Եվ նվագը հալվեց դանդաղ,
Եվ նվագն ինձ խառնեց իրեն.
Ինձ պարի մեջ գտա հանկարծ
Ու խորացա ես պարի մեջ՝
Այնքան, այնքան,
Որ ակամա դուրս մնացի
Այդ նվագից,
Եղանակից...
Պարում էի մեն-միայնակ։
Եվ մի նվագ չկար, ավաղ,
Որ հաշտ խոսեր իմ պարի հետ։
Հլու՝ սրտիս հոգս ու հրին,
Կրակներին,
Կարոտներին - չնժարվող,
Պարում էի... անեղանակ։
...Դամ պահողը վերջում ժպտաց
Ներողամիտ.
- Նվագի տակ ռիթմ ու տակտով
Պարելն, ախր, ի՞նչ մեծ բան է,
Որ սովորել չես կարենում...