Ներքին ձայնին ունկնդիր
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԻՆ ՈՒՆԿՆԴԻՐ
(Ստեփանակերտ ժամանած լենինգրադցի արվեստագետներին)
Ուր էլ եղել է ռուս մարդու ոտքը, այնտեղ ծաղիկ է բացվել, լույսը ծաղկել է, աղբյուրներ են ծնվել։ Ահա թե ինչու ամենուրեք բարի օրհնանքների է արժանացել նա։
Հայ նոր գրականության հիմնադիր, ժողովուրդների բարեկամության մեծ երգիչ Խաչատուր Աբովյանը, որը ծագումով Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի Մելիք-Աբովների տոհմից է, գրել է. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ...»։ Սրանք ոչ միայն սոսկ խոսքեր են, այլեւ ժողովրդական անսահման սիրո ու հավատի արտահայտություն՝ Ռուսաստանի նկատմամբ։
Այսպես էր երեկ։
Այսպես է այսօր։
Այսպես կլինի վաղը։
Եվ միշտ։
Ռուս մարդն ամենուրեք իր հետ տարել է ազատություն ու երգ, խաղաղություն ու սեր։ Ու այդ ամենը լույսի պես ձրի բաժանել է մարդկանց։
Լեռնային Ղարաբաղը, դեռեւս հին-հին ժամանակներից, մեծ բարեկամությամբ է կապված ռուս ժողովրդի հետ։ Եվ բնական է այն սերը, որը մյուս եղբայրական ժողովուրդների հետ միասին, մենք տածում ենք Ռուսաստանի նկատմամբ։
Եվ սա ոչ պրոպագանդա է, ոչ լոզունգ, ոչ էլ քարոզ...
Մենք՝ ղարաբաղցիներս, մեր աղբյուրին, որը շատ պարզ է ու մաքուր, որ երկնքի ալմաստն է ասես լեռների գրկում, որ անչափ գեղեցիկ ու կապույտ խորքեր ունի, տվել ենք ռուսի անունը, ասում ենք՝ Ռուսեն աղբյուր։
Ու երբ ծարաված խոնարհվում ենք այդ ջրի վրա, ասես մեր հոգին լցվում է։
Մենք՝ ղարաբաղցիներս, մեր ամենալավ հողահանդակին, որը բերրի է ու իր մեջ առած մեկ սերմին հազար է տալիս, որ բերք ու բարիքով է ծաղկում, մենք ռուսի անունն ենք տալիս, ասում ենք՝ Իվանեն տափը...
Ու երբ այդ հողից ծաղիկ ենք տանում, թվում է նրա բույրի մեջ ըմբոշխնում ենք աշխարհի ամենաշքեղ իմաստությունները։
Այսպես էր երեկ։
Այսպես է այսօր։
Այսպես կլինի վաղը։
Եվ միշտ։
Բարեկամության համար մեկնված ձեռքը միշտ էլ երկար է լինում։
Եվ ղարաբաղցիներիս ձեռքը հազարավոր սարերի ու տափաստանների վրայով դարեր առաջ երկարվել է դեպի Ռուսաստան. հիշենք Երից մանկաց կաթողիկոս Ներսեսի նամակը Ռուսաստանին, ապա` Գանձասարից Պյոտր առաջինին հղված գիրը, որը մեր ժողովրդի սրտի բաղձանքն էր՝ Ռուսաստանին միանալու, նրա հովանու տակ անցնելու համար։
Իսկ Ռուսաստանի հովանին, դա ազատություն է։ Խաղաղություն է դա։
Իսկ խաղաղությունը երգ է, արվեստ, սեր, գրականություն, կյանք։ Այսօր մենք մեր արվեստակիցներին՝ սիրելի լենինգրադցիներին, բարի գալուստի ջերմագին խոսքեր ենք ասում Արցախում, սրտառունչ, որովհետեւ մեր ժողովրդի բարեկամներ Գորկու, Բրյուսովի եւ մյուսների ոտնահետքերը նոտաներ են ասես, որ դաջվում են մեր հողի վրա եւ ապա վերածվում երգ ու նվագի...
Եսենինյան այս տողերի խորքում յուրաքանչյուրիս սիրտն է։ Մենք եւս մեր երկիրն այդպես ենք սիրում։ Ռուսաստանը դրախտ է բոլոր նրանց համար, ովքեր շնչում են Եսենինի բանաստեղծությամբ։ Ռուսական մեծ արվեստը, բոլոր տեսակների մեջ էլ, համաշխարհային նշանակություն ու հնչեղություն է ձեռք բերել։ Եվ չկա մի հայ արվեստագետ, որ իր հոգեւոր սնունդն առած չլինի ռուսական մեծ մշակույթից։ Մենք հպարտությամբ ենք նշում, որ Պուշկինի հայերեն թարգմանություններից մեկը կատարվել է մեր լեռնային եկրամասի Շուշի քաղաքում...
Հասարակությունն ինքնամաքրման է գնում... օվկիանոսի նման։ Եվ այս ամենում մեծ է գրողի, արվեստագետի դերը։ Չէ՞ որ ճշմարիտ արվեստի մեջ ապրում է ժողովրդի ներքին ձայնը։ Արվեստագետի միջոցով ժողովուրդն իր ներքին ձայնն է ունկնդրում։
Այսպես էր երեկ։
Այսպես է այսօր։
Այսպես կլինի վաղը։
Եվ միշտ։
Տոն է ղարաբաղցիներիս համար։ Մեր ռուս արվեստագետներն իրենց արվեստը, սերը, լույսն ու երգն են բերել Ստեփանակերտ։
Սա խիստ խորհրդանշական է։
Եվ այդ խորհուրդն է, որ կյանք է դառնում, դառնում է ռուս ժողովրդի մասին երգ ու հնչում է մեր շուրթերին.
Իմ բախտի բոլոր ճանապարհներին
Հավատ է եղել,
Ձգտումով հյուսված հորիզոնի կանչ՝
Քո սերն ուղեցույց,
Որ ձյուներում էլ գոհություն տվեց
ծլունակ հունդիս,
Ապրեցրեց ինձ՝
Տեսնելու մի օր ծաղկումը երգիս
Եվ չհատվելը զնգուն ծիծաղիս...
Ուզում եմ խոսքս ավարտել դարձյալ Աբովյանով, փոքր ինչ վերափոխած, սակայն, նրա բառերը՝ օրհնվի էս սհաթը եւ էս սհաթի մեջ ու հավերժորեն օրհնվի ռուսական մեծ ոգին... Դոստոեւսկու, Պուշկինի, Տոլստոյի, Գոգոլի, Չեխովի, Շոլոխովի ու Ռասպուտինի ոգին...
Արվեստի ոգին, սիրո ոգին, երգի ոգին։ Ժողովրդի անմեռնելի ոգին...