բաջին դառն հեգնությամբ։ — Կարելի է նշանածի ֆիքրն է անում. գրել տուր, որ գա, աղջկադ քեֆը կբացվի, — ավարտեց նա արհամարհական եղանակով։

— Հերիք է, Մարիամ բաջի, էդ խոսքերովդ էրված սրտիս աղ ես շաղ տալիս։ Խնայիր ինձ, ես իմանում եմ, որ դու կսկծալուց ես էդպես խոսում, բայց մեր օվհալն էլ իմացիր։

Գյուլնազն այս խոսքերն արտասանեց այնպիսի դառն և խղճալի ձայնով և այնպիսի վշտալի հառաչանք արձակեց, որ Մարիամ բաջու խիղճը մի վայրկյան արթնացավ։

Մարիամ բաջին ճրագը վառեց և մեջտեղ դրավ։ Մոմի աղոտ լույսը լուսավորեց Գյուլնազի ոսկրացած երեսը, սփրթնած այտերը, ցրտից կապտած շրթունքները և նիհարությունից ավելի ներս թաղված աչքերը։ Մարիամ բաջին մի քանի վայրկյան նայեց նրա երեսին, լուռ ու մունջ վերցրեց բրնձի սկուտեղը և գնաց խոհանոց։ Շատ չքաշեց, նա կրկին վերադարձավ, նստեց յուր առաջվա տեղը։

— Երեք օր է Սուսանս ինձ տանջում է յուր աղաչանք ու պաղատանքով, — սկսեց դարձյալ Գյուլնազը, — խնդրում է, որ քեզ մոտ գամ։ Մարիամ բաջի, երեսս չէր պատում, քաշվում էի։ Երեխաս ասում է. «Թող բաշխի ինձ Մարիամ բաջին, որ ես նրան էդքան չարչարանք եմ տվել։ էհ, չեմ իմանում, ինչ երեսով պիտի աստծու առաջ դուրս գամ»։ Տեսնում ե՞ս, Մարիամ բաջի, հիմակվանից էն կյանքի համար է ֆիքր անում երեխաս, այս բախտավոր լինել է՞։ — էրված սրտիս էդ էր պակաս։ Գնա, էդ խոսքերը ասա էն մարդուն, որի սիրտը փիհ է կոխած, իմը շտուց է հալվել, ես ի՛նչ կարող եմ անել աղջկադ համար։

— Մարիամ բաջի, դու շատ բան կարող ես անել երեխիս համար։ Հենց որ նրա աչքն ընկնի աչքիդ, հենց որ դու առաջվա պես նրա երեսին մի ուրախ ծիծաղեցիր, իմացիր, որ վարդի պես կբացվի ու ծտի պես փարվազ կանի։ Երեք օր է, ինքը հենց քեզ վրա է խոսում, քեզ է ցանկանում տեսնել։

— Ասի՞լդ։

— Ասիլս, որ նահլաթ տաս չար սատանին, չարշով գցես ու ինձ հետ միասին․․․

— Նրա ղուլլուղին վազ տամ, հա՞։ Լավ աչքիս վրա, հրես էս սհաթիս, ըմ, ամաչես վարսիցդ, ամաչե՛ս, — ասաց Մարիամ բաջին կես հեգնորեն և կես բարկացած։

— Դու լինես Սեյրանիդ արևը, երեխիս մի՛ սպանիր։

— Ինչ ես դատարկ-դատարկ դուրս տալիս, ես հո երեխիդ ազրահիլը չեմ, վա՛յ, կրակ-ալովի մեջ ընկա էլի, տեե՜ր աստված։

— Դու ու քո աստվածը, Մարիամ բաջի, հենց մի սհաթով գնանք։

— Ձեռ քաշիր, դու — էս ժամաժամքը։

— Օրհնյալ լինի քո ողորմությունը, աստված, — բացականչեց Գյուլնազը, մի աղերսող հայացք ձգելով Մարիամ բաջու երեսին։

Այդ ժամանակ դռները կրկին բացվեցին, և ներս մտավ Հայրապետը ձյունի մեջ կորած։

— Բարի երեկո, օղորմի աստված, — ասաց նա, Գյուլնազին չնկատելով և փափախը գլխից հանելով, որ ձյունը թափ տա։

Գյուլնազը շալը քաշեց բերանին, վեր կացավ և հարգանքով գլուխ տվավ Հայրապետին։

— Օղորմի ծնողացդ, — պատասխանեց Մարիամ բաջին և նույնպես ոտքի կանգնեց։

Հայրապետն, աչքերը կուչ բերելով, նայեց Գյուլնազին։

— Բարով, ա կնիկ, լույսը քեզ տեսնողին, — ասաց նա մի այնպիսի բարեկամական եղանակով, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց միջով։ Գյուլնազը գլուխը շարժեց ի նշան շնորհակալության։

— Նստիր, նստիր, տեսնենք։ էհ, փառք քեզ աստված։ Քեչան գյունա-գյուն չաթմազ, ջալասոն գյուն գյունա։ (Անցած օրին օր չի հասնի, եթե օրերը իրարու կապես)։

— Հըմ, էդ ո՞ր աստծուց է, որ մեզ միտդ ես գցել, Գյուլնազ խանում, — շարունակեց նա, նստելով քրսինի կողքին և Գյուլնազին նույնպես հրավիրելով, որ նստի։

— Հըմ, ասա տեսնենք, ի՞նչպես է եղել, որ մեզ միտդ ես գցել, — կրկնեց Հայրապետը։

— Մենք ձեզ իսկի մտքներիցս չենք հանել, որ մեկ էլ նորից միտք գցենք, — համարձակվեց շշնջալ Գյուլնազը։

Հետո նա շալը քաշեց երեսին, մի ծնկան վրա նստեց քրսինի մյուս անկյունում։

— Բաս էդպես, — ասաց Հայրապետը և արխալուղի գրպանից հանեց թամբաքուի քիսան, գոտիից դուրս քաշելով չիբուխը, որ լեցնի։

— Օրհնյալ լինի աստված։ Գյուլնազ ջան, անցավ գնաց մեր առաջվա բարեկամությունը, այ հայ, հայ։ Հիմա էլ որ միտս է ընկնում, ծուխը քթիցս է դուրս գալիս։

— Արխային կաց, եկել է, որ բարեկամություն հաստատի նորից։ Չէ, էլ անցածն անցավ, կոտրված շուշան սաղացնել չի լինի, — մեջ մտավ Մարիամ բաջին։

— Դրո՞ւստ ես ասում, Մարիամ, բայց էլի մարդու սրտին հովություն է ժամանակ-ժամանակ հին բարեկամներին տեսնելը։ Ինչ անեմ, թուրքի խոսքը օրինավոր է, ասում է. «աթանն բիր օղլի, օդա քյոռ օղլի»․․․ (հորը միակ տղան, այն էլ փուչ)։ Սեյրանն իրան էլ փչացրեց, ձեր անունն էլ սաղ քաղաքով չով արավ զուր տեղը, մեզ էլ, հո տեսնում ես, Գյուլնազ, ինչ օրի գցեց։

— Օղուլը իսկի մեղավոր չէ, աստված սաբաբի գլխին քար գցի։

— Քո բանը չէ, Մարիամ, դու լեզուդ կծած պահիր։ Հերիք է, հերիք է, ինչքան ինձ փչացրիր, այ կնիկ։

— Մարիամ բաջին դրուստ է ասում, — մեջ մտավ Գյուլնազը, — մեղավորը Սեյրանը չէ, մենք ենք։ էհ, դե անցած բան է, մոռացեք, բաշխեցեք։ — Ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ մենք։ Աստված էդպես էր ուզում ու էդպես էլ արավ, հիմա բանը բանից անցել է, բախտավոր լինեք։ Թող Սուսանդ գարնան ծառի պես ծաղկի, կանաչի։

— Շնորհակալ եմ, բարով Սեյրանիդ էլ պսակենք։ էգուց թող Մարիամ բաջուն հետս տանեմ աղջկաս մոտ։

— Աչքիս վրա, ուզում ես — ես էլ կգամ, — համաձայնվեց Հայրապետը։

— Ըհ, առսըզի տղա առսըզ, — բացականչեց Մարիամ բաջին, աչքերը չռելով և մի սպառնական հայացք ձգելով յուր ամուսնու վրա։

— Արյունս մի պղտորիլ, քեզ ասում եմ, այ կնիկ, թե չէ, նահլաթ չար սատանին հա։ — Գյուլնազ ջան, ինձանից բարևիր Բարխուդարին ու ասա, որ ես էլի նրան բարեկամս եմ համարում։

— Սմբատիս արևը վկա, որ հենց ինքն էլ ձեր ֆիքրն է քաշում։ Վերջին ժամանակները խեղճ մարդը ձեր հոգսից ոտքի վրա չորացել է։

— Իմանում եմ, իմանում եմ, ինչպես չէ, օօ՛օ, Բարխուդարին ես լավ եմ ճանաչում, նրա սիրտը շատ բարի է։

Տեսնում ե՞ս, Մարիամ կնիկ, ես քեզ ասում էի, որ նա կակուղ մարդ է, հենց դու հակառակվում էիր, թե չէ, չէ, չէ։

Հայրապետն ոգևորվեց։

— Գյուլնազ ջան, ասա Բարխուդարին, որ հենց էգուց մեր տուն շնորհ բերի։ Թող գա, որ մեր հին մեղքերը քավենք։

— Յարաբ, աստված, էս մարգի խելքը ինչո՞ւ քամուն տվիր, կրկին մեջ մտավ Մարիամ բաջին, երեսը դեպի առաստաղը դարձնելով․

— Յաղի է գլխիս էլի, յաղի․ մին էս լեզուդ ներս քաշես, այ իժ օձի զավակ․ մեղա քեզ, սատանան ասում է, ոտներիդ տակը գցիր ու շանսատակ արա էլի։

— Թեկուզ մորթես, էլի սուս չեմ անելու։

— Լեզուդ տակռիկից կհանեմ։

— Հանի՛ր, բայց քանի որ բերանումս է, խոսելու եմ։ Բաս ես սուս անեմ, էլ ով պիտի խոսի, այ մարդ, հը՞մ։ Տունս քանդեցին, բալիս չոլերը գցեցին, ավարա արին վաթանից, մեզ էլ էս օրին հասցրին։ Հիմա չարշով է գցել ու եկել գլխներիս, կեղծավորություն է անում, բաս ես սուս անե՞մ։ Չէ, ես էդպես բարեկամներին չեմ ուզում։ Գնա՛, գնա ինքդ էլի առաջվա պես Բարխուդարի ոտները ջուր արա ու խմիր։ Գնա, էլի մի բաժակ արաղով խաբվիր։ Ինչ ուզում ես արա, ես երես չեմ դարձնիլ նրանց, թե որ վզիցս էլ քաշեն։

Մարիամ բաջու դառն ու կծու խոսքերն այս անգամ Հայրապետին բոլորովին համբերությունից հանեցին։ Նա փափախը գլխից վերցրեց, մի կողմ դրավ, վեր կացավ կանգնեց, սփրթնեց, կապտեց, ատամները կրճտեց և, բռունցքները սեղմելով, ուզում էր հարձակվել կնոջ վրա, բայց այդ վայրկյանին մի դեպք պատահեց։ Քամին կատաղի զորությամբ դրսից զարկելով, բացեց սենյակի դռները։ Կրկին ներս թավվեցին ձյունի բուռն ալիքներ, ճրագը հանգավ և խավարը տիրեց սենյակում։ Մարիաւմ բաջին և Գյոլնազը մի թեթև ճիչ արձակեցին։ Հայրապետը տեղն ու տեղը մնաց անշարժ։ Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին։ Վերջապեւս, Հայրապետը դռները ծածկեց։

— Լղաճաք — լեղապատառ լինես, այ քամի, — ասաց Մարիամ բաջին և մոմը վառեց։

— Տեսնում ես, աստված էլ է բարկանում գլխիդ քո էդ չար լեզվի համար, — գոչեց Հայրապետը։

— Դու քո աստվածը, մի՛ նեղանար, — սկսեց հորդորել Գյուլնազը Հայրապետին։ — Ինչ անենք, որ ասում է, սիրտը կծկծում է, թող սրտի աղուն թափի, հանգստանա։

— Դուրս եկ, կորիր, քեզ հետ էլ բան ու գործ չունիմ, — գոչեց Մարիամ բաջին խեղդված ձայնով և շտապով գնաց խոհանոց։

— Սատանի ծնունդ է էլի, էհ ես քեզ բերողին ինչ ասեմ հա, — գոռաց նրա հետևից Հայրապետը և նստեց յուր տեղը։

Գյուլնազը չարշովը վերցրեց, որ գնա։

— Իսկի չնեղանաս, Գյուլնազ ջան, ես նրա քիթուպռունգը ջարդ ու փշուր կանեմ, շատ է կատաղել։ Ասա Բարխուդարին, որ ես էլի պատրաստ եմ նրա հետ բարեկամություն անելու։

— Շնորհակալ ենք։ Բայց Մարիամ բաջու քեֆին չդիպչես,