Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը:
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց ասավ ընկերներին.
— Ա՜յ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,
Դե՜ն գցեցեք ձեր պոչերը.
Ինչո՞ւ են պետք այդ փրչերը:
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,
Գետնի ավել,
Վազքի խափան,
Մեզ անվայել
Ավելորդ բան:
Այդտեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան. «Ապրե՜ս, ապրե՜ս,
Ա՜յ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը,
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչո՞ւ չարիր դու այդ կոչը»: