Նապաստակի վախը

— Ա՜յ նապաստակ,
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք, —
Հարցրին ճամփին
Նապաստակից:

— Բա լուր չունե՞ք
Դուք աշխարքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն, —
Պատասխանեց
Նապաստակը:
— Հոգիդ սիրես՝
Թող կատակը.
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:

— Հարցնողն ո՞վ է.
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես: