ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ


Արեւի աշնան ծեգծեգումները,
Արդեն նահանջող խոտերում թալուկ
         ու թփերի մեջ
Ծոցված մրգերի բուրմունքը վայրի,
Խենթացնում են։

Ճամփան-աշուն է,
Քարը-աշուն է,
Աղբյուրը՝ աշուն։

Քայլելիս՝ զգույշ, ոտքիդ տակ հանկարծ
Խաշամով ծածկված մրգեր կլինեն,
Չվիրավորես աշունը ծառի։

Արծաթե առուն ոսկեջրվել է։
Ճապկուն փաթաթված մի խաղողենու
Ողկույզներն, ափսո՜ս,
Դեռ չեն հավաքել հավքերը վայրի,
Մե՜ղք է ահավոր։
Եվ հակինթների ավիշն ու լույսը
Խռոված հողը ձգում է նորից՝
Որպես մերժված սեր - ներքաշում իր մեջ։
Այդ խաղողենին ուղիղ մի տարի,
Գուցե՝ եւ երկու,
Էլ բերք չի տալու։
Քիչ հեռվում պահված փոքրիկ թռչունը
Բոլոր հավքերի անունից եկել,
Ներում է հայցում,
Պռնգոտում է երգով, պաղատում։

Ինձ հետ քայլում է մի սիրուն աղջիկ,
Դեռ մարտին զարթնած ուռենու նման
Պըռըկոտել է աղջիկը սիրուց։

Եվ օրը միրգ էր՝ հասած անտառում,
Որը սակայն դեռ ճյուղին էր ծառի։
Շարունակում էր այն հավքը «երգել»։
Իսկ երբ անտառից դուրս էինք գալիս,
Մութը խշշում էր խազալի նման.
Ես այնպե՜ս էի քայլերս փոխում,
Ասես արեւը
Ոչ թե մայր մտել,
Այլեւ ծածկվել էր խաշամների տակ։

Ու հավքը երգով այսպես էր ասում.
- Այսօր ամեն ինչ կներես, աշուն։