Նեսոյի քարաբաղնիսը
Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջվում էր տաքության մեջ։ Հարևանները հիվանդի շուրջը հավաքված օդեն լիքը զրույց էին անում ու չիբուխ քաշում։
― Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, եկեք սրան մի քարաբաղնիս անենք,― ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն։
― Հա, էդ խելքս կտրեց,― հավանություն տվեց մի ուրիշը։
― Դրան էլ ուրիշ ճար չկա,― ձեն տվին էս ու էն կողմից։
― Կիրակո՜ս․․․
― Հը՜՜։
― Ասում ենք՝ քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում։
― Վախում եմ․․․ չդիմանամ․․․
― Տո՛, կդիմանաս, երեխա հո չե՛ս։
― Դե․․․ դուք գիտեք․․․ ձեզ․․․ մատաղ։
― Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք․ մի փեշ էլ քար բերեք կրակն ածեք տաքանան։
Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մեջ ու նստոտեցին։ Նեսո բիձեն սկսեց պատմել, թե քանի հոգի են ազատվել քարաբաղնիսով․ Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն, մինչև որ ջուրն եփ եկավ, քարերն էլ կարմրեցին։
― Դե, ժամանակն ա, վե՛ր կացեք։
― Տղե՛ք, վախում եմ․․․ ― կանչեց հիվանդը։
― Դու սո՛ւս կաց։ Աղջի, մի երկու հաստ լեհեբ բերեք, մի չորս ու հինգ ուժով տղեք էլ եկեք էստեղ։ [ 96 ] Շորերով փաթաթած եռման ջրով պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ․ քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրեն պինդ նստոտեցին։
― Վա՜յ, խեղդվեցի՜,― խուլ գոռում էր հիվանդը։
― Խեղդվիլ չես․․․ տղեք, պինդ նստեցեք։ Գլուխն ու ոտները ամուր պահեցեք։
Հիվանդը աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած չէին թողնում։
― Ո՞ւր ես գնում,― կանչում էին էս ու էն կողմից, վերևից սեղմում ու հռհռում։
― Հիմի թե չքրտնի՜։
Ու Նեսո բիձեն, հիվանդի վրեն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմությունը։
― Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպես մրսել էր։ Ղանթափու ծաղիկ բերին, չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տվին իրան, քացախ քսեցին, բան չի դառավ։
Ասի՝ տղերք, բերեք ես դրան մի քարաբաղնիս անեմ։ Թե՝ դե դու գիտես։ Բերի մի թեժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրի վրեն դրի, քար հավաքեցի ածի շեղջը։ Ջուրն եփ եկավ, քարը կարմրեց։ Սա թե՝ վախում եմ։ Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա։
― Ադա, ընչի՞ ես ասում, Աբգարը հո սրտոտ մարդ ա։
― Վա՜յ, է՛, նրա սրտոտը որն ա։ Մի աշունք ես մի արջի բուն գտա։ Եկա ասի՝ Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք։ Գնացինք։ Ես մի ձող վեր կալա էս արջի բունը խըրխըթորեցի։ Մին էլ հանկարծ էն անտեր արջը դուրս եկավ ու ինձ կալավ։ Աբգար, քոմագ հա քոմագ։ Ո՞վ կտա Աբգար․ մին էլ տեսնեմ հրեն փախած գնում ա։ Արջի ձեռիցը մի կերպով պրծա եկա տուն։ Ասում եմ՝ ադա, դու էս ի՞նչ արիր։ Թե՝ եկա տուն, որ թվանք բերեմ։ Սուտ։ Վախիցը փախավ։ [ 97 ] — Էն էի ասում․ հիմի սա կանգնել ա, թե՝ Նեսո ջան, վախում եմ, ինձ քարաբաղնիս մի՛ անիլ։
Ականջ չի դրինք, բերինք կեծացած քարերն եփման ջուրը լցրինք ու հենց էնպես, բուղը վեր ըլելով, սրա հետ կոխեցինք տեղի տակը.— վա՜յ, մեռա հա, մեռա։ Լսողն ո՞վ ա։ Վրեն նստոտեցինք։ Ես եմ, էս մեր Ղուկասն ա, Փիլոն ա, Գաբոն ա, Արութն ա։ Հիմի սա տակիցը գոռում ա, ո՜նց ա գոռում․․․ Էնքան գոռաց, մինչև դինջացավ։ Բաց արինք, տեսանք ջուր ա կտրել։ Էն էր ու էն, լավացավ, տեղիցը վեր կանգնեց ողջ, առողջ մարդ։
Նեսո բիձու պատմությունը որ վերջացավ, վեր կացան վերմակները ետ քաշեցին։ Գոլորշին օդեն բռնեց։ Բայց Կիրակոսը․․․
— Կի՛րակոս։
Ժաժ չի գալի։
— Կի՛րակոս․․․
Պատասխան չի տալի։
— Կիրակո՜ս,— ձեն տվին, շարժեցին, քաշքշեցին։ Կիրակոս չկա։
— Ա՛յ տղա, էս ո՞նց էլավ,— մոլորված արտասանեց Նեսոն։ Մյուսները լուռ էին։
— Վա՜յ, տունս քանդվե՜ց․․․— ծղրտաց Կիրակոսի կինը։ Իրար հրհրելով տղեքը դուրս եկան կտուրը։ Ու մինչդեռ ներքև Կիրակոսի կինը սուգ էր անում, կտերը արևում նստոտած տղեքը պատմում էին, թե քանի-քանի հոգի են խեղդվել քարաբաղնսից․ Հանըսանց Հարոնը, Մելիքանց Վանեսը, Հախվերդոնց Աղեն, Շիմալանց Շամիրը․․․ ո՞ր մինն ասես։
— Տո՛, դե ճակատի գիր ա, էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել։
Նեսոն լուռ, գլուխը կախ արած լսում էր ու չիբուխ էր քաշում։